Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Հունիս 27,2007 00:00

Երեկ առավոտյան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հանդիպեց լրագրողներին:

Եվ պատասխանելով հայ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես կարող են Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ազդել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա՝ մասնավորապես ասաց, թե մայիսի 12-ի ընտրությունները, ճիշտ է, քննադատվեցին, բայց այնուամենայնիվ՝ բարելավում էին մեր երկրում տեղի ունեցած նախորդ ընտրությունների համեմատ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համար օգտակար պիտի լինի այն, որ ընտրություններն արդեն հետեւում են եւ ոչ՝ առջեւում, քանի որ իշխանությունների համար դժվար է որոշում կայացնելը մինչեւ ընտրությունները»: Նաեւ նշեց, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դրական ներդրում պիտի լինեն ԼՂ խնդրի լուծման գործընթացում:

ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե հուլիսին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններն ինչ ազդեցություն կարող են ունենալ բանակցային գործընթացի վրա. «Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ իբրեւ առանձին պետություն, եւ այսպես կոչված՝ ընտրությունները չեն ունենա որեւէ ազդեցություն»:

Այս ասուլիսի ընթացքում Թերի Դեւիսը, պատասխանելով մի հարցի, ասաց, թե Եվրոպայի խորհուրդը կճանաչի Կոսովոյի անկախությունը, եթե այն ճանաչի ՄԱԿ-ը եւ մասնավորապես՝ այդ կառույցի Անվտանգության խորհուրդը: Հարցին, թե արդյոք նույն ձեւակերպումը վերաբերո՞ւմ է նաեւ Լեռնային Ղարաբաղին՝ պատասխանեց. «Ես կզարմանայի, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չփորձեր օգտագործել Կոսովոյին վերաբերող որոշումները, Կոսովոյի իրավիճակը՝ իբրեւ նախադեպ: Սակայն կարծում եմ՝ նրանք պիտի հիասթափվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել