Լրահոս
Օրվա լրահոսը

Միջբակային առաջնություններ՝ բազմաֆունկցիոնալ դաշտերում

Հունիս 25,2007 00:00

\"\"Արդեն երկրորդ տարին է, ինչ Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ համայնքների միջեւ կնքված եռակողմ պայմանագրի շնորհիվ մայրաքաղաքի բակերում ֆուտբոլի հարմարավետ փոքր դաշտեր են կառուցվում:

Նախնական ծրագրի համաձայն, հանրապետությունում նմանատիպ շուրջ 40 մարզադաշտ պետք է կառուցվեր, որից 20-ը՝ Երեւանում: Սակայն փորձը ցույց տվեց, որ այս թիվը բավարար չէ, եւ ծրագիրը պետք է շարունակելի դարձնել: Բայց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Արմեն Նիկողոսյանը փաստում է, որ այս ծրագրի իրագործումից որոշ մարզեր հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ համապատասխան ներդրումներ չեն կարող անել: Արդյունքում՝ երեւանյան դաշտերի թիվն ավելացել է եւս 4-ով:

Փոքր դաշտերը հարմարեցված են նաեւ վոլեյբոլ, բասկետբոլ մարզաձեւերին: Ներկայումս մայրաքաղաքում բազմաֆունկցիոնալ 17 բակային դաշտ է գործում. 2-ը՝ Արաբկիր, 3-ը՝ Կենտրոն, 4-ական՝ Նոր Նորքում եւ Ավանում, եւ 1-ական էլ՝ Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ, Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Մնացածը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ: Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակների կառուցման համար Երեւանի քաղաքապետարանը անհատույց օգտագործման հողեր է հատկացրել, որոնք համայնքները բարեկարգել եւ ասֆալտապատել են: Այնուհետեւ, ՀՖՖ-ն դրանց տրամադրել է մյուս անհրաժեշտ պարագաները՝ արհեստական խոտածածկույթ, վոլեյբոլ եւ բասկետբոլ խաղալու սարքավորումներ եւ պարագաներ:

Այս դաշտերում, բացի ամենօրյա խաղերից, դպրոցականների միջեւ կազմակերպվում են նաեւ ֆուտբոլի, բասկետբոլի, հանդբոլի եւ վոլեյբոլի մրցաշարեր՝ «Առողջ սերունդ, պահպանված հայրենիք» նշանաբանով: Արդեն ավարտվել է բասկետբոլի «Թռչող գնդակ» կոչվող առաջնությունը, որին մասնակցած 8 համայնքների պայքարում առաջին տեղը գրավել է Շենգավիթ համայնքի թիմը:

Հանրահայտ է, որ յուրաքանչյուր մարզաձեւի, այդ թվում նաեւ ֆուտբոլի, հիմքերը դրվում են հենց բակերում: Իսկ ապագա աստղերին հայտնաբերելու համար հարկավոր է, որ մարզիչները բակային ֆուտբոլը պահեն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում: Մեզ մոտ հիմա այդ գործը ստանձնել են սկաուտ-մարզիչները: Բայց կարեւորը միայն ապագայի պրոֆեսիոնալ մարզիկների հայտնաբերումը չէ, այլ սպորտի նկատմամբ զանգվածային ուշադրության ապահովումը: Արդեն կարելի է արձանագրել, որ բազմաֆունկցիոնալ մարզադաշտերի ստեղծմամբ, ինչպես նաեւ մրցաշարերի կազմակերպմամբ՝ միջբակային աշխույժ շարժում է սկսվել:

Ցավոք, այս լավ գործին որոշ տեղերում իմիջիայլոց են վերաբերվում: Բակային դաշտերը մշտական խնամքի կարիք ունեն եւ որպեսզի երկար կյանք ունենան, պետք է ամեն տարի ներկվեն, անհրաժեշտ է ինչպես բուն խաղադաշտում, այնպես էլ դրա շրջակայքում կատարյալ մաքրություն ապահովել. մի բան, ինչն ամեն տեղ չէ, որ կատարվում է, թեեւ տեղերում դրա համար պատասխանատու անձինք են նշանակվել: Մարզադաշտերն առայժմ լավ են պահպանվում Ավան համայնքում, իսկ Կենտրոնում պատկերը հակառակն է: Բացի պահպանությունից, թաղային համայնքները պետք է հոգային նաեւ դաշտերի գիշերային լուսավորության խնդիրները, ինչը նույնպես առայսօր լուծված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել