Կոռուպցիայի խնդիրների քննարկման անհրաժեշտությունը սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայում
վաղուց էր առաջացել:
Լոզանում (Շվեյցարիա) տեղակայված Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) շտաբ-բնակարանում կայացած նիստում Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) գործադիր կոմիտեն հաստատել է իր էթիկայի հանձնաժողովի առաջարկների փաթեթը, որը մշակվել է անկախ աուդիտորական «Prise Waterhouse Coopers» հայտնի ընկերության՝ 2003-2006 թվականներին ԱԻԲԱ-ի գործունեության ուսումնասիրման արդյունքների հաշվետվության հիման վրա: Առաջարկներում կան մի քանի կետեր, որոնք ուղղված են նախեւառաջ ԱԻԲԱ-ի շարքերը կոռումպացված չինովնիկներից զտելուն:
Առաջին հերթին ԱԻԲԱ-ն անհապաղ ու անվերապահորեն հրաժեշտ է տալիս կամ դադարեցնում է համագործակցությունն իր աշխատակիցների, այլ անձանց, ինչպես նաեւ կազմակերպությունների հետ, որոնք անմիջականորեն պատասխանատու են կամ անուղղակիորեն կապ են ունեցել ապօրինի գործողությունների հետ, որոնք հայտնաբերվել են աուդիտորական ստուգումների ժամանակ: Դա ամենից առաջ վերաբերում է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար, թուրք Կաներ Դագանելին եւ նախկին նախագահ, պակիստանցի Անվար Չաուդրիին:
Երկրորդ, էթիկայի հանձնաժողովն ԱԻԲԱ-ին առաջարկել է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, ներառյալ դատարան դիմելը, կազմակերպությանը՝ այդ անձանց կողմից հասցված նյութական վնասները փոխհատուցելու համար: Դրանից գոյանալիք միջոցները կկուտակվեն հատուկ ֆոնդում, որը նախատեսված է բացառապես մարզիկներին աջակցելու համար:
ԱԻԲԱ-ի բարեփոխումների գործընթացը, որի մի մասն էլ գործկոմի այս որոշումն է, նախաձեռնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ 2004 թվականին Աթենքում կայացած ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո: Այն ժամանակ ՄՕԿ-ը «սառեցրել» էր օլիմպիական խաղերի անցկացման եկամուտներից ԱԻԲԱ-ին հասանելիք $1,1 միլիոնի հատկացումը՝ պահանջելով կազմակերպությունում բարեփոխումներ իրականացնել, մասնավորապես՝ լուծել ոչ օբյեկտիվ մրցավարության խնդիրները:
Հատկապես Կաներ Դագանելի ապօրինություններից (իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում նա բոլոր օլիմպիական խաղերում եւ աշխարհի առաջնություններում ղեկավարում էր հենց մրցավարությունը) տուժել են տասնյակ երկրների հազարավոր բռնցքամարտիկներ: Հիշենք 1999 թվականին Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ մրցավարները փակեցին Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Վախթանգ Դարչինյանի եւ մեր մյուս բռնցքամարտիկների ճանապարհը: Նույն առաջնությունն ավարտվեց աննախադեպ սկանդալով, երբ եզրափակիչ հանդիպումների օրը կողմնակալ մրցավարության պատճառով մարզաձեւի անվիճելի առաջատար Կուբայի հավաքականը բոյկոտեց առաջնությունը եւ ցուցադրաբար լքեց դահլիճը՝ չմասնակցելով եզրափակիչ մարտերի մեծ մասին: Բարեփոխումները սկսվել են AIBA-ի ամենացավոտ՝ մրցավարության էլեկտրոնային համակարգում: Եթե Չիկագոյում կայանալիք աշխարհի այս տարվա առաջնությունում ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները հավանություն տան կատարված փոփոխություններին, ապա դրանք կկիրառվեն նաեւ եկող տարի Պիկինի ամառային օլիմպիական խաղերում:
Ներկայումս մրցավարության էլեկտրոնային համակարգը հիմնված է հետեւյալ սկզբունքի վրա: Բռնցքամարտիկին միավոր գրանցվում է միայն այն դեպքում, եթե կողային հինգ մրցավարից երեքը կոճակը սեղմում է միաժամանակ: Նոր տարբերակով առաջարկվում է միավորների պարզեցված հաշվարկ: Մրցավարներից յուրաքանչյուրը կատարում է հարվածների իր հաշվարկը: Մարտի ավարտից հետո արձանագրված հինգ արդյունքներից չեն հաշվվում միավորների ամենից շատ եւ ամենից քիչ տարբերություն գրանցած գնահատականները:
Գնահատման այս նոր սկզբունքի մշակումով զբաղված կոմիտեի նախագահ Գերհարդ Հայբերգը տեղեկացնում է, որ մրցավարության այս սկզբունքը հաջողությամբ կիրառվում է դահուկային ոստնակացատկում: Նրա խոսքերով, մրցավարության նախկին համակարգն արդեն անկիրառելի է, քանի որ այն խարդախությունների համար սողանցքեր է թողնում: Հայբերգը նաեւ ավելացրել է, որ նոր համակարգը հիմա թեստավորման աշխատանքների ակտիվ փուլում է: