Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՇԱՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Հունիս 26,2007 00:00

\"\"Հուլիսի 1-ին Արտաշատում կայանալու են համայնքապետի ընտրություններ: Սկզբում առաջադրվել էր 4 թեկնածու՝ գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, անկուսակցական Հարություն Մնացականյանը, Գագիկ Մնացականյանը (անկուսակցական) եւ ՍԻՄ անդամ Քաջիկ Գրիգորյանը: Սակայն օրերս երեք թեկնածուները հանել են իրենց թեկնածությունը, գործող քաղաքապետին ընտրապայքարում թողնելով մենակ: Անշուշտ, գործող համայնքապետի աշխատանքը տեսնելով ու գնահատելով՝ մարդիկ նրան վստահում են իրենց քաղաքի հետագա ղեկավարումը: 2001-ից լինելով այդ պաշտոնում, Գագիկ Մուրադյանը լուծել է համայնքին առնչվող շատ խնդիրներ, որոնք տեսանելի են առաջին հայացքից: Կատարվել են բազմաբնակարան շենքերի նկուղների, տանիքների, մուտքերի վերանորոգման աշխատանքներ, կարեւորվել է բնակֆոնդի պահպանությունը: Սակայն, ըստ քաղաքապետի՝ «անելիքներ շատ կան, քանի որ շենքերը 30-40 տարվա կառույցներ են եւ հիմնովին վերակառուցելը մեծ գումար է պահանջում: Պարբերաբար ծրագրեր ենք ներկայացնում կառավարությանն ու բարեգործական կազմակերպություններին, որոնց տրամադրած միջոցներով կարողանում ենք հնարավորինս վերանորոգել դրանք»: Գագիկ Մուրադյանը զգալի աշխատանք է կատարել համայնքի բյուջեի բարելավման ուղղությամբ. 2001թ. նա համայնքապետի ղեկավարությունը ստանձնել է 120 մլն դրամ բյուջեով, աշխատավարձի մեծ պարտքերով: Այսօր համայնքի բյուջեն հասել է մինչեւ 400 մլն-ի եւ ոչ միայն պարտք չկա, այլեւ բարձրացել է բյուջետային որոշ աշխատողների աշխատավարձը: Թեեւ այս ամենը հետեւողական աշխատանքի շնորհիվ է, սակայն համայնքի ղեկավարը համեստորեն դա վերագրում է բնակչության կենսապայմանների բարելավմանը, ինչի արդյունքում ավելանում են հարկային վճարումները: Զգալի աշխատանքներ են կատարվել ճանապարհների բարեկարգման եւ ասֆալտապատման ուղղությամբ՝ կառավարության հատկացրած միջոցների հաշվին: Քաղաքապետարանի միջոցներով անցյալ տարի 160 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել, այս տարի նախատեսվում է եւս 100 մլն դրամի աշխատանք: Համայնքում գործել եւ շարունակում է գործել 9 մանկապարտեզ, եւ քաղաքապետը հավաստում է, որ ոչ մի մանկապարտեզ Արտաշատում չի փակվելու, այլ, ընդհակառակը՝ շարունակելու են դրանց հիմնանորոգման աշխատանքները, որոնք սկսվել են անցյալ տարվանից: Արտաշատ քաղաքը բարեկամական կապեր ունի Ֆրանսիայի Կլամար քաղաքի հետ, որի բնակչության 10%-ը հայեր են: Նրանց օժանդակությամբ համայնքում իրականացվում են շատ ծրագրեր: Քաղաքում առկա հիմնախնդիրը Գագիկ Մուրադյանը համարում է «նոր աշխատատեղերի, մանր ու միջին բիզնեսի ստեղծումը: Աշխատում ենք չխոչընդոտել ոչ ոքի, օգնել նրանց, ովքեր ուզում են իրենց փոքր բիզնեսը սկսել քաղաքում. լինի տարածքի տրամադրումով, թե այլ հնարավոր մեթոդներով: Օրինակ, վերջերս քանդված կաթսայատունը օտարվեց մի գործարարի, որը վերանորոգեց այն եւ այսօր դարձել է արտադրամաս, ուր աշխատում է 25-30 մարդ»: Արտաշատում կարեւորվում են մշակութային միջոցառումները: Հանդիսավորությամբ նշվում են Տյառնընդառաջը, Վարդավառը, Արտաշատյան տոնը, Մարտի 8-ը եւ այլ ավանդական տոներ: Համայնքի ղեկավարը հպարտությամբ է նշում. «Ունենք լավ մշակույթի տուն, լավ թատրոն՝ Ամո Խարազյանի անվան, որտեղ առաջին անգամ բեմադրվել է «Բաքոսուհիները», այն գործել է անգամ ցուրտ ու խավար տարիներին եւ ոչ մի անգամ հանդիսատեսի առջեւ դռները չի փակել: Այսօր էլ տարեկան 4-6 պրեմիերա ենք ներկայացնում: Լուրջ առաջընթաց կա նաեւ սպորտի բնագավառում. տվել ենք ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոններ: Անցած տարի հիմնանորոգվեց սպորտդպրոցը: Պետք է վերականգնենք միջդպրոցական եւ միջհամայնքային մրցույթների ավանդույթը»:

Արտաշատում չլուծված խնդիրներ էլ կան, հիմնականը խմելու ջուրն է: Համայնքի շենքերը հիմնականում կենցաղային ջուր ստանում են արտեզյան ջրհորներից, որը սննդի համար պիտանի չէ: Ջրամատակարարման խնդրի լուծումը բավականին բարդ եւ ծախսատար աշխատանք է, քանի որ փոխվելու է 20 կմ ջրագիծ: Ըստ պարոն Մուրադյանի, ծրագիրն արդեն ներկայացվել է, շահել համապատասխան մրցույթը ու շուտով միջոցները կտրամադրվեն:

2006թ. վերջին 40 ընտանիք անվճար ապահովվել է բնակարանով:

Գագիկ Մուրադյանը իր առջեւ նպատակ է դրել ավարտին հասցնել բոլոր կիսատ թողած գործերը, որոնց լուծումը մոտեցրել է իր գործունեությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել