Երեկ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն ամենից ակտիվն էր: Խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նախ դժգոհեց, որ նիստի մասին իրենց հեռախոսով են տեղեկացրել, իսկ ծրագիրը իրենց է հասել նախորդ օրվա կեսից հետո, այնուհետեւ անդրադարձավ հետեւյալին.
«Պարոն վարչապետ, թե՛ առաջարկված փաստաթղթի եւ թե՛ ձեր խոսքի մեջ ընդունվեցին որպես հիմնադրույթներ օրենքի բացարձակ եւ անվերապահ իշխանությունը, ժողովրդավարական արժեքների վրա քաղաքացիական հասարակության ստեղծումը, հավասար մրցակցությունը բոլորի համար, պայքարը կոռուպցիայի դեմ: Նաեւ բոլորս գիտենք, մեր գիտակցության մեջ, թե հոգու խորքում, որ հայաստանյան իրականությունը նաեւ այլ դրսեւորումներ ունի՝ քաղաքական երանգով կամ ժամանակի ընտրությամբ բանտարկվածներ, անհայտ կորածներ, չպարզաբանված, չբացահայտված սպանություններ, առանց դատական սանկցիաների գաղտնալսումներ, հետապնդումներ, փակված գրասենյակներ եւ քաղաքացիների ու կուսակցությունների գողացված տեղեկություններ: Էլ չխոսելով սեփականության բռնի օտարման եւ անհավասար մրցակցային դաշտի մասին: Իմ հարցը, հարգելի վարչապետ, հետեւյալն է՝ դուք ընդունո՞ւմ եք առաջարկված ծրագրի եւ իրականության անհամապատասխանությունը, եւ եթե այո, կառավարությունն ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում ծրագիրը կյանքի կոչելու համար եւ ինչպե՞ս են դրանք տարբերվելու նախորդ կառավարության մեխանիզմներից»: Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Հարգելի պարոն Հովհաննիսյան, ես կարծում եմ, որ հայ ժողովրդի նկատմամբ իրոք անլուրջ վերաբերմունք կարող են ցուցաբերել այն մարդիկ, ում, ինչպես ժողովուրդն է ասում՝ լեզվում ոսկոր չկա: Ես կարծում եմ, դուք պարտավոր եք ներողություն խնդրել այդպիսի մեղադրանքի համար, որովհետեւ իմ ողջ կյանքում ես շատ հարգալից եմ վերաբերվել եւ ժողովրդին, եւ մեր հասարակությանը, եւ որեւէ մեկին թույլ չեմ տա ուղղակի օդ տատանել: Ես կարծում եմ՝ լավ կլինի, որ, առաջին նիստն է, մենք իրար նկատմամբ հարգալից լինենք»: