Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ի վճիռն այսօ՞ր կիմանանք

Հունիս 25,2007 00:00

\"\"Նիստի առաջին օրը գործկոմի անդամները Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը անդրադառնալու ժամանակ չունեցան:

Երեկ Հոլանդիայի Հերենվեն քաղաքում սկսվեց Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միության (ՈՒԵՖԱ) գործադիր կոմիտեի հերթական նիստը, որտեղ, ըստ այդ կազմակերպության ղեկավար պաշտոնյաների հավաստիացումների, վերջնական որոշում է կայացվելու նաեւ Եվրոպայի 2008 թվականի առաջնության խմբային մրցաշարի՝ 2007 թվականի սեպտեմբերի 8-ին եւ 12-ին կայանալիք Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների հանդիպումների անցկացման վայրի ընտրության մասին:

«Առավոտի» տեղեկություններով, այն գործկոմի օրակարգային առաջնային հարցերի ցանկ մտցված չէր, սակայն անպայման պետք է քննարկվեր «Այլ հարցեր» բաժնում: Գործկոմի անդամները խնդրի շուրջ պետք է արտահայտեին իրենց տեսակետները, իսկ վերջնական վճիռ կայացվելու էր դրանից հետո եւ արդյունքների մասին հայտարարվեր այսօր օրվա երկրորդ կեսին՝ նիստի աշխատանքների ավարտին նախատեսված մամուլի ասուլիսում: Այս մասին տեղեկացնում են նաեւ Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցները:

ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղար Ուիլյամ Գալյարդի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները խնդրի քննարկմանը չեն հրավիրվել: Սակայն որոշումը նրանց ուղարկվելու է հենց կայացման օրը: Այդուհանդերձ, Եվրոպայի ֆուտբոլային ղեկավար գերատեսչական մարմինն ինչպե՞ս կկողմնորոշվի: Տարբերակները շատ են:

Ա. Հանդիպումները, ինչպես պահանջում են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունները, անցկացնել Բաքվում եւ Երեւանում՝ կողմերին պարտադրելով ապահովել պատվիրակությունների բոլոր անդամների անվտանգությունը (Հայաստանն այդ հարցում խնդիրներ չունի), պահպանելով միջազգային մրցումների անցկացման ընդունված նորմերը: Իսկ պահանջը կատարելուց հրաժարվող երկրի հավաքականին գրանցել տեխնիկական պարտություն:

Բ. Բաքվում նշանակված առաջին հանդիպումն անցկացնել չեզոք երկրում, իսկ պատասխան խաղը՝ Երեւանում:

Գ. Երկու հանդիպումներն էլ անցկացնել չեզոք դաշտերում (այս տարբերակին հայկական կողմը դեմ է):

Սակայն պարզվում է, որ կարող է լինել նաեւ մեկ այլ տարբերակ: Ուիլյամ Գալյարդը հայտարարել է, թե հնարավոր է նաեւ, որ ՈՒԵՖԱ-ն ընդհանրապես հրաժարվի Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների միջեւ հանդիպումներն անցկացնելուց: «Դրա համար կարեւոր է երկու կողմերի պայմանավորվածությունը,- ասել է նա:- ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունը նման բան նախատեսում է: Այնպես որ, գործադիր կոմիտեի նիստում հնարավոր է ցանկացած որոշում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել