Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցները խանգարում են ուսումնարաններին

Հունիս 26,2007 00:00

Ֆինանսավորվելով ըստ աշակերտների թվի, դպրոցները գերադասում են իրենց հարկի ներքո պահել անգամ թույլ աշակերտներին:

Խառատներ, եռակցող վարպետներ, ավտոկռունկավարներ ու հաստոցաշինության բնագավառի մասնագետներ Հայաստանում շուտով չեն լինի։ Այս ոլորտներում աշխատող մասնագետների տարիքը 60-ից բարձր է, իսկ նրանց փոխարինող երիտասարդ կադրեր գրեթե չեն պատրաստվում: Երիտասարդները չեն ուզում արհեստ սովորել, եւ պետությունն էլ չի կարողանում ֆինանսական ու կրթական ծրագրերով ապահովել համապատասխան հաստատություններին։ Ներկայումս ՀՀ-ում գործում է նախնական (արհեստագործական) կրթություն իրականացնող 28 ուսումնարան, որտեղ սովորում է շուրջ 2700 ուսանող։ Նրանք հիմնականում այն երեխաներն են, որոնք ունեն 8-ամյա միջնակարգ կրթություն եւ թույլ ունակությունների պատճառով չեն կարողացել ուսումը շարունակել 9-10-րդ դասարաններում։

«Դպրոցները շատ են խանգարում մեր գործին։ Ֆինանսավորվելով ըստ աշակերտների թվի, նույնիսկ ամենավատ սովորող երեխային ամեն կերպ ուզում են դպրոցում պահել, չթողնել, որ ընդունվի ուսումնարան»,- դժգոհեց ԿԳ նախարարության նախնական մասնագիտական կրթության վարչության պետ Մարիամ Սարգսյանը։ Իրականում ուսումնարանների գործունեությանը խանգարում է ոչ միայն դպրոցների տնօրենների «աշակերտաորսությունը», այլեւ իրենց շենքային եւ ծրագրային խնդիրները։ «Ուսումնարանների շենքերը անհրապույր ու խարխլված են, որոշները տեղակայված են մանկապարտեզներում եւ ունեն կոտրատված նստարաններ, մաշված արհեստագործական գործիքներ, հնագույն գրականություն, տարեց, նորամուծություններից անտեղյակ վարպետներ»,- փաստեց ԿԳ նախարարության միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սամվել Պիպոյանը։

«Նախարարությունը մեզ միայն տեսականորեն է օգնում։ Ես մի հովանավոր էի գտել, որի օգնությամբ վերանորոգեցինք ուսումնարանի շենքի մի հատվածը, սակայն նախարարությունը անգամ մեկ լումա չներդրեց այդ գործին աջակցելու համար։ Նրանք ոչ մի հարց չեն լուծում, մենք ենք արտադրական պրակտիկան կազմակերպում՝ համագործակցելով, օրինակ, «Լուսաստղի», «Մոսկվիչ սերվիս» եւ այլ կազմակերպությունների հետ»,- պատմեց տարբեր ոլորտների արհեստավորներ պատրաստող թիվ 6 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Սոնա Գրիգորյանը։ Իսկ երկաթգծի եւ այլ մասնագետներ պատրաստող թիվ 10 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Արծրուն Բարսեղյանն էլ փաստեց, որ դպրոցների տնօրենները հաճախ թույլ չեն տալիս, որ իրենց հայտարարությունները փակցվեն դպրոցներում. «Նախկինում մեր մասնագետները հանդիպում էին աշակերտներին, ներկայացնում, թե ուսումնարանում ինչ մասնագիտություններ կարելի է սովորել: Իսկ այսօր մեզ ո՞վ թույլ կտա մտնել դպրոց»:

Զրուցեցինք նաեւ երիտասարդների հետ: «Ի՞նչ է, ես պակա՞ս տղա եմ, որ պիտի իրավաբան, բժիշկ կամ բանկի կառավարիչ չդառնամ, այլ էլեկտրիկություն անեմ»,- հիմնականում այսօրինակ պատասխաններ լսեցինք նրանցից։ Եթե երեւանյան «ոսկի» երիտասարդությունն իրեն հարիր չի համարում արհեստ սովորել, ապա մարզերում 5000 դրամ թոշակի «խաթեր» պատրաստ են ուսումնարաններ ընդունվել: Օրինակ՝ Ալավերդու, Գյումրիի ուսումնարաններում դիմորդների թիվն ավելի է, քան սահմանված տեղերը:Մարզերում կուտակվել է նաեւ որոշակի դրական փորձ, ձեռնարկությունները նյութական լավ պայմաններով շահագրգռում են երիտասարդներին եւ կից բացված ուսումնարաններում պատրաստում իրենց ապագա աշխատակիցներին: Այդպիսին է, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին կից ուսումնարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել