Լրահոս
Օրվա լրահոսը

Գալահամերգ՝ առանց «Հույսի»

Հունիս 26,2007 00:00

Հանրապետությունում շարունակվում են երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգները

Երրորդ տարին է, ինչ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դասատուներից կազմված Մայքլ Գանյանի անվան «Հույս» կամերային նվագախմբի հետ, որպես մենակատար հանդես են գալիս տարբեր երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտները: Այս տարին էլ բացառություն չէ: 2001թ. հիմնված կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Սուրեն Միրզոյան) այսօր հանդես կգան ինչպես Տ. Չուխաջյանի, այնպես էլ Ալ. Հեքիմյանի, Ղ. Սարյանի եւ այլ դպրոցների սաները: Հունիսի 27-ին նույն՝ «Ա. Բաբաջանյան» սրահում կկայանա Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաների համերգը՝ «Հույս» նվագախմբի ընկերակցությամբ: Վերջինս տարբեր տարիների թողարկել է CD-ներ, որոնցում ընդգրկված երկերի մեկնաբանությամբ որպես մենակատարներ հանդես են եկել միայն չուխաջյանցիները: 2006թ. Հոլիվուդում անցկացվող ամենամյա «ՀԵՖԱ Էնթերթեյնմենթ» մրցանակաբաշխությունում կոլեկտիվի ներկայացրած «Նոյյան տապան» ալբոմը հաղթել է «Տարվա լավագույն դասական ալբոմ» անվանակարգում: Հեղինակավոր այս մրցանակաբաշխությանը ժամանակին լավագույնն են ճանաչվել ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը, ակորդեոնահար Մայքլ Գանյանը եւ այլք: Թե ինչու է «Հույսը» կրում Մ. Գանյանի անունը, դպրոցի տնօրեն Ս. Միրզոյանը ասաց, որ ակորդեոնահարը ժամանակին ավարտել է Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը, 1980-ականների սկզբից տեղափոխվել ԱՄՆ եւ մեծ ճանաչման արժանացել: «Վիրտուոզ երաժշտի՝ Մայքլի կյանքը կարճ տեւեց. ընդամենը 40 տարեկան էր, որ հեռացավ կյանքից: Նրա արվեստը բարձր են գնահատել Շարլ Ազնավուրը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Կոնստանտին Օրբելյանը եւ այլք»,- նշեց պրն Միրզոյանը:

Հունիսի 10-12-ը Երեւանի քաղաքապետարանն անցկացնում էր երաժշտական դպրոցների ստուգատես-փառատոն, որտեղ հանդես եկավ նաեւ Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի «Հույս» նվագախումբը՝ շնորհալի սաների մասնակցությամբ: Իսկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում էլ հունիսի 16-ին կայացավ փառատոնի գալահամերգը, որտեղ, բացի դասական գործիքներից, ներկայացվեցին նաեւ ստեղծագործություններ հայկական ժողովրդական գործիքներով: Համերգի ծրագիրն էլ բազմազան էր՝ Կոմիտասի «Լոռվա գութաներգից» (թառով) մինչեւ Լիստի «Մեֆիստո վալս»: Մասնակիցներին շնորհվեցին պարգեւներ: Իհարկե, ողջունելի էր այս միջոցառումը: Բայց մի դիտարկում. գալահամերգին չհանդիպեցինք «Հույս» կամերային նվագախմբին: Հնարավոր չէ՞ր, արդյոք, հանրապետությունում հասարակական հիմունքներով գործող միակ, բայց արդեն ԱՄՆ-ում լավագույն ճանաչված այս նվագախմբին ուշադրության արժանացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել