Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԷՐ, ԲԱՅՑ……

Հունիս 26,2007 00:00

\"\"Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը երեկ ԵԽԽՎ-ում ներկայացվեց 3-5 րոպեում, եւ այդ մասին չեղան այլ ելույթներ:

Մինչ երեկ քննարկումը սկսվելը՝ թվում էր, թե սա պիտի պատմական օր լինի Հայաստանի համար, քանզի Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ մեր երկրին կգովեն ԵԽ խորհրդարանական վեհաժողովում: Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետի զեկույցն իրոք գերազանցապես դրական էր Հայաստանի համար, եւ հիմնական գնահատականն էր. «Մայիսի 12-ի ընտրությունները անցկացվեցին մեծապես համապատասխան Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների եւ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին, սակայն մնում են թերություններ: Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ ընտրական գործընթացի այլ մասնակիցները, ցուցաբերեցին քաղաքական կամք՝ անդրադառնալու նախորդ թերություններին եւ բարելավելու այս ընտրությունների անցկացումը, թեեւ որոշ խնդիրներ մնում են չլուծված»: Սակայն նաեւ նշված էր, թե ցավալի է, որ ձայների հաշվարկի վճռորոշ ընթացքում դիտարկվել են թերություններ եւ անճշտություններ, որոնցից որոշները լուրջ էին, եւ դրանք ստվերում են նախնական դրական գնահատականը:

Երեւանի ժամանակով 19.10-ին սկսվեց ու կարելի է ասել, որ 5 րոպե անց ավարտվեց մեր խորհրդարանական ընտրություններին անդրադարձը, քանի որ 4 ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը, որ հասցրեց ելույթ ունենալ՝ չանդրադարձավ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցին:

Հարկ է այստեղ պարզաբանել, որ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ զեկույցն ընդգրկված էր Վեհաժողովի բյուրոյի եւ Մշտական կոմիտեի ընթացիկ գործունեության մասին զեկույցի շրջանակում, առանձին հարց չէր, եւ չկար բանաձեւի նախագիծ: Լեո Պլատվոետի բանավոր զեկույցը տեւեց մի քանի րոպե: Մասնավորապես ասաց, թե տարածված լուրերը ձայների գնման մասին չհիմնավորվեցին, քանի որ հաստատվեց ընդամենը 2 դեպք: Նաեւ նշեց, թե ձայների հաշվարկը դանդաղ ընթացավ՝ մայիսի 13-ի իրենց ասուլիսի ժամանակ այն դեռ ավարտված չէր, ուստի չհասցրին անդրադառնալ տեղ գտած բացասական երեւույթներին: Ի դեպ, այս կապակցությամբ զեկույցի գրավոր տեքստում նշված է, թե առաջին անգամ չէ, որ խնդրահարույց է դառնում վաղաժամ ասուլիսի անցկացումը, եւ առաջարկ կա, որ այլեւս չհրապարակվեն նախնական գնահատականներ, քանի դեռ չի ավարտվել ձայների հաշվարկը:

Իսկ բանավոր զեկույցում Լեո Պլատվոետը հայտարարեց, թե մեծ խնդիր է մնում այն, որ ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը կորել է, եւ դա նպաստում է զանազան խախտումների մասին լուրերի տարածմանը: Ըստ նրա՝ հարկավոր է լիակատար թափանցիկություն, որ վերականգնվի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:

Նշենք, որ ելույթի համար հերթագրվել էին 8 հոգի, եւ այն 4-ից 2-ը, որոնք հասցրին ելույթ ունենալ՝ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակներ Միխայիլ Մարգելովը եւ Իվան Մելնիկովն էին: Սակայն նրանցից առաջինն առավել կարեւորում էր գաղտնի բանտերի թեման, որն առանցքայիններից է այս նստաշրջանի օրակարգի համար, իսկ երկրորդը խոսեց Եվրոպայի տարածքում ԱՄՆ-ի հակահրթիռային կայանների թեման քննարկելու անհրաժեշտության մասին: Այստեղ ընդհատվեց քննարկումը: Սակայն պարզվեց, որ ելույթի հերթ չհասած մյուս 4 պատվիրակների մեջ չկան ոչ հայեր, ոչ էլ ադրբեջանցիներ:

Հարկ է նշել նաեւ, որ թեեւ մայիսի 12-ի ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցը կազմվել էր դեռ հունիսի 20-ին, սակայն տեքստը երեկ պատվիրակներին բաժանվեց քննարկումից հազիվ 1-2 ժամ առաջ: Ընդհանուր առմամբ, այս գրավոր տեքստում կրկնված են այն բոլոր դրույթները, որոնք հրապարակվել էին դեռ մայիսի 13-ին՝ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության եզրակացության մեջ: Ասենք, քննադատված է «Ընտրական օրենսգիրքը» եւ նշված, թե այն վերին աստիճանի բարդ է, պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք թերեւս ավելի լավ կկարգավորվեին ԿԸՀ որոշումներով: Եվ այս բարդությունն ու նաեւ այս օրենսգրքի եւ այլ օրենքների անհամապատասխանությունները, ըստ այս փաստաթղթի՝ անդրադարձել են ընտրությունների բողոքարկման գործընթացի վրա: «Ընտրական օրենսգիրքը» քննադատված է նաեւ հետեւյալ տեսակետից՝ որ կուսակցությունների եւ քարոզարշավի ֆինանսավորման, ինչպես նաեւ՝ ֆինանսական թափանցիկության մասին դրույթները թույլ են, եւ դրանց կատարման պակասը նկատվեց այս ընտրությունների ընթացքում:

Զեկույցում անդրադարձ կա երկքաղաքացիության խնդրին. նշված է, թե այն, որ որոշվեց ընտրություններն անցկացնել միայն ՀՀ տարածքում, հաշվի առնելով Սփյուռքի ծավալը՝ փաստացի զրկում է հայկական ընտրազանգվածի մեծ մասին քաղաքացիական իրավունքներից:

Դիտորդներն իրենց այս զեկույցում էլ են նշել, թե ընտրական հանձնաժողովների ղեկավարության մեջ տեղ չեն գտել ընդդիմության ներկայացուցիչները: Բնորոշելով հանձնաժողովի նախագահ, տեղակալ եւ քարտուղար եռյակին՝ անգլերեն տեքստում օգտագործված է ռուսերեն «տռոյկա» բառը: Եվ նշված է, թե տռոյկաների կազմը մարտահրավեր նետեց «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումներին, որոնք միտված էին ընտրական վարչարարության հավասարակշռմանը:

Զեկույցում ափսոսանքով արձանագրված է, որ դեռեւս դիտարկվել են առանձին խախտումներ՝ բազմակի քվեարկություններ, համանման ստորագրություններ ընտրողների ցուցակում. «Ոչ լիազորված անձինք են ներկա եղել դիտարկված տեղամասերի 17 տոկոսում»: Նման ափսոսանքով խոսվում է նաեւ ձայների արձանագրման գործընթացի մասին եւ նշվում, թե այս առումով իրավիճակը վատթարացել է՝ կան ընթացակարգային սխալներ եւ թերացումներ, որոնց հանդիպել են դիտարկված 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 31 տոկոսում:

Դիտորդներն, ըստ այս փաստաթղթի՝ հավաքել են 96 արձանագրություններ եւ դրանք համեմատել ԿԸՀ-ի կայքէջում հրապարակված տվյալների հետ ու հայտնաբերել 200 անհամապատասխանություններ, «որոնց մեծ մասը կարող են պատահական թվալ, բայց նշանակալի թվով սկզբնական տվյալներ փոխարինվել են, ինչը հակասում է «Ընտրական օրենսգրքին», որն արգելում է այդ տվյալները փոփոխել, այն բանից հետո, երբ դրանք սկզբնապես արձանագրվել են»:

Զեկույցի գրավոր տարբերակի եզրակացություններ եւ երաշխավորություններ բաժնում առաջարկ կա, ըստ որի՝ թեեւ «Ընտրական օրենսգիրքն» ընդհանուր առմամբ բարեփոխվել է ընտրական նախորդ օրենսդրության համեմատ եւ լավ հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար, այնուամենայնիվ, մնում են որոշ խնդիրներ, մասնավորապես՝ բողոքարկման գործընթացի կապակցությամբ: Եվ ընտրությունների դիտարկման ժամանակավոր հանձնաժողովը դիմում է Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով, որ նորընտիր խորհրդարանը, համագործակցելով Վենետիկի հանձնաժողովի հետ՝ լուծի մնացած խնդիրները մինչեւ 2008-ի ընտրություններ:

Առաջարկներից մեկն էլ վերաբերում է ԶԼՄ-ներին: Մասնավորապես ափսոսանք է արտահայտված քաղաքական գովազդի համար բարձր գնի կապակցությամբ, որը բավականին սահմանափակեց ոչ բավարար ապահովված քաղաքական ուժերի հնարավորությունը՝ իրենց ուղերձը հասցնելու հասարակությանը: Դիտորդական առաքելությունը հույս է հայտնել, որ ԶԼՄ-ները նաեւ քարոզարշավի պաշտոնական շրջանակներից դուրս էլ կապահովեն ընդդիմության եւ իշխանության գործունեության հավասարակշռված ու անկողմնակալ լուսաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել