Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՍԵՐ՝ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ

Հունիս 27,2007 00:00

\"\"Երեկ Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության գործունեության հինգ տարվա ծրագիրը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը հիշեցրեց Ներսես Շնորհալու այս խոսքերը եւ ասաց, որ սա է ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություն կառուցելու հոգեւոր հենքը:

Սերժ Սարգսյանի կառավարության ծրագիրը երեկ խորհրդարանը ընդունեց 94 կողմ, 7 դեմ («Ժառանգություն») եւ 9 ձեռնպահ (8-ը՝ ՕԵԿ, 1-ը՝ Վիկտոր Դալլաքյան) ձայներով: Ծրագրի ընդունումից հետո իշխանամետ պատգամավորները ծափահարեցին: Ըստ փոփոխված սահմանադրության, պատգամավորներն արդեն հնարավորություն ունեին հարցեր տալ, ելույթներ ունենալ եւ մտքեր փոխանակել կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ: Թե՛ խորհրդարանական մեծամասնությունը եւ թե՛ ընդդիմադիրները երեկ օգտվեցին այս հնարավորությունից:

Կառավարության ծրագրի հիմնական գերակայությունները հինգն են՝ ազգային անվտանգություն եւ կայուն զարգացում, կառավարման արդյունավետ համակարգ, կրթություն եւ գիտություն, տարածքների համաչափ զարգացում եւ սոցիալական ոլորտ: Խոսելով տարածքների համաչափ զարգացման մասին՝ ծրագիրը ներկայացնող վարչապետ Սերժ Սարգսյանը առաջարկեց սկսել Շիրակի մարզից, Գյումրիից՝ այնտեղ տեղափոխելով ենթակառուցվածքների մի մասը: Վարչապետը նաեւ հայտնեց, որ ծրագրով նախատեսված է կենսաթոշակների ամենամյա աճ, 2008 թվականի հունվարի 1-ից դրանք կբարձրանան 60 տոկոսով: Նոր կառավարության ծրագիրը նաեւ նախատեսում է համախառն ներքին արդյունքի ամենամյա աճ. 8-10 տոկոսի չափով: Իր ելույթի քաղաքական հատվածում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մեր երկիրն անցնում է պետականության կայացման բարդ ուղին: Փաստորեն, հաղթահարելով տնտեսական ճգնաժամը, բարդ սոցիալական կոնֆլիկտները, կուսակցական եւ գաղափարախոսական հակասությունները՝ մենք կառուցում ենք նոր կյանք»: Վարչապետը գրեթե կրկնեց ժամանակին Վազգեն Սարգսյանի արտահայտած միտքը, թե ամեն ինչ պետք է սկսել սեփական անձից. «Կոռուպցիայի, ստվերային տնտեսության հաղթահարումը ենթադրում է նաեւ հոգեբանական բարդույթի հաղթահարում: Հարկերից խուսափելը եւ կաշառակերությունը պետք է դիտվեն անպատվաբեր եւ հասարակության կողմից դատապարտելի երեւույթներ: Մեր շարքերում չպետք է հանդուրժենք ներողամիտ մոտեցում եւ պետք է սկսենք մեզանից: Մենք չպետք է մեզ ընկեր, բարեկամ, կուսակից համարենք այն մարդկանց, ովքեր խուսափելու են հարկերի վճարումից եւ հանդուրժելու են այս արատավոր երեւույթը»: Ավելի ուշ հիշեցրեց նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամենից արդյունավետ միջոցը կառավարման համակարգի բարելավումն է:

Իր ելույթում անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հիշեցրել էր, որ «չնայած, Սահմանադրության ուժով, վերջին հաշվով դոմինանտ է խորհրդարանական մեծամասնության ծրագիրը, այնուամենայնիվ, խորհրդարանի մեծամասնությունը կարող է անսպասելի տրանսֆորմացիայի ենթարկվել, որն էլ կբերի անսպասելի արդյունքի»: Նրա խոսքով, կարող է ստացվել, որ երկրի նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը լինեն նույն ուժի ներկայացուցիչներ, եւ հիշեցրեց. «Միաբեւեռ իշխանության ճարտարապետները պետք է հիշեն, թե ինչպես ավարտվեց միաբեւեռ իշխանության կոնստրուկցիա ունեցող ՀՀՇ-ի իշխանությունը, երբ հայտնի պատճառներով, հենց այդ վարչախմբի ներկայացուցիչների ջանքով «Հանրապետություն» միավորումը տրանսֆորմացվեց»: Ի պատասխան դրան, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը վստահեցրեց, որ ոչ հանրապետականները, ոչ էլ մեծամասնությունը նման տրանսֆորմացիաների չեն ենթարկվի: Ավելի ուշ Սերժ Սարգսյանը եւս անդրադարձավ ասվածին եւ նկատեց, որ եթե 2008-ին նախագահ դառնա ՀՀԿ-ի ներկայացուցիչը, ապա դրանից «երկիրը շահելու է, եթե ժողովուրդը այդպես է ուզում, այդպես կլինի»: Բերեց նաեւ Ֆրանսիայի օրինակը, որտեղ նախագահի վերջին ընտրությունից հետո ստեղծվել է հենց այդպիսի վիճակ: «Ֆրանսիան դրանից շահել է եւ ոչինչ չի կորցրել: Մենք էլ այդպիսի մոդելի ժամանակ միայն շահող ենք լինելու»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ասաց նաեւ, թե ինչու կառավարությունը ծրագիրը ներկայացրել է 5 տարվա համար. «Կառավարությունը փողոցից չի եկել՝ մտել կառավարության շենք, որ 8 ամիս անց նախագահական ընտրություններից հետո հրաժարական տա եւ ամեն ինչ փոխվի: Կառավարությունը ձեւավորել է քաղաքական ուժ, քաղաքական ուժը ընտրություններում ստացել է մեծամասնություն, ժողովրդի վստահության քվեն, եւ ստացել է 5 տարով»: Բոլորին առաջարկեց համատեղ աշխատել. «Սիրով, իրար քննադատելով հանգիստ կապրենք, եւ ամեն ինչ լավ կլինի»:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում ցանկություն հայտնեց, որ խորհրդարանը չնմանվեր 70-ականների ԽՍՀՄ Գերագույն սովետին. «Այն ծրագիրը, որ ներկայացված է մեզ, եթե բովանդակային վերլուծության ենթարկենք, պետք է ասենք, որ նրանում արտացոլված են երկրի զարգացման հիմնական ուղղությունները եւ կան շատ լավ արտահայտված գեղեցիկ ցանկություններ»: Սակայն ՕԵԿ-ի համար առաջնայինը դրանց իրականացման մեխանիզմներն են եւ բարեփոխումներ կատարելու քաղաքական կամքը. «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր ստեղծված է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ, որը իրենից պոռթկում է ենթադրում, պոռթկում լավ իմաստով, դեպի առաջ, դեպի զարգացում, դեպի ժողովրդավարություն»: Արթուր Բաղդասարյանը ծրագրի «գրավիչ կետ» համարեց այն, որ այստեղ շատ է խոսվում ժողովրդավարության մասին. «Մենք կուզենայինք, որ այս ծրագրի իրականացման ճանապարհին ցուցաբերվեր քաղաքական կամք, լիներ իշխանության եւ հասարակության երկխոսություն, եւ այն կայանար ոչ թե բիրտ ուժի, այլ համագործակցության դիրքերից»: Ողջունելով վարչապետի միտքը, թե պետք է սկսեն իրենք իրենցից, Արթուր Բաղդասարյանը նաեւ նկատեց, որ շատ լավ կլինի, եթե ծրագրում արտահայտված այդ դրույթը իրականություն դառնա: Ի դեպ, ՕԵԿ-ը ողջունեց վարչապետի մեկ այլ խոստում եւս՝ շարունակել ավանդների վերադարձման գործընթացը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը արձանագրեց, որ կառավարության ներկայացրած ծրագիրը «տեղ-տեղ շատ ուժեղ, իր ծրագրային թռիչքներով, փայլատակումներով, իսկ տեղ-տեղ՝ հռչակագրային, դեկլարատիվ է: Եվ մենք ուզեցինք լսել կառավարության տեսակետը, թե ինքը ընդունո՞ւմ է, որ կա մեծ տարանջատում այս ցանկությունների շարանի եւ մեր ապրած կյանքի միջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել