Ժողովրդավարություն, ազատականություն, ազգայնականություն
Արեւելյան Եվրոպայում եւ նախկին Խորհրդային Միության երկրներում կոմունիզմի անկումն առաջ բերեց ինչպես ձեռքբերումներ ժողովրդավարության եւ ազատականացման ոլորտներում, այնպես էլ ազգայնականության վերածնունդ: Այդ ընթացքը, ըստ բազմաթիվ հետազոտողների, հակասություն է պարունակում, երբ ազգայնականությունը դիտարկում են որպես սկզբունքորեն հակաժողովրդավարական երեւույթ: Սակայն, ըստ իս, նման մոտեցումը մակերեսային է, ինչն էլ խանգարում է հասկանալ հետխորհրդային երկրներում իրականում տեղի ունեցող երեւույթները:
«Հակախորհրդային» հեղափոխությունների փորձը պահանջում է ներկա քաղաքակրթության հիմքում ընկած ոչ միայն ազգայնականության եւ ժողովրդավարության միջեւ փոխհարաբերությունների, այլեւ շատ ուրիշ կանխադրույթների վերաիմաստավորում: Ընդունված է, որ հասարակության սոցիալական զարգացումը չի կարելի «գիտականորեն բացատրել», եթե չես հիմնվում տվյալ հասարակության տնտեսական զարգացման պայմանների վրա: Սակայն այստեղից կարելի է եզրակացնել նաեւ՝ ազգերն ու ազգայնականությունը ծնունդ են առնում ա/ արդյունաբերականացման, բ/. սեփական, բացառապես տնտեսական, շահ հետապնդող վերնախավերի կողմից ժողովրդական զանգվածների ուղղորդման հետեւանքով:
Սակայն այդ «գիտական» մոտեցումը, այնուամենայնիվ, չի խանգարում նույն հետազոտողներին «ժողովրդավարություն» եւ «ազգայնականություն» եզրերն օգտագործել որպես գնահատական եւ ոչ որպես սոսկ նկարագրություն: Ժողովրդավարությանը հատկացվում է «դրական հերոսի» դեր, որը ոչ մի ընդհանուր բան չունի «բացասական» ազգայնականության հետ: Սակայն գնահատական տալը՝ ինքնին անհամատեղելի է տեսական մոտեցման հետ:
Նախ, «ժողովրդավարություն» եզրը հաճախ համարում են «ազատական ժողովրդավարություն» հասկացության հոմանիշ: Վերջինս, սակայն, բաղկացած է երկու ինքնուրույն գաղափարից: Ազատականության ու ժողովրդավարության համատեղելիությունն այնքան էլ ակնհայտ չէ: Դրանց միջեւ գոյություն ունի տարբերություն եւ նույնիսկ լարվածություն, ինչը ստիպում է տարբեր տեսանկյուններից մեկնաբանել ազատականությունը: Երկրորդ, չի կարելի անտեսել սկզբունքային տարբերությունները, որոնք առկա են նորաստեղծ ժողովրդավարական եւ այն երկրներում, որոնք ունեցել են պետականության երկար ուղի: Կարելի է պնդել, որ «հասուն ժողովրդավարություն» է հաստատվել այն երկրներում, որոնք կարողացան հասնել ազատական եւ ժողովրդավարության սկզբունքների իրենց ուրույն համատեղությանը:
Երրորդ տարբերությունը, որը նպատակահարմար եմ գտնում առաջարկել, ազատական ժողովրդավարության, այսպես կոչված, «բնիկ» եւ «ներմուծված» մոդելների տարբերությունն է: Ժամանակակից ժողովրդավարությունը ծնունդ է առել Եվրոպայի հյուսիս-արեւմուտքում եւ Հյուսիսային Ամերիկայում: Հետագայում ժողովրդավարական մոդելը տարածվել է աշխարհում եւ այժմ, թվում է, թե գերիշխում է աշխարհում՝ «սառը պատերազմում» կոմունիզմի վերջնական պարտությունից հետո:
Կարելի՞ է, արդյոք, համարել, որ ժողովրդավարության ստեղծման պատմական հիմնավորումները համատեղելի են վերջինիս տարածման սկզբունքների հետ: Կարելի՞ է, արդյոք, պնդել, որ ազատական եւ ժողովրդավարական սկզբունքների համատեղելիությունը նույնատիպ է եղել «բնիկ» եւ «ներմուծված» ժողովրդավարությունների դեպքում: Եվ նո՞ւյնն է, արդյոք, այս երկու դեպքերում ազգայնականության դերը: Պատասխանը իմ կարծիքով միանշանակ է՝ ոչ: Եվ վերջապես անհրաժեշտ է հաշվի առնել, որ անցումը կատարվում է «կոմունիզմից» դեպի ազատական ժողովրդավարություն: Պատմության բոլոր նախորդած շրջաններում նման անցումները իրականանում էին ավելի ավանդական հասարակարգերից: Ենթադրո՞ւմ է, արդոք, դա, որ ազգայնականությունը այս պարագայում ժողովրդավարական վերափոխության ժամանակ ավելի սկզբունքային դեր կխաղա: Ես կարծում եմ՝ այո, համենայնդեպս, Հայաստանի Հանրապետության համար:
Ազգայնականությանն ուղղված բազմաթիվ մեղադրանքները՝ հանուն ժողովրդավարության, իրականում մեղադրանքներ են հանուն ազատականության: Ի տարբերություն ազատականության, ազգայնականությունը առաջին տեղ է մղում այն, ինչը կախում չունի անձի ընտրության հետ: Սկզբունքորեն առանձին անհատը կարող է ընդունել ամբողջական հոգեւոր համակարգի առկայությունը, անգամ մնալով այն տեսակետին, որ այդ համակարգի հիմնական պահանջների իրականացումը, ի վերջո, անհատի բարոյական ընտրության եւ գիտակցության արդյունք է, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց խմբի պարտադրանք: Ազատական գաղափարախոսությունը տեսականորեն բաժանում է, ոչ թե համախմբում է մարդկանց:
Սակայն միայն ազատական սկզբունքները քարոզող եւ ընդունող համայնքներին հաջողվեց հասնել կայուն քաղաքացիական համերաշխության: Ի տարբերություն այլ գաղափարախոսությունների, որոնք մարդկության պատմության ընթացքում հանգեցնում են բռնությունների: Բոլոր փորձերը՝ «աշխարհը համախմբելու» համընդհանուր «դոկտրինների» հիման վրա (օրինակ, քաղաքականացված քրիստոնեությունը կամ իսլամը), բերում են միայն ազգամիջյան պատերազմների:
Շարունակելի