Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԸ ՄԵԾ Է

Հունիս 26,2007 00:00

 \"\"Եթե լրատվամիջոցը պաշտոնապես հրաժարվում է քաղաքական գովազդից, ուրեմն նա նույն գովազդն անում է «ոչ պաշտոնապես»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Բաց հասարակության ինստիտուտի Հայաստանի օժանդակության հիմնադրամի եւ Նիդեռլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում շարունակում է իր ուսումնասիրությունները՝ կապված Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների գործունեության հետ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Վանաձորի մամուլի ակումբում հրավիրված կլոր սեղանի ժամանակ տեղեկացրեց, որ ուսումնասիրությունն անցկացվեց այս անգամ Լոռու մարզում, մասնավորապես, ընդգրկելով ապրիլի 8-ից մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածը: Ընդհանուր գնահատականն այն էր, որ ԱԺ ընտրարշավի ժամանակ մարզերում ընտրողները տեղեկատվություն ստանալու առումով ավելի վատ վիճակում էին, քան մայրաքաղաքի բնակիչները:

Վանաձորի մամուլի ակումբում առաջին անգամ ներկայացվեցին Լոռու մարզի 4 քաղաքների հեռուստաընկերությունների՝ Վանաձորի «Լոռի TV», «Միգ TV», «Վա Բա», Սպիտակի «Սլավ Մեդիա», Ստեփանավանի «Ֆորտունա», Ալավերդու «Անկյուն գումարած երեք», նախընտրական քարոզչության դիտարկումների արդյունքները: Ըստ Վանաձորի մամուլի ակումբի նախագահ Արթուր Սաքունցի, «Անկյուն գումարած երեք» հեռուստատեսությունը հրապարակել է քաղաքական գովազդի 1 րոպեի արժեքը, որը կազմել է 8000 դրամ: Իսկ «Լոռի TV» հեռուստաընկերությունից տեղեկացանք, որ նրանք նույնպես վազող տողով նշել էին 1 րոպեի արժեքը՝ 15000 դրամի չափով:

Հետաքրքիր է, որ Ստեփանավանի «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրինությունը պաշտոնապես հայտարարել է, որ նախընտրական քարոզչությանն իրենք չեն անդրադառնալու: Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ Վանաձորի «Վա Բա» հեռուստաընկերությամբ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուների եթերաժամանակը 88% է կազմել, իսկ համամասնականով՝ 12%: Թիվ 30 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված թեկնածուների մասին պատմող եթերաժամանակի պատկերը հետեւյալն է. 2%-ը տրամադրվել է Վիկտոր Դալլաքյանին, 98-ը՝ Վահրամ Բաղդասարյանին: Այս հեռուստաընկերությունը Վ. Բաղդասարյանի մասին ցուցադրել էր նաեւ ֆիլմ, այն կազմել էր եթերաժամանակի 42%-ը: Դրանով իսկ խախտվել էր Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի 11 հոդվածի պահանջը. «Նշված ժամանակահատվածում արգելվում է հեռուստաընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ՝ փաստավավերագրական հաղորդումների տեսքով»: Իսկ համամասնականով «Վա Բա»-ի եթերաժամանակը բաշխվել էր այսպես. ՕԵԿ՝ 53%, ՀՀԿ՝ 16%, ԺՈՒԿ՝ 14%, ՀԺԿ եւ ՀՅԴ՝ 4%, ԱՄ՝ 3%, ՄԻԱԿ՝ 2%: Այս ամենը «լրագրողական լուսաբանման» ժանրից էր, իսկ բուն քաղաքական գովազդից «Վա Բա»-ն հրաժարվել էր: Հեռուստաընկերության պատասխանատու Սամվել Հարությունյանը «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ է հրաժարվել քաղաքական գովազդից, պատասխանեց. «Կուսակցությունների ֆինանսական հնարավորությունների տարբերությունը կհանգեցներ մեկնարկային անհավասար վիճակի: Հրաժարումն ապահովեց բոլորի համար ձրի քարոզչությունը»: Նա բացառեց, թե վճարովի քարոզչությունից հրաժարվելը պայմանավորված էր արտաքին ազդեցություններով:

«Վա Բա»-ի նման քարոզչության «հավասարությունը» պաշտպանել էր նաեւ «Միգ TV»-ն, որը նույնպես «պաշտոնապես վճարովի» գովազդ չէր հեռարձակում: Մեծամասնականով առաջադրված Վահրամ Բաղդասարյանին հատկացրել էր 81% եթերաժամանակ, մրցակիցներին՝ Վիկտոր Դալլաքյանին՝ 2%, Լարիսա Փարեմուզյանին՝ 9%, Վահան Մադաթյանին՝ 1%: 19737 վայրկյան ֆիլմ է ցուցադրել Վ. Բաղդասարյանի մասին: Մնացած թեկնածուներին ֆիլմի ժանրով չեն անդրադարձել: «Լոռի TV»-ն մեծամասնականով եթերը բաժանել է այսպիսի հարաբերակցությամբ. Վիկտոր Դալլաքյան՝ 46%, Վահրամ Բաղդասարյան՝ 33%, Կարեն Սարիբեկյան՝ 15%, Սամսոն Խաչատրյան՝ 4%, Արկադի Համբարձումյան՝ 2%, Լարիսա Փարեմուզյան՝ 0,1%: Այս հեռուստատեսությամբ էլ համամասնականով եթերաժամանակը բաշխվել է. ԺՈՒԿ՝ 18%, ՀՀԿ՝ 26%, ՕԵԿ՝ 11%, «Ժառանգություն»՝ 10%, ԱՄ՝ 9%, ՀՅԴ՝ 3%, ԲՀԿ՝ 2%:

Սպիտակի «Սլավ Մեդիան», ըստ դիտարկումների, անդրադարձել է թիվ 29-ում առաջադրված 2 թեկնածուներից մեկին՝ Արկադի Համբարձումյանին, որի մասին լուրերին բաժին է ընկել 100%-ը: Մյուս թեկնածուն՝ Վահան Մադաթյանը համապատասխանաբար ստացել է «0»: 100 տոկոսանոց արդյունք էր ցույց տվել նաեւ թիվ 32 ընտրատարածքում առաջադրված Սուրիկ Պողոսյանը: Ալավերդու «Անկյուն գումարած երեքում» էլ թեկնածուներից միայն Կարեն Սարիբեկյանի մասին էր ֆիլմ ցուցադրվել (1873 վրկ.): Իսկ համամասնականով «հավասարության» յուրօրինակ պատկեր էր. ՀՀԿ՝ 40%, «Իմպիչմենտ»՝ 1%, «Ժառանգություն»՝ 2%, ԱՄ՝ 1%: Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ապա տեղեկացնենք, որ «Լոռու մարզ» թերթը, որը 10 համար էր թողարկել ընտրարշավի ժամանակ, նույնպես հրաժարվել էր քաղաքական գովազդից: Թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանն «Առավոտին» ասաց, թե մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին (4 ընտրատարածքներում առաջադրված) առաջարկել էր վճարովի գովազդ, նաեւ՝ զեղչերով: Սակայն, ըստ խմբագրի, «նրանք բոյկոտեցին թերթը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել