Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-Ն ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵՑ

Հունիս 26,2007 00:00

ՈՒԵՖԱ-ն Հոլանդիայի Հերենվեն քաղաքում կայացած գործադիր կոմիտեի հերթական նիստում վճռեց «Եվրո 2008»-ի որակավորման փուլի Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների խաղը չանցկացնել եւ չկայացվող խաղերի համար երկուսին էլ միավոր չտալ:

Դրանով վերջակետ դրվեց երկու երկրների մեկուկես տարի տեւած դիմակայությանը: Եվրոպական ֆուտբոլի ղեկավար գերատեսչությունը ստեղծված իրավիճակում ընտրեց «ավելորդ գլխացավանքից, շառից ու փորձանքից հեռու» տարբերակը:

Հայաստանն այս ընթացքում, ի տարբերություն Ադրբեջանի, խստորեն շարժվում էր նույն ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունների պահանջներով ու պետական ամենաբարձր մակարդակներով Երեւանում ադրբեջանցիներին անվտանգության լիակատար երաշխիքներ էր տալիս: Այս որոշումով ՈՒԵՖԱ-ն, փաստորեն, մեր եւ ադրբեջանական կողմի միջեւ հավասարության նշան դրեց՝ ցույց տալով իր անզորությունն ու սեփական դեմք չունենալը: Եվ պատահական չէ, որ ադրբեջանական կողմը լիովին բավարարված է այս որոշումով: Արդյունքում՝ ոտնահարվեցին նախ եւ առաջ հայաստանցի ֆուտբոլասերների իրավունքները, որոնք զրկվեցին, ինչպես իր պաշտոնական հայտարարության մեջ նշում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, մեր հավաքականի օր օրի ուժգնացող ու դիտարժան դարձող խաղի ականատեսը լինելուց: Բայց, կարծում ենք, տրամաբանական կլիներ, եթե մեր ֆուտբոլի ֆեդերացիան հետեւողական գտնվեր եւ բողոքարկեր ՈՒԵՖԱ-ի այդ անհիմն որոշումը:

Որոշումով երկու հավաքականներին էլ չկայացվող խաղերի համար զրկում են միավորներից: Դա հավասարազոր է երկու պարտության: Գուցե ՈՒԵՖԱ-ն մտահոգվել է «A» խմբի մյուս թիմերի՞ մասին, որպեսզի մրցաշարային աղյուսակն ամփոփելիս միավորների հաշվարկի ժամանակ նրանք չտուժեն: Բայց այս դեպքում էլ անտեսվել են մեր շահերը: Խմբային մրցաշարի ավարտին մյուս վեց հավաքականները Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ տեսականորեն 6 միավորի առավելություն են ստանում: Սա հատկապես մեզ ձեռնտու չէ: Այսօրվա դրությամբ Հայաստանի ազգային հավաքականը 7 միավորով Բելգիայի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: Ստացվում է, որ մեզ մնում է անցկացնել ընդամենը չորս խաղ (երեքը՝ սեփական հարկի տակ): Օգոստոսի 22-ին եւ հոկտեմբերի 13-ին հյուրընկալելու ենք Պորտուգալիային եւ Սերբիային ու բացառված չէ, որ նրանց էլ հաղթենք: Հետո (հոկտեմբերի 17-ին) մեկնելու ենք Բելգիա, որի ընտրանուն ՖԻՖԱ-ի վարկանիշային վերջին աղյուսակում զիջում ենք ընդամենը ինը աստիճանով, այսինքն՝ մոտավորապես հավասար խաղամակարդակ ունենք: Եվ մրցաշրջանն ավարտելու ենք նոյեմբերի 21-ին՝ ղազախների հետ երեւանյան խաղով, ում նկատմամբ նրա դաշտում առավելության ենք հասել:

Գաղտնիք չէ, որ ընտրական փուլի ավարտին յուրաքանչյուր միավոր մեծ դեր է խաղալու խմբերում հավաքականների վերջնական դասավորվածության գործում: Այնպես որ, Հայաստանը միջին եւ բարձր հորիզոնականներ զբաղեցնելու հեռանկարից կարող է նաեւ զրկվել: Ստացվում է, որ այս որոշումից օգտվում են բոլորը, բացի Հայաստանից: Չմոռանանք նաեւ, որ առջեւում ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման նոր ցուցակներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել