Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 25,2007 00:00

Դիպլոմներ՝ մշակույթի գործիչներին

Սկսած 2002 թվականից՝ Մոսկվայի Սայաթ-Նովայի անվան գրական-հասարակական ֆոնդը ամեն տարի պատվավոր մրցանակներ է

շնորհում մեր երկրի մշակութային գործի նվիրյալներին։

Մրցանակները կրում են Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի եւ Հովհաննես Շիրազի անունները։

Առաջին մրցանակը 2002 թվականին հետմահու շնորհվել է Պարույր Սեւակին։ Հենց նրա ծննդավայրում էլ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, ուր ամփոփված է եղերական մահով կյանքից հեռացած բանաստեղծի աճյունը, մրցանակներ ու պատվոգրեր են հանձնվում հասցեատերերին։

Այս տարի եւս բանաստեղծի մահվան օրը ուխտագնացություն եղավ բանաստեղծի շիրմին։ Հայ աշուղների միության եւ մշակույթի մի խումբ գործիչներ՝ Մոսկվայի Սայաթ-Նովայի անվան գրական-հասարակական հիմնադրամի նախագահ, Հայ երիտասարդության աճի բարեգործական հիմնադրամի նախագահ, Հայ աշուղների միության նախագահ, բանաստեղծ, փիլիսոփայության դոկտոր Խաչիկ Կիրակոսյանի ղեկավարությամբ, այցելեցին Զանգակատուն գյուղ, ծաղիկներ դրեցին բանաստեղծի շիրմին։ Այնուհետեւ Խաչիկ Կիրակոսյանը հանձնեց Պարույր Սեւակի անվան դիպլոմներ։

Աշուղական արվեստում ներդրած ավանդի համար դիպլոմների արժանացան աշուղներ Ռազմար Վարդումյանը (Ռազմար Սասունցի), Անդրանիկ Ղազարյանը (Անդրանիկ Ուջանցի), աշուղ եւ քամանչահար Հրաչիկ Մուրադյանը (Օրթախ), գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը եւ գրող Իլյիչ Բեգլարյանը։

Ելույթ ունեցան բանասիրական գիտությունների դոկտոր Շավիղ Գրիգորյանը, ՀՀ ժողովրդական դերասան Վլադիմիր Աբաջյանը եւ ուրիշներ:

Նախաձեռնության հեղինակ Խաչիկ Կիրակոսյանն ասաց, որ այսուհետեւ եւս ըստ արժանվույն կգնահատվի մշակույթի ասպարեզում աչքի ընկնող գործիչների վաստակը։ Նրանք կլինեն իր ղեկավարած կազմակերպությունների ուշադրության ծիրում։

Գալիք տարիներին նույն արարողակարգով դիպլոմներ կշնորհվեն նաեւ նկարչության եւ երաժշտության ասպարեզի գործիչներին։

Հ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել