Ռոմիկ Մանուկյանի «թեթեւ ձեռքով», առանց հիմնավոր պատճառների, աշխատանքից ազատվեցին ոչ միայն հիվանդանոցների մի քանի գործադիր տնօրեններ, այլեւ մեծ սկանդալի մեջ հայտնվեցին Գյումրիի ամենահին՝ 86-ամյա «Կումայրի» շաբաթաթերթն ու մարզի միակ տպարանը:
Պաշտոնավարման 4 տարիների ընթացքում Շիրակի նախկին մարզպետը հասցրեց լավ ու վատ լինել շատերի հետ, հատկապես՝ գյուղապետերի ու հիվանդանոցների գործադիր տնօրենների: Ըստ մեզ հասած բողոքների, Ռոմիկ Մանուկյանի նյարդերը ծայրաստիճան լարվել էին ընտրություններից առաջ, երբ վերջինս աջ ու ձախ իր ենթականերին ստիպում էր լքել հարազատ կուսակցություններն ու դառնալ դաշնակցական: Օրինակ, մի այդպիսի առաջարկ նա արել էր Արթիկի հիվանդանոցի գործադիր տնօրեն, հանրապետական Հովհաննես Մկրտչյանին: Վերջինս հրաժարվել էր, ու պատմությունն ավարտվել էր նրանով, որ զայրացած մարզպետը, առանց հիմնավոր պատճառների, նրան անմիջապես ազատել էր աշխատանքից՝ հաշվի չառնելով նույնիսկ այն փաստը, որ ավերակ հիվանդանոցը վերանորոգվում էր հենց գործադիր տնօրենի ջանքերով, ավելին՝ տարածաշրջանի հիվանդները հիգիենիկ պայմաններից զուրկ հիվանդանոց էին դիմում՝ սոսկ գործադիր տնօրենի «խաթր»:
Բացի այս դեպքից, Ռ. Մանուկյանը վատություն էր արել նաեւ Գյումրիի ամենահին թերթի՝ «Կումայրիի» ու մարզի միակ տպարանի աշխատակիցներին, պահանջելով ազատել վերջիններիս զբաղեցրած Մհեր Մկրտչյան 47 հասցեում գտնվող քառահարկ շենքը, որը երկրաշարժից հետո՝ 1989-ին պետական մակարդակով, քաղխորհրդի գործկոմի կողմից հատկացվել էր այս երկու կառույցներին: Սակայն Ռ. Մանուկյանը պնդում էր, որ նրանք ապօրինի են զբաղեցրել շենքը, եւ որ այն պատկանում է Գյումրիի թիվ 21 միջնակարգ դպրոցին: Այդ շենքը եթե ծառայեր որպես դպրոց, սփյուռքահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյումջյանը մտադիր էր նորոգել: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ մարզպետարանը դիմել էր Շիրակի մարզի տնտեսական Դատարան ու շահել դատը: Արդյունքում՝ մի քանի օր առաջ Դատական ակտերի հարկադիր կատարողները, ոստիկանների ուղեկցությամբ, անգամ վարձու բանվորներով հարձակվել էին խմբագրության վրա՝ սենյակների դռների վրա փական դրել ու այնտեղ եղած գույքը դուրս թափել: «Մարզպետը մինչեւ դատական նիստի օրը մեզ ասում էր, թե բռնություն, կոպտություն չի լինի, կգործի փոխհատուցման տարբերակ, սկզբում առաջարկում էին 20 հազար դոլար, որից 7 հազարը տրվելու էր տպարանին, մնացած 13-ն էլ՝ խմբագրությանը, որպեսզի մի բնակարան գնեինք ու տեղավորվեինք: Սակայն մենք պարզեցինք, որ էդ բոլոր խոսակցությունները ընդամենը կեղծիք էին՝ մեզ հանգստացնելու: Դրանք ընդամենը մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու հնարքներ էին. մեր ձեռքը տվեցին մի վճիռ, որը վեց ամիս չկարողացանք բողոքարկել վճռաբեկ դատարանում»,- «Առավոտին» դժգոհեց «Կումայրի» թերթի գլխավոր խմբագիր Աղասի Աբրահամյանը: Նա վստահեցնում էր, որ եթե իրենց մարզպետարանը կարողանար համոզել, որ այդ շենքը վերցնելն անհրաժեշտություն է դպրոցի համար, որ այն ինչ-որ անհատի անձնական շահերին չի ծառայելու, իրենք շենքը վաղուց թողած կլինեին: Սակայն, ըստ նրա, 300 աշակերտ ունեցող դպրոցը, որն արդեն իսկ 1000 աշակերտի համար տարածք ունի, եւս 1600 քմ-ի կարիք դժվար թե ունենար: Մինչդեռ այդ տարածքը խիստ անհրաժեշտ է՝ տպարանն աշխատեցնելու համար, որովհետեւ այն քաղաքի միակ տպարանն է, որտեղ հրատարակվում են մարզի բոլոր թերթերն ու գրքերը, որի աշխատանքներն այս պահին, շնորհիվ «ընթերցասեր» մարզպետի, դադարեցված են: «Կումայրիի» աշխատակիցների խոսքերով՝ «Մենք խնդիրներ ունեցել ենք նաեւ նախկին մարզպետ Փիրումյանի հետ, բայց նա իրեն թույլ չտվեց ԶԼՄ-ների հետ այդպես վարվել»:
Փաստն այն է, որ ներկայումս Օյումջյանն ունի այդ կռվախնձոր դարձած շենքի սեփականության վկայականը, որը, ըստ Աղասի Աբրահամյանի, ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի հիման վրա. «1996-ին տպարանը գույքային համալիրը սեփականաշնորհելու համար 8 մլն դրամ է մուծել պետբյուջե: Համալիրի մեջ մտնում է նաեւ Մհեր Մկրտչյան 47 հասցեի այդ շենքը: Հետագայում պարզվեց, որ իբր այդ գումարով սեփականաշնորհվել է միայն տպարանի տեխնոլոգիական պարկը: Եթե տպարանը չխաբվեր՝ ապա մենք պետական ձեռնարկությունից 1999-ին դառնում էինք ՍՊԸ, եւ առանց որեւէ խոչընդոտի՝ այդ կառույցը մերը կլիներ, ըստ Քաղօրի»:
Հ. Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, տեղեկացանք, որ կառավարության միջամտությամբ՝ տպարանի ու խմբագրության վտարումը 2 ամսով հետաձգվել է: Աղասի Աբրահամյանը հավաստիացրեց, որ ինքը շենքի սեփականության վկայագրի հետ կապված պատրաստվում է դիմել դատախազություն: