Շենգավիթի փոխթաղապետի կարծիքով կհաղթի այն թեկնածուն, ում կողքին կկանգնի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը:
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո թափուր է մնացել Երեւանի Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը, որովհետեւ նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն այլեւս ԱԺ պատգամավոր է: Այժմ շրջանառվում են այդ պաշտոնին հավակնող անձանց անուններ, այդ թվում Ռուբեն Մասումյան (Բենզին Ռուբո), Սարգիս Հովհաննիսյան (Կադիլակ Սերոժ) եւ Սերժիկ Մարգարյան («Բելաջիոյի» Գրիշի եղբայրը): «Առավոտի» հետ զրույցում Շենգավիթի թաղապետի տեղակալ Արբակ Աբրահամյանը հայտնեց, որ ինքն էլ է որոշ բաներ լսել:
«Կոռեկտ չեմ համարում Աստծուց առաջ ընկնել եւ նախքան նախընտրական քարոզարշավը, առավել եւս՝ թեկնածուների գրանցումը, նրանց մասին խոսել: Առավելապես շրջանառվում են թաղապետի տեղակալ Սարգիս Հովհաննիսյանի եւ Սերժիկ Մարգարյանի անունները, ինչ վերաբերում է Ռուբեն Մասումյանին, իմ տեղեկություններով, նա Սերժիկ Մարգարյանի թիմակիցն է»,- ասաց պրն Աբրահամյանը: Մեր հարցին՝ շատ չե՞ն մականունավոր թեկնածուները, թաղապետի տեղակալը պատասխանեց. «Սարգիս Հովհաննիսյանը որոշակի հեղինակություն է վայելում թաղամասում, բայց թաղային հեղինակություն չէ: Մականունն էլ «կնքվել» է այդ անունով ֆիրմայում աշխատած լինելու պատճառով: Սերժիկ Մարգարյանին չեմ ճանաչում, բայց նրա մասին էլ վատ չեն խոսում: Գիտեմ, որ երկուսն էլ ունեւոր են եւ ոչ մի բանի կարոտ չեն: Մեր երկիրն արդեն նախկին բանվորագյուղացիականը չէ, երբ գովերգվում էին աղքատն ու թշվառը: Ինչ վատ կլինի, որ ապագա թաղապետը հարուստ լինի, աչքն էլ՝ կուշտ: Իսկ, ընդհանրապես, կարծում եմ, որ մեծապես կշահի այն թեկնածուն, ում կողքին կկանգնի նախկին թաղապետը»: Հետաքրքրվեցինք, 9 տարի աշխատելով թաղապետարանում, Ա. Աբրահամյանն ինքն ինչո՞ւ չի ուզում առաջադրվել, գուցե վերեւից «դաբրո՞» չունի: «Չեմ ուզում: Ավելի ճիշտ՝ չեմ կարող: Համ էլ, կատակով ասած՝ մականուն չունեմ: Իսկ առանց կատակի՝ փող չունեմ: Քարոզարշավի մեջ մտնելու, քարոզչանյութեր հրատարակելու եւ շոուներ կազմակերպելու համար հսկայական գումար է հարկավոր: Հովանավորներ չեմ ուզում գտնել, որովհետեւ հետո ստիպված պիտի լինեմ նրանց փոխհատուցել»,- հայտնեց նա: Մեր հաջորդ դիտարկմանը, թե համայնքների ղեկավարների ու նրանց կարողությունների մասին այսօր այլ են պատկերացումները, թաղապետի տեղակալն ասաց. «Թող մեկն ու մեկը մատնացույց անի ինձ կամ իմ մերձավորին պատկանող որեւէ կրպակ կամ սեղանիկ: Չեմ կարող ասել, թե չեմ ուզեցել ունենալ: Երկու անգամ դիմել եմ Երեւանի նախկին քաղաքապետին: Առաջին անգամ մերժվել եմ՝ Շիրակի փողոցում, «Շեն» կոնցեռնի հարեւանությամբ վարձակալության կարգով մի փոքր հողատարածք ունենալու խնդրանքով: Հետո որպես մերժման դիմաց փոխհատուցում, նույն քաղաքապետի առաջարկությամբ 12 քմ տարածք հատկացվեց պետական հանրախանութի դիմաց՝ կրպակ տեղադրելու համար, սակայն դա էլ «Տաշիրի» գնորդները թույլ չտվեցին: Հիմա էլ չեմ դիմում նման հարցերով, որովհետեւ գիտեմ, թե ինչպիսի բարդությունների առաջ կարող եմ կանգնել թեկուզեւ մի քանի քառակուսի մետր տարածք հայցելու դեպքում: Այսօր մեր քաղաքում օրեցօր ծաղկող ինքնակամ շինությունների պատճառը քաղաքապետարանի ճարտարապետական վարչության կողմից արհեստականորեն բարդացված պահանջներն են: Փորձեք մի քանի քառակուսի մետր տարածքի խնդրագիր ներկայացնել վարչություն: Էլ գծագրեր, էլ տեղագրական հանույթներ, ինչ փաստաթղթեր ասես, որ չեն պահանջի, հետն էլ՝ ամիսներ տեւող քաշքշուկներ: Իսկ մարդիկ ավելի գործնական են: Ուղղակի դնում եւ շարում են իրենց ուզած ավտոտնակը կամ տաղավարը, գերադասելով տույժ ու տուգանք մուծելը, քան այդ դժոխային ճանապարհն անցնել»:
ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանի մանկության ընկեր, արդեն նախկին ՀԺԿ-ական Արբակ Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ դուրս եկավ կուսակցությունից. «Լինելով ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի՝ Մարտին Սարգսյանի գործընկերը, մշտապես մասնակցել եմ ՀԺԿ-ի կայացման գործընթացին: Հետո, երբ կուսակցությունն իր հեղինակության բարձրակետում էր՝ չդիմեցի ընդունվելու նրա շարքերը, առանց ինձ էլ յոլա կգնար: 2000-ին միայն ընդունվեցի ՀԺԿ շարքերը, մասնակցեցի «Կենտրոն» համայնքի տարածքային կազմակերպության կուսակցական կոնֆերանսին: Նույն ԽՄԿԿ ընտրություններն էին՝ նախապես կազմված ցուցակներով: Ոչինչ չէր փոխվել: Մինչեւ 2006 թվականը ոչ ոք չհիշեց իմ տեղը՝ ոչ կուսակցական հանձնարարություն, ոչ անդամավճար: Անցյալ տարվա հուլիսին գրեցի ՀԺԿ նախագահին, որ, իմ պատկերացմամբ, կուսակցությունը չի գործում եւ խնդրեցի ինձ դուրս համարել կուսակցության կազմից: Չսխալվեցի: Ընտրություններին ժողովուրդն իր գնահատականը տվեց»: Կրկին Ա. Աբրահամյանից հարցրինք Մարտին Սարգսյանի թաղապետական լիազորությունների կասեցումից հետո ստացված ազատման դիմումների մասին (այդ դիմումները, ըստ լուրերի, գրել են թաղապետարանի եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները), նա հավաստիացրեց, որ դրանք վերադարձվելու են տերերին: Ինչ վերաբերում է ընտրությունների առիթով Շենգավիթը «զարդարած» եւ որոշ փողոցներում այժմ էլ պահպանվող կուսակցական, հատկապես ՀՀԿ-ական քարոզչապաստառներին ու նկարներին, ապա Ա. Աբրահամյանի հավաստիացմամբ, քարոզարշավի նախօրեին նախկին թաղապետը կուսակցությունների ու պատգամավորության թեկնածուների ներկայացուցիչների հետ պայմանավորվել էր ընտրություններից մեկ շաբաթ հետո մաքրել դրանք. «Մենք մեր մասով արել ենք, շուրջ 150.000 դրամի աշխատանք ենք կատարել, մինչդեռ ոչ մի կուսակցություն ու թեկնածու իր խոսքի տերը չի եղել»: