Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզիկներին բժիշկներ պետք չե՞ն

Հունիս 25,2007 00:00

\"\"2005 թվականին կառավարության որոշումով ստեղծված Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Հովակիմյանի խոսքերով, գործում է հնարավորությունների չնչին տոկոսով:

Կենտրոնի առջեւ դրված խնդիրներն են՝ մարզիկների բժշկակենսաբանական եւ հոգեբանական ուսումնասիրությունների իրականացումը, հակադոպինգային հետազոտությունների կատարումն ու հսկողության իրականացումը, հավաքական թիմերին համալիր գիտական խմբերով ապահովելը, մարզիկների վերականգնողական միջոցառումների եւ մանկապատանեկան մարզադպրոցներում մարզվողների բժշկական հսկողության կազմակերպումը: Այստեղ աշխատում է բարձրագույն կրթությամբ 20 բժիշկ, վերջերս ստեղծվել են բաժանմունքներ՝ վերականգնողական եւ ֆիզիոթերապիայի, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր: Մոտ ապագայում դրանց ավելանալու են ատամնաբուժարանը եւ մանիպուլյացիոն փոքր վիրաբուժության բաժանմունքը: Իսկ տեղադրված ժամանակակից սարքավորումներին կնախանձեն շատ բուժհիմնարկներ:

«Այդուհանդերձ, նպատակային աշխատել չենք կարողանում՝ չլուծված բազմաթիվ կազմակերպական խնդիրների պատճառով»,- ասում է Ա. Հովակիմյանը, որը մտադիր է առկա բոլոր հարցերը ներկայացնել սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Արմեն Գրիգորյանի ուշադրությանը: «Ունենք կանոնադրություն, որով առաջնորդվում ենք, սակայն արդյունավետ համագործակցություն չի ստացվում: Պետք է հստակեցվեն մեր, ֆեդերացիաների ու մարզադպրոցների պարտականությունները եւ իրավունքները, թե ով ինչի համար է պատասխանատու: Չգիտենք՝ բոլո՞ր մարզաձեւերին ենք պարտավոր սպասարկել: Եվ եթե սպասարկում ենք, ո՞վ է վճարելու: Օրինակ, կազմում ենք տարեկան աշխատանքային գրաֆիկ, որը, սակայն, գրեթե չի գործում, որովհետեւ շատ բան կախված է ֆեդերացիաների նախագահների, հավաքականների մարզիչների, մարզադպրոցների տնօրենների ցանկությունից: Հստակեցված չէ՝ համատեղ աշխատելու համար մե՞նք ենք դիմելու ֆեդերացիաներին, թե՞ նրանք՝ մեզ, թիմերն ու մարզիկնե՞րը պետք է գան կենտրոն՝ հետազոտվելու, համապատասխան սպասարկում ստանալու, թե՞ մեր մասնագետներն են նրանց հետ մեկնելու մարզումների եւ ուսումնամարզական հավաքների: Անհայտ է, թե հավաքականների բժիշկները մասնագիտական ի՞նչ կրթություն եւ կարգավիճակ ունեն: Նրանց մեծ մասի կապը կենտրոնի հետ՝ սահմանափակվում է ընդամենը պահանջագրով դեղեր ստանալով: Էլ չեմ ասում, որ հավաքականներ էլ կան, որոնք ընդհանրապես բժիշկ չունեն: Մինչդեռ, նրանք պետք է պայմանագրային հիմունքներով դառնան մեր աշխատակիցն ու յուրաքանչյուր մարզիկի այս կամ այն նշանակումը կատարելիս պարտադիր խորհրդակցեն մեր մասնագետների հետ, որովհետեւ իրենք չգիտեն ժամանակակից մարզական բժշկության պահանջները: Ավելին, հավաքականներ կան, որտեղ բժշկի պարտականությունը, ելնելով իրենց ունեցած կցկտուր պատկերացումներից, տարիներ առաջ լսածից կամ տեսածից, մարզիչներն են ստանձնել ու նաեւ որոշում են, թե մարզիկն ինչ վիտամին-վերականգնիչներ եւ սնունդ պետք է ընդունի: Այս խնդիրները կենտրոնի նախկին ղեկավարները չեն բարձրացրել եւ գուցե այդ պատճառով են դրանք դուրս մնացել մարզական ղեկավարների տեսադաշտից:

Վերջին հաշվով հարկավոր է հասկանալ, որ բոլորս կոչված ենք միասին անել պետության համար կարեւոր գործ՝ ունենալ առողջ ու լավ մարզիկներ, միջազգային մրցումներում, առավել եւս եկող տարի կայանալիք օլիմպիական խաղերում ապահովել կայուն ու բարձր արդյունքներ, մի բան, որն անհնարին է առանց սպորտային բժշկության: Դա ես չեմ ասում: Այդպես է ամբողջ աշխարհում: Եթե այսօրվանից ամեն բան դրվի ամուր հիմքերի վրա, կազմվի ծրագիր ու հետեւողականորեն իրագործվի, հավաստիացնում եմ, որ 2008 թվականին Հայաստանի մարզիկներն անպայման արդյունքներ ցույց կտան:

Մեր կենտրոնի առջեւ դրված խնդիրներից մեկն էլ հակադոպինգային հետազոտությունների կատարումն է: Բայց դրա համար միջազգայնորեն ճանաչված լիցենզիա է պետք: Չգիտենք, հետագայում մենք նման գործունեություն (թեկուզ ոչ Քյոլնի լաբորատորիայի մակարդակի) ծավալելո՞ւ ենք: Եթե այո, ուրեմն լրացուցիչ գումարներ են պահանջվելու սրվակներ եւ այլ պարագաներ ձեռք բերելու համար: Իսկ եթե ոչ, ավելի լավ կլինի այդ պարտականությունները մեզանից վերցնեն»:

Հ. Գ. Աշոտ Հովակիմյանը մեզ պատմեց չկիրառվող բազմաթիվ այլ խնդիրների մասին, որոնք տեղի սղության պատճառով դուրս մնացին: Դրանց կանդրադառնանք առաջիկա համարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել