Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԴԵՄ Է ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ

Հունիս 25,2007 00:00

\"\"Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի՝ 2010 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում անցկացնելու դեմ գործադրած ջանքերն ապարդյուն անցան:

Պրահայում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդների 33-րդ եւ աղջիկների 13-րդ առաջնության օրերին, ավելի ստույգ՝ հունիսի 8-ին, կայացել է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (IWF) համաժողովը, որտեղ որոշվել է, որ Հայաստանը 2008 թվականին ընդունելու է եվրոպական ֆեդերացիայի (EVF) համաժողովը, որի ընթացքում կայանալու է նաեւ նախագահի ընտրությունը, ինչպես նաեւ կազմակերպելու է 2010 թվականի աշխարհի երիտասարդական եւ 2011 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունները:

Համաժողովի մասնակից 128 ազգային ֆեդերացիաների պատվիրակների մեջ եղել է նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ Սամվել Խաչատրյանը, ում առաջարկով էլ IWF-ն կայացրել է վերոնշյալ որոշումները: Հայաստանի թեկնածության քննարկման ժամանակ տեղի են ունեցել հետաքրքիր իրադարձություններ, որոնց մասին Ս. Խաչատրյանը պատմեց «Առավոտին»:

«Նախ ասեմ, որ համաժողովում օրակարգային առաջին հարցը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ մասնակցության խնդիրն էր,- ասաց նա:- Համաձայն արդեն հաստատված որոշման, ծանրորդներն օլիմպիական ավանում պետք է լինեն մարզաձեւի մրցումների մեկնարկից առնվազն ութ օր առաջ: Ցանկացած պատճառաբանությամբ թեկուզ մեկ րոպե ուշանալու դեպքում տվյալ երկիրը զրկվելու է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Դրա նպատակը մասնակիցների դոպինգ ստուգումն անցկացնելն է: Դրանից հետո համաժողովն անցավ 2010 թվականի ու հաջորդ տարվա աշխարհի ու Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնությունների կազմակերպմանը հավակնող երկրների թեկնածությունների քննարկմանը, քանի որ մեր մարզաձեւում սահմանված կարգի համաձայն՝ այդ երկրները պետք է հայտնի դառնան մրցումների անցկացումից երեք տարի առաջ: Ես դեռ անցած տարի էի առաջարկել Հայաստանի թեկնածությունը եւ այդ առաջարկը հաստատել էի նաեւ այս տարվա մարտին՝ Իտալիայում: Մեզ հետ մրցակցում էին ԱՄՆ-ն, Ինդոնեզիան եւ Քուվեյթը: Քվեարկութամբ ձայների 127 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ համաժողովը վստահեց Հայաստանին: Միակ դեմ քվեարկողը Թուրքիայի ֆեդերացիայի նախագահն էր: Հետաքրքիր էր, որ մինչեւ քվեարկության անցնելը՝ նա ձայն խնդրեց եւ ներկաների առջեւ հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս են նրանք տեսնում աշխարհի առաջնությունը Հայաստանում նշանակելու հարմարությունը, երբ հայ-ադրբեջանական պատերազմը դեռ չի ավարտվել, թե իբր Հայաստանն ի վիճակի չէ ապահովել մասնակիցների անվտանգությունը: Բնականաբար, ես պատասխան խոսքի իրավունք վերցրի: Հիշեցրի, որ այսօր ամբողջ աշխարհը օգնում է՝ մեղմացնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող լարվածությունը, որը, սակայն, ցանկալի արդյունք չի տալիս:

Սպորտը աշխարհում խաղաղության ու բարեկամության դեսպանն է: Ու հնարավոր է, որ նման մրցումների կազմակերպումով երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն: Հիշեցրի նաեւ, որ 2004 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվել է Թուրքիայում եւ մեր դյուցազուններն այնտեղ հանդես են եկել նորմալ: Համաժողովի մասնակիցներին իրազեկ պահեցի, որ այս տարվա սեպտեմբերին ըմբշամարտի աշխարհի առաջնությունը նշանակված է Բաքվում եւ հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ (ՀԱՕԿ-ի երեք հոգանոց պաշտոնական պատվիրակությունը բանակցություններ վարելու նպատակով մեկնել է հարեւան հանրապետություն), Ադրբեջանի նախագահը Հայաստանի մարզական պատվիրակության անվտանգությունն ապահովելու երաշխիքներ է տվել, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների հանդիպման առիթով Հայաստանի իշխանությունները սկզբից եւեթ ստանձնել են հարեւան հանրապետության պատվիրակության անվտանգության լիակատար ապահովումը: Այնպես որ, սպորտի բնագավառում մեր երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ են հաստատվում, եւ Թուրքիայի ներկայացուցչի մտահոգություններն անհիմն են ու նա չի կարող խոչընդոտ հանդիսանալ աշխարհի երիտասարդական առաջնությունը Երեւանում անցկացնելուն: Մենք կհրավիրենք եւ ուրախ կլինենք IWF անդամ բոլոր 203 երկրներին ամենաբարձր մակարդակով հյուրընկալել Հայաստանում:

Ինձնից հետո ելույթ ունեցավ Եգիպտոսի ֆեդերացիայի նախագահը: Նա հատկապես ընդգծեց, որ 1915 թ. ցեղասպանությունից հետո իր երկիրը հյուրընկալել է տեղահանված հայերին, որ հայերը ոչ միայն խելացի, ստեղծագործ ազգ են, այլեւ, լինելով փոքրաքանակ, համաշխարհային սպորտում մեծ նվաճումներ ունեն: Նա պաշտպանեց Հայաստանի թեկնածությունը: Դահլիճը նրա ելույթն ընդունեց հոտնկայս ծափահարություններով:

Եվ մի բան էլ. իմ առջեւ նստած էին Ադրբեջանի ֆեդերացիայի նախագահն ու տեղակալը: Նրանք ոչ միայն այդ բանավեճին չմասնակցեցին, այլեւ քվեարկեցին աշխարհի առաջնությունը Երեւանում անցկացնելու օգտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել