Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը օգնության կարիք ունի

Հունիս 25,2007 00:00

44-ամյա Ռաֆիկ Դավթյանը 1989-1993թթ. մասնակցել է ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերին:

Այժմ Ռաֆիկն ապրում է Երեւանում՝ ծայրաստիճան վատ պայմաններում: Առողջության հետ կապված խնդիրներ ունի, մոտ մեկ ամիս առաջ է վիրահատվել, սակայն այժմ երկրորդ վիրահատության կարիքն է զգացվում: Հավանաբար ազատամարտիկն ամաչել է իր չքավոր կյանքի մասին անձամբ տեղեկացնել բարձրաստիճան այրերին եւ իր փոխարեն այդ գործը հանձն են առել «Մետաղյա ճաղերից այս կողմ»՝ կալանավայրերից վերադարձողների բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ նախկին բանտարկյալներ:

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին ուղղված նամակում նախկին կալանավորները գրել են. «Ի պատիվ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, մենք ունենք մեր բնակարանները, մեր շենքում է ապրում նաեւ ղարաբաղյան ազատամարտի մասնակից Ռաֆիկ Դավթյանը, որն իրոք կռված տղա է: Վիրավորվել է, գերի է ընկել եւ այսօր ապրում է ծայրաստիճան վատ պայմաններում: Հայրենիքի համար այդքան ավանդ ներդրած մարդը պետք է պետության կողմից ուշադրության արժանանա: Նայելով նրան, ամաչում ենք մեր անցած կյանքի համար»: Նախկին բանտարկյալները նամակում նշում են, որ Ռաֆիկը ոչ մի եկամուտ չունի եւ նախարարից խնդրում են հանձնաժողով կազմել եւ ներկայացված փաստերը ստուգելուց հետո գոնե նրան զինվորական թոշակ նշանակեն: «Նրա տունը ենթակա է վերանորոգման եւ եթե շինանյութ տրամադրվի, վերանորոգումը կկատարենք մեր ուժերով»,- եզրափակում են նամակագիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել