Ոչ թվային հեռախոսակապը պարտքի տակ է գցում
Աշխեն Սարդարյանը երկրորդ կարգի միայնակ հաշմանդամ է: «ԱրմենՏելը» նրա հաշվին կուտակել է 200 հազար դրամից ավելի պարտք՝ իբր Բելառուս խոսելու համար (հեռախոսահամարը՝ 48-29-54): Սա այն դեպքում, երբ Ա. Սարդարյանն ամսական ընդամենը 13 հազար դրամ կենսաթոշակով է ապրում եւ շատ ցանկանալու դեպքում անգամ չի կարող իր համար նման ահռելի գումարի պարտքը փակել, մանավանդ որ, իր խոսքերով՝ երբեւէ Բելառուսում ծանոթ-բարեկամ չի ունեցել եւ չի էլ զանգել:
Կնոջ պատմելով՝ «ես ինձ չէի կարող նման շռայլություն թույլ տալ եւ 15 օր շարունակ անընդհատ զանգել Բելառուս ու ժամերով խոսել՝ իմանալով, որ ուշ թե շուտ պիտի վճարեմ: Ես որքան խոսել եմ՝ պատրաստ եմ դրա դիմաց վճարել, բայց չկատարած զանգերի համար ինչո՞ւ վճարեմ»: Այնպես է պատահել, որ ըստ «ԱրմենՏելի» ԱՀԿ-ից տրամադրած խոսելացուցակի, հաշմանդամ կինը 15 օր շարունակ գիշեր-ցերեկ հեռախոսով զրուցել է, ընդ որում, նույնիսկ 1 գիշերվա ընթացքում նա 11 անգամ զանգել է Բելառուս՝ իր ծանոթներին, ու խոսել ավելի քան 50 հազար դրամի:
Աշխեն Սարդարյանը, երբ իմացել է, որ հսկայական գումար է պարտք Բելառուս զանգելու համար՝ դիմել է «ԱրմենՏելին»՝ խնդրելով ուսումնասիրել ու պարզել, թե ով է օգտվել իր համարից ու զանգեր կատարել: Ընկերությունից կնոջը պատասխանել են, որ շատ հնարավոր է նրա գծից այլ մարդ օգտված լինի, բայց դա իրենք հաստատել ու ապացուցել չեն կարող: Տուժածը ճարահատյալ դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին, սակայն բոլորն էլ պատասխանել են, որ գումարը ենթակա է վճարման:
Խմբագրություն եկած կինը լացելով պատմում էր, որ հեռախոսահամարն իրենը չէ, նա ժամանակավոր է բնակվում ուրիշի տանը եւ եթե հեռախոսահամարը կեղծ պարտքերի պատճառով կորցնի՝ սեւերես է դուրս գալու տանտերերի առաջ: Այդ է պատճառը, որ չնայած պարտքի պատճառով «ԱրմենՏելն» անջատել է բաժանորդի հեռախոսը, այնուամենայնիվ, կինը համարը չկորցնելու համար շարունակել է ամեն ամիս պարտաճանաչ վճարել բաժանորդավճարը:
«Առավոտի» հետ զրույցում «ԱրմենՏելի» լրատվական բաժնի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը պարզաբանեց, որ իրենք պատրաստ են համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում լրացուցիչ ուսումնասիրել: Նրա խոսքերով՝ «քանի որ այդ կայանը թվայնացված չէ, հնարավոր է, որ այլ մարդ գծից օգտված լինի, որովհետեւ այդ դեպքում հեշտ է դա անել, եթե բաժանորդը մեզ դիմի՝ դա կուսումնասիրենք, բայց այն, որ տվյալ հեռախոսահամարից զանգ կատարվել է՝ փաստ է»: Նկատենք, որ եթե բաժանորդի հեռախոսը ոչ թվային է, որի դեպքում հեշտությամբ կարող են գիծ մտնել, դա նրա խնդիրը չէ, ընկերությունը պարտավոր է այնպիսի որակյալ ծառայություններ մատուցել, որ իր բաժանորդը նման պատմությունների մեջ չընկնի: