Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագան կերտում են այսօր

Հունիս 26,2007 00:00

\"\"Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանն իր ուրույն տեղն ունի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում:

Համալսարանը հիմնադրվել է 1996թ., 2000-ին ստացել ՀՀ կառավարության անժամկետ լիցենզիա: 2004-ին հավատարմագրվել են բուհի բոլոր մասնագիտությունները, եւ շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ, որը համարժեք է ՀՀ պետական բուհերի դիպլոմներին եւ համարվում է պետական ավարտական փաստաթուղթ՝ ՀՀ բոլոր պետական եւ բյուջետային հիմնարկ-ձեռնարկություններում աշխատանքի անցնելու համար: Իր կայացման առաջին տարիներին, երբ հանրապետությունում առկա էր մասնավոր բուհերի ուժեղ մրցակցություն, Մ. Խորենացու անվան համալսարանը ոչ միայն դիմակայեց, այլեւ կայացավ, զարգացավ եւ այսօր դարձել է մրցունակ նաեւ պետության կողմից ստեղծված բուհերի հետ: Այդ ամենին բուհը հասել է շնորհիվ դասախոսական ընտրյալ կազմի, ուսանողների հետ ճիշտ, բարեխիղճ շփման եւ մոտեցման ու պատասխանատվությամբ՝ նրանց ու երկրի ապագայի նկատմամբ: Այսօր համալսարանն ունի 6 ֆակուլտետ՝ իրավաբանական, տնտեսագիտական, ռոմանագերմանական (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն), բանասիրական (հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, լեզվաբան, գրականագետ), ԷՀՄ ծրագրավորում եւ կիրառական մաթեմատիկա (կոմպյուտերների շահագործում, ծրագրավորողներ՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ), դպրոցական մանկավարժություն (տարրական ուսուցման մանկավարժություն եւ մեթոդիկա): Բուհն արդեն անցել է բակալավրա-մագիստրոսի համակարգի, ինչի առումով ռեկտոր Արթուր Աղաբաբյանն ասում է. «Նման համակարգի անցումը անհրաժեշտ է եվրաինտեգրման եւ Բոլոնիայի հռչակագրի կետերի իրականացման համար, որպեսզի մեր ուսանողները կարողանան ուսումը շարունակել դրսում եւ դրսից ուսանողներ գան: Այս համակարգի առավելությունն այն է, որ պետք է տարբերություն դրվի գերազանցիկ եւ միջակ ուսանողների միջեւ: Գերազանցիկը կարող է ուսումը շարունակել, իսկ միջին ուսանողը կարող է ստանալ սովորական դիպլոմ: Դրանով նրանց տարբերությունը նկատելի կլինի»:

«Առավոտի» դիտարկմանը, թե որքան էլ ասում են, որ տարբերությունը մասնավոր եւ պետական բուհերի միջեւ վերացած է, բայց զինծառայության պայմանը երկու բուհերի ուսանողների համար տարբեր է, պարոն Աղաբաբյանը պատասխանեց. «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, գտնում եմ, որ բոլորը պետք է ծառայեն զինված ուժերում, անկախ այն բանից, թե ում որդին է եւ որտեղ է սովորում: Մենք պետք է ունենանք ամուր բանակ, դա է թելադրում մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակը: Եթե երկիրը չունենա բանակ, ապա բոլոր իրավիճակներում տանելու է պարտվողական քաղաքականություն»: Տարեցտարի ավելանում է Մ. Խորենացու անվան համալսարան դիմողների թիվը, ինչը աշխատանքի նկատմամբ ճիշտ մոտեցման արդյունք է: Բուհի ռեկտորը հավաստում է, որ կոռուպցիոն երեւույթներն իրենց մոտ բացառվում են, իսկ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է լավագույն դասախոսը, լավագույն ուսանողը եւ լավագույն կուրսը:

Բուհի դասախոսական կազմը կարեւորում է ոչ միայն ուսանողների մասնագիտական գիտելիքների ձեռքբերումն ու խորացումը, այլեւ նրանց գաղափարական, ինտելեկտուալ, հասարակական եւ մշակութային զարգացումը: Դրան է կոչված ուսանողական խորհուրդը, որի ուժերով այսօր համալսարանում հրատարակվում է «Փյունիկ» ամսաթերթը, կազմակերպվում տարբեր բնույթի միջոցառումներ՝ արշավներ, ինտելեկտուալ մրցույթ-փառատոներ, սպորտային մրցաշարեր, պատմամշակութային էքսկուրսներ, ինչպես նաեւ բարեգործական ակցիաներ: Բուհը ակտիվորեն մասնակցում է հանրապետությունում իրականացվող բոլոր ուսանողական եւ երիտասարդական միջոցառումներին: Բուհում հրատարակվում են նաեւ «Ուսանողական աշխարհ» համալսարանական թերթը եւ «Մովսես Խորենացի» գիտական հանդեսը: Բուհում բարձր մակարդակի վրա է դրված ներբուհական հսկողությունը եւ ուսանողի իրավունքների պաշտպանությունը: Այս տարի համալսարանը տվեց իր յոթերորդ շրջանավարտները, իսկ նախորդ տարիների շրջանավարտների մեծամասնությունն աշխատում է տարբեր բնագավառներում: ՀՀ-ում այլընտրանքային կրթական համակարգն արդեն դարձել է լիարժեք մրցունակ եւ Մովսես Խորենացու անվան համալսարանի օրինակով կարող ենք ասել, որ ապագան կերտվում է այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել