Ինչի արդյունքում հետիոտնը փողոցով է երթեւեկում
Օրբելի 10/1 հասցեում՝ անմիջապես մայթի վրա կառուցված պարիսպը խոչընդոտում է հետիոտնի երթեւեկությանը: Հարակից շենքի բնակիչների ներկայացմամբ, պարսպի առկայությունից վտանգի տակ են հատկապես երեխաները, որոնց դպրոցի ճանապարհն այդ հատվածով է. «Այս փողոցով ամեն առավոտ հարյուրավոր երեխաներ են անցուդարձ անում: Մեր երեխաների համար ոչ մի րոպե հանգիստ չենք կարող լինել, քանի որ նրանք շենքի բակ դուրս գալուն պես հայտնվում են փողոցում, իսկ Օրբելի փողոցը օրվա ցանկացած ժամին մեքենաների երթեւեկությամբ ծանրաբեռնված է: Հատկապես առավոտյան ժամերին նույնիսկ մեծահասակները չեն կարողանում մայթն անարգել անցնել»:
Բնակիչների պատմելով, պարիսպը կառուցապատողը թեհրանահայ Հարություն Բաբումյանն է, որը դեռ 2 տարի առաջ է տուն կառուցելու համար այդ հատվածը պարսպապատել, շինարարությունն ավարտելուց հետո իր տան դիմացի պարիսպը քանդել է, իսկ շենքին հարակից հատվածը՝ թողել:
«Առավոտի» հետ զրույցում Հ. Բաբումյանն ասաց. «Ես այդ պարսպի հետ ոչ մի առնչություն չունեմ: Դեռ իմ տան կառուցումից առաջ էլ այդ պարիսպն այստեղ եղել է, այն առաջին հերթին հենց ինձ է խանգարում, իմ տան բակն է աղտոտվում, քանի որ հարակից շենքի բնակիչները պարսպի հետեւում ինչ աղբ ասես թափում են: Մի քանի անգամ փորձել եմ պարզել, թե ում է պատկանում այս կառույցը, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել»:
Այս առնչությամբ Արաբկիր համայնքի թաղապետարանից «Առավոտին» պարզաբանեցին. «Օրբելի 10/1 հասցեի պարիսպը հենապատ է, որտեղ քաղաքապետարանի կողմից ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում, պարիսպը մայթին չի խանգարում, պարզապես այդ փողոցում մայթը շատ նեղ է»:
Օրբելի փողոցի մեկ այլ հատվածում՝ վերոնշյալ պարսպից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, հետիոտնի երթեւեկությունը մայթով՝ դարձյալ անհնար է: Այստեղ էլ մայթը մոտ 15 մետր երկարությամբ փակ է բարձրահարկ շենքի բակում իրականացվող շինարարության աղբով ու կոտրատված ծառերով: Համայնքի թաղապետարանից հայտնեցին, որ կառուցապատողը շինարարական աղբը թափելու այլ տեղ չունի, սակայն այդ աղբը չի կուտակվում, այն պարբերաբար մաքրվում է, իսկ թաղապետարանը վերահսկում է իր ենթակայության տակ գտնվող տարածքներում իրականացվող կառուցապատման աշխատանքները: Ըստ թաղապետարանի պատասխանատուի, բոլոր կառուցապատողներն էլ գիտեն, որ շինարարական աղբը 1 օրից ավելի տարածքում թողնելու դեպքում կտուգանվեն 100.000 դրամով: