Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆ ՎԱԶՈՐԴԸ ԿՊԱՅՔԱՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ

Հունիս 25,2007 00:00

\"\"81-տարեկան հասակում էլ Սերգեյ Սարուխանյանը միջազգային մրցասպարեզներում շարունակում է ներկայացնել Հայաստանը:

«Մշտապես կապ եմ պահում աշխարհի վետերան վազորդների հետ, ովքեր ինձ տեղեկացնում են աշխարհի տարբեր երկրներում պարբերաբար կազմակերպվող միջազգային առաջնությունների մասին: Հովանավոր գտնելու դեպքում՝ մասնակցում եմ դրանց: Առաջիկայում պատրաստվում եմ մասնակցել Իտալիայում կայանալիք վետերան ատլետների աշխարհի 17-րդ առաջնությանը: Այնտեղ ոսկե մեդալի համար պետք է պայքարեմ, իսկ արդյունքի հասնելու համար 5 կմ տարածությունը 27 րոպեում պետք է հաղթահարեմ: Այս առաջնությանը մոտ 30 երկրից 40-90 տարեկան վետերան վազորդ է մասնակցելու: Ինձ համար լուրջ մրցակիցներ եմ համարում բելգիացի, նորվեգացի եւ ֆինն մասնակիցներին»,- ասում է աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Միջազգային Գրան պրի մրցանակի գավաթակիր եւ ոսկե մեդալակիր Սերգեյ Սարուխանյանը: Նա նշում է, որ 2006-ին Ավստրիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել է 2 բրոնզե մեդալով. «Ավստրիայում վազքի 2 տարածություն եմ անցել՝ 1500 եւ 3000 մետր»: Հայկական սպորտի պատմության մեջ ոչ մի հայ վազորդ, Սերգեյ Սարուխանյանից բացի, միջազգային մրցասպարեզներում մրցանակի չի արժանացել: Իսկ Ս. Սարուխանյանը Հայաստանը ներկայացրել է աշխարհի 25 երկրում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում: Նա նշում է, որ բոլոր երկրներից էլ գավաթներ, մեդալներ ու պատվոգրեր է բերել: Ալեհեր վազորդը կարեւորում է 2000 թվականից հետո միջազգային առաջնություններում ստացած իր մրցանակները, քանի որ այս ժամանակահատվածում նա մրցել է իրենից ավելի երիտասարդ հակառակորդների հետ:

Ս. Սարուխանյանը նշում է, որ վազքի սիրահարների թիվը Հայաստանում այնքան էլ մեծ չէ, պրոֆեսիոնալ վազորդներն ավելի քիչ են: «Արդեն 65 տարի է՝ կրոսավազք մարզաձեւով եմ զբաղվում, այսօր էլ շարունակում եմ իմ ամենօրյա մարզումները՝ առավոտյան 30 րոպե մարզվում եմ, վազում եմ 5-10 կմ: Մարզումների ժամանակ ինձ են միանում բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ եւ մինչեւ 85 տարեկան տարեցներ, որոնց ես փոխանցում եմ վազելու իմ տեխնիկան, փորձը, սպորտի հետ կապված խորհուրդներ եմ տալիս, պատասխանում նրանց հուզող հարցերին: Ծխողներին վազքի ժամանակ փորձում եմ համոզել հետ կանգնել այդ վտանգավոր սովորությունից՝ բերելով իմ օրինակը, որ այս տարիքում ես վազում եմ, իսկ ինձնից երիտասարդներն արդեն խրոնիկ հազ ունեն»,- ասում է Սերգեյ Սարուխանյանը՝ հիշելով, որ դեռ 1994-ին 50 օրում վազքով Երեւանից Աթենք է հասել՝ կտրել-անցնելով 3000 կմ, այնուհետեւ մասնակցել Հունաստանի մայրաքաղաքի օլիմպիական մարզադաշտում անցկացվող Եվրոպայի առաջնությանը. «1998-ին էլ Հայաստանի մայրաքաղաքից մինչեւ Փարիզ եմ վազել, որտեղից էլ վազքով անցել եմ Բելգիա: 45 օր տեւած իմ ճամփորդության ժամանակ 2900 կմ տարածություն եմ հաղթահարել եւ մասնակցել Բելգիայում կայացած վետերան ատլետների առաջնությանը, որտեղ ոսկե մեդալի եւ գավաթի եմ արժանացել»:

Ս. Սարուխանյանը հայտնեց նաեւ, որ մինչ Իտալիա մեկնելը, հունիսի 23-ին կմասնակցի Օլիմպիադայի միջազգային օրվան նվիրված վազքարշավին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել