«Փափախ» տաքսիների վարորդները վստահեցնում են, որ իրենք ամեն ինչ կանեն՝ լիցենզավորումից խուսափելու համար:
Այսօրվանից տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիները պետք է դիմեն տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ ստանալու արտոնագիր եւ դեղին պետհամարանիշ՝ վճարովի հիմունքներով ուղեւոր փոխադրելու իրավունքը ստանալու համար: Այս տարվա օգոստոսի 2-ից սկսած՝ այն տաքսիները, որոնք չեն ունենա համապատասխան արտոնագիր, կպատժվեն 20 հազար դրամով, իսկ եթե պատժից հետո էլ տաքսին արտոնագիր չհանի՝ կպատժվի արդեն կրկնակի: Այդպես է սահմանում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը, որը թեեւ ընդունվել է այս տարվա հունվարի 1-ից, բայց լիցենզավորման գործընթացը կսկսվի այսօրվանից: Այս ամենն արվելու է, որպեսզի «փափախ» եւ նորմալ հարկային դաշտում գործող տաքսիներն իրարից տարբերվեն:
Արտոնագիր ստանալու համար տաքսի ծառայությունը յուրաքանչյուր մեքենայի համար պետք է վճարի 200 հազար դրամ: Ինչպես երեկ տեղեկացանք Հարկային պետական ծառայությունից, ներկայումս Հայաստանում գործում է 1448 տաքսի ծառայություն: Հաշվի առնելով, որ ամեն մի տաքսի ծառայություն միջին հաշվով 10 մեքենա է շահագործում, եթե ծառայությունների 50 տոկոսը արտոնագիր ստանա՝ պետբյուջե կմուտքագրվի 144,5 մլն դրամից ավելի գումար՝ դեռ անհատ տաքսիներն էլ չհաշված: Նկատենք, որ տաքսի ծառայությունների եկամտաբեր բիզնեսը թույլ կտա արտոնագիր ստանալու, մանավանդ որ այն տրվում է անժամկետ: Բայց հարցը լուրջ է անհատական տաքսիների դեպքում, որովհետեւ օրվա հացի խնդիր հոգացող մեկ վարորդի համար 200 հազար դրամը բավականին մեծ գումար է, ուստի այդ վարորդները ամեն միջոցի կդիմեն՝ լիցենզավորման պահանջից խուսափելու եւ ստվերում մնալու համար: Լիցենզավորված տաքսիները, ըստ օրենքի, բացի համապատասխան դեղին համարից, թափքի կողային մասում պետք է ունենան շախմատաձեւ տարբերանշմամբ գծանշում, հաշվիչներ, ազատ լինելու կամ պատվիրատու ունենալու մասին լուսարձակ ցուցիչներ եւ այլն: Սակայն շատ անհատ «տաքսիստներ» իրենց մշտական հաճախորդ-ուղեւորներին կարող են սպասարկել նաեւ առանց այդ տարբերակիչ նշանները տեղադրելու. ներկայումս էլ շատ ընդունված պրակտիկա է՝ մշտական ուղեւորները «փափախ» տաքսու վարորդի կոորդինատներն ունեն եւ հարկ եղած դեպքում ուղեւորները զանգով կարողանում են օգտվել այդ ծառայությունից: Նման տաքսիների վարորդներին պետք չէ ո՛չ նախարարության տված լիցենզիան, ո՛չ էլ դեղին համարը, դրանք փողոցում անճանաչելի կլինեն, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ տվյալ տաքսու վարորդն իր մերձավորի՞ն է փոխադրում, թե՞ վճարովի հիմունքներով ծառայություն է մատուցում:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեցին «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ կայանած «փափախ» տաքսիների վարորդները՝ «Մենք օրական 2-3 հազար դրամ ենք աշխատում, որտեղի՞ց պիտի լիցենզիա ստանալու համար 200.000 դրամ տանք: Մենք այդ պայմաններով չենք կարող աշխատել»: Վարորդներից մեկի խոսքով՝ «Արդեն 23 տարի է, որ վարորդ եմ, այլ բան չեմ կարող անել, ոչ մի մասնագիտություն չունեմ, վատ առողջությանս պատճառով էլ բանվորություն չեմ կարող անել: Եթե պահանջեն, որ անպայման լիցենզիա հանեմ՝ ավելի լավ է տաքսիս թողնեմ ու գողություն անեմ, որովհետեւ այլ ելք չկա փող աշխատելու»: Ինչո՞ւ չեք գնում տաքսի ծառայությունում աշխատեք՝ մեր հարցին նա պատասխանեց. «Ինչի՞ պիտի գնամ հարուստների համար նոքարություն անեմ, որ օրը 1000 դրամ տա՞ն: Ես դրանով կարո՞ղ եմ տուն պահել»: Մեկ այլ վարորդի խոսքերով էլ՝ «Ես աշխատելու եմ մինչեւ սեպտեմբեր, դրանից հետո գնալու եմ Ռուսաստան՝ աշխատելու, էդ մի ամսվա համար պիտի տանեմ 200 հազար դրամ տա՞մ: Մեր մեքենաները հին են, մի հատ քշում ենք՝ մի մաս փչանում ա, առած փողներս էլ սարքելու ու մաս առնելու ենք տալիս: Բացի այդ, օրը 1000 դրամ էլ տարածքի հսկողներին նալոգ ենք տալիս»:
Հայաստանում գործող տաքսիների զգալի մասը 1986-90թթ. արտադրության է: Ինչպես «Առավոտին» պարզաբանեց տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Ռուբեն Նավոյանը, 10 տարուց ավելի վաղեմություն ունեցող տաքսիներին թույլ չեն տալու գործունեություն ծավալել, իսկ դա նշանակում է, որ մեր երկրում տաքսիների թիվը կտրուկ կնվազի: Ո՞վ է վերահսկելու եւ բռնելու լիցենզիա չունեցող տաքսիներին՝ մեր հարցին պարոն Նավոյանը պատասխանեց, որ դրանով կզբաղվի ոչ թե պետավտոտեսչությունը, այլ իրենց նախարարության տրանսպորտային տեսչությունը:
Ռ. Նավոյանը նաեւ տեղեկացրեց, որ տաքսիներին լիցենզավորելու համար ստեղծվելու է նախարարության հատուկ հանձնաժողով: Մարզերում գործող տաքսիները կարող են չհասնել մայրաքաղաք՝ արտոնագիր ստանալու, որովհետեւ ստեղծված հանձնաժողովի անդամները շրջելու են բոլոր մարզերում եւ տեղում հավաքելու են հայտերը: