Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համար էլ է խնդիր այն, թե ինչպես ավելացնեն նիստերին պատվիրակների մասնակցությունը:
ԵԽԽՎ նիստում երեկ քննարկումների կեսը «կանացի» դեմքով էր, որոնց ընթացքում հիմնական զեկուցողներից մեկն էլ այս կառույցում Հայաստանի պատվիրակ Հերմինե Նաղդալյանն էր:
Բայց նախ ելույթ ունեցավ նրա թուրք գործընկերուհին՝ ԵԽ տղամարդկանց եւ կանանց հավասար հնարավորությունների կոմիտեի ներկայացուցիչ Գյուլսուն Բիլջեհանը, որի զեկույցի թեման էր՝ «Կնոջ կերպարը գովազդներում»: Սույն զեկույցի եզրակացությունն էր, թե կանանց այն կերպարը, որ ներկայացվում է գովազդներում, լիովին տարբեր է իրականությունից եւ առաջացնում է կարծրատիպեր հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց դերակատարության վերաբերյալ: Ըստ զեկուցողի՝ կանայք հիմնականում գռեհկացվում են գովազդներում եւ ներկայացվում իբրեւ «սեքսուալ օբյեկտներ՝ որպես կանոն, այնպիսի միջոցներով, որոնք որեւէ կապ չունեն գովազդվող ապրանքի հետ»: Միջանկյալ նշենք, որ մենք ԵԽԽՎ պաշտոնական նյութերում հայտնաբերել ենք մի շարք համանման փաստաթղթեր, որոնք կներկայացնենք շաբաթ օրվա համարում: Իսկ մինչ այդ շարունակենք մեջբերել գովազդային դառը իրականությունը ձաղկող այս զեկույցից. «Գովազդատուներն են այս ամենի լիակատար պատասխանատուն, քանի որ նրանք վճռորոշ ազդեցություն ունեն հասարակության եւ հատկապես՝ երիտասարդության վրա»: Զեկույցի առաջարկն է, թե Վեհաժողովը պիտի հորդորի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, որ փոփոխեն իրենց օրենսդրությունն այնպես, որ հանցագործություն համարվի գովազդներում խտրականությունը, եւ կանանց կազմակերպություններին էլ հնարավորություն տրվի այս կապակցությամբ դիմել դատարան՝ պաշտպանելով իրենց կոլեկտիվ շահը: Եվ վերջապես, ըստ առաջարկված բանաձեւի՝ պիտի ապահովվեն անվճար հեռախոսահամարներ, որոնք հանրությունը կարող է օգտագործել՝ բողոքելու համար այնժամ, երբ գովազդներում կհանդիպեն կանանց արժանապատվությունը նսեմացնող պատկերների:
Հաջորդն արդեն Հերմինե Նաղդալյանն էր, որը ներկայացնում է նույն կոմիտեն: Նա ելույթ ունեցավ անգլերեն, թեեւ եզրափակիչ խոսքն, այնուամենայնիվ, ասաց ռուսերեն: Հերմինե Նաղդալյանի զեկույցը կոչվում է՝ «Աղքատության ֆեմինիզացիան»: Մանրամասնած էր, թե կանայք ավելի են հակված աղքատության. այն այս դեպքում ավելի ցայտուն է դրսեւորվում: Բանաձեւում անգամ մանրամասնած է, թե աղքատության վտանգի առջեւ են հայտնվում երիտասարդ հղի կանայք, կամ երբ նրանք ամուսնալուծվում են, կամ երբ արդեն կենսաթոշակային տարիքի են: «Վեհաժողովը համարում է, թե կանանց աղքատության կանխարգելումը եւ վերացումը սոցիալական համերաշխության հիմնարար սկզբունքի կարեւոր մասն է»,- նշված է բանաձեւում եւ ընդգծված է անհրաժեշտությունը, որ անդամ երկրները միջոցներ ձեռնարկեն պայքարելու աղքատության դեմ՝ մասնավորապես 60-ն անց մարդկանց համար տարիքային կենսաթոշակներ սահմանելով եւ իրականացնելով առողջապահական հատուկ ծրագրեր, անդրադառնալով աշխատանքային շուկայում գենդերային անհավասարության պատճառներին եւ կիրառելով «համարժեք աշխատանքի համար հավասարաչափ աշխատավարձ» սկզբունքը ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց համար:
Հերմինե Նաղդալյանի զեկույցն արժանացավ ամենաբարձր գնահատականների, եղան բազմաթիվ ելույթներ, եւ խոսեց նաեւ Լեո Պլատվոետը: Սակայն ելույթ ունեցողներից մեկը նկատեց, թե դահլիճում հազիվ 100 մարդ կա, եւ այդպես է լինում միշտ, երբ քննարկվում են կանանց առնչվող հիմնախնդիրներ:
Ի դեպ, հունիսի 6-ից ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է մի փաստաթուղթ, որը կոչվում է՝ «Վեհաժողովի լիագումար եւ հանձնաժողովների նիստերին պատվիրակների մասնակցության բարելավման վերաբերյալ»: Զեկույցի հեղինակը Անդրեաս Գրոսսն է, որն ուսումնասիրել է ԵԽԽՎ աշխատանքին մասնակցության վերաբերյալ տվյալները եւ առաջարկել բարեփոխումներ, որոնք կարելի է կիրառել նաեւ այլ խորհրդարանական վեհաժողովներում, որոնց մեծամասնությունն ունի նույն խնդիրը: Մասնավորապես առաջարկվում է լիագումար նիստերը եւ հանձնաժողովների նիստերը դարձնել ավելի գրավիչ ու կենդանի՝ պարզեցնելով դրանց կազմակերպումը: Եվ հետաքրքրական է, որ զեկույցում նշված է, թե ամենաբարձր մասնակցությամբ նիստերից մեկը ԵԽԽՎ-ում եղել է այնժամ, երբ քննարկվում էր Ադրբեջանի պատվիրակությանը մանդատներից զրկելու հարցը: