Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՎ ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ՆԱԽԱՐԱՐ ԴԱՌՆԱԼ»

Հունիս 25,2007 00:00

\"\"«Առավոտին» տված հարցազրույցում ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը, բայց կոնկրետ ծրագրերի մասին պատմել խոստացավ ավելի ուշ:

– Նախ, շնորհավորում եմ ձեզ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պորտֆելը ստանալու առիթով:

– Շնորհակալություն:

– Առաջարկը միանգամի՞ց ընդունեցիք:

– Այո, որովհետեւ սպորտում՝ պետական կառույցում եւ օլիմպիական կոմիտեում, աշխատում եմ երկար տարիներ ու կարծում եմ՝ ոլորտին տիրապետում եմ: Պատկերացնում եմ նախարարի աշխատանքի ծանրությունն ու պատասխանատվությունը ու զգում, որ կարող եմ արդարացնել վստահությունը:

– Այլ թեկնածուներ եղե՞լ են:

– Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ:

– Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանի օրոք ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում արմատական լուրջ բարեփոխումներ սկսվեցին. ընդունվել են «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները, հստակորեն տարանջատվել են սպորտի պետական կառույցի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի ֆունկցիաները, հանրապետության ամբողջ տարածքում մարզական լայնածավալ շինարարություն է կատարվում, որին զուգահեռ՝ իրականացվում է գույքային ծրագիր, Ծաղկաձորում կառուցվել է գերժամանակակից ճոպանուղի, օլիմպիական մարզաբազան հիմնանորոգվում է, հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկան մտել է ավարտական քննությունների ցանկ, պետությունն սկսել է արժանիորեն գնահատել մեր առաջատար մարզիկների, նրանց մարզիչների ու մարզադպրոցների ծառայությունները, Հայաստանում բնակվող օլիմպիական եւ աշխարհի չեմպիոնները ցմահ բավականին բարձր թոշակ են ստանում: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր անձնական միջոցներից պատկառելի գումարներ ներդնելով հանրապետությունում սպորտի զարգացման գործում՝ մեծապես աջակցում է պետությանը: Թվարկվածը բարեփոխումների միայն մի մասն է: Հիմա հարկավոր է դրանք խորացնել ու զարգացնել: Դուք նոր ծրագրեր ունե՞ք:

– Բոլոր այդ ծրագրերն անպայման շարունակվելու եւ հասցվելու են ավարտին: Կյանքն առաջ է ընթանում եւ, բնականաբար, ժամանակակից զարգացումներին համապատասխանող ծրագրեր են հարկավոր, որոնք այս պահին մշակման փուլում են: Բայց կխնդրեի՝ այդ մասին խոսենք ավելի ուշ, երբ դրանք արդեն վերջնական տեսքի բերված կլինեն:

– Նախարարությունն զբաղվելու է նաեւ երիտասարդության խնդիրներով: Դա ընդգրկուն եւ պատասխանատու ոլորտ է: Ո՞ր խնդիրներն եք առաջնային համարում:

– Բնագավառը, իսկապես, ծանր է ու մեզ համար նոր, թեեւ ոլորտը գործել է մշակույթի նախարարության համակարգում: Ծանոթանում ենք եղած ծրագրերին, ընդհանուր իրավիճակին ու հընթացս աշխատանքները շարունակում: Կոնկրետ այս ամիս երկու խոշոր միջոցառում ունենք Ծաղկաձորում: Առաջինը երիտասարդական միջազգային փառատոնն է, երկրորդը՝ ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհուրդը: Դրանց կհաջորդի «Բազե» համահայկական միջազգային փառատոնը, որն անցկացվում է արդեն մի քանի տարի: Ուրախալի է, որ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծումով տեղերում երիտասարդության հետ տարվող աշխատանքներն ակտիվացել են: Այս ֆոնի վրա ինձ մտահոգում է, որ այդ շարժումից դուրս է մնացել Արագածոտնի մարզը: Հիմա մտածում ենք այնտեղ էլ արագ տեմպերով, բայց առանց ավելորդ շտապողականության, երիտասարդական կենտրոն հիմնել: Մեր անելիքների մեջ առաջնային եմ համարում մարզերում երիտասարդության զբաղվածության ապահովման խնդիրները:

– Նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվելու: Անշուշտ, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ: Սպորտային թեւում միջին եւ բարձր պաշտոններ զբաղեցնողները ձեր վաղեմի ընկերներն են: Եթե նրանցից որեւէ մեկի աշխատանքը չի գոհացնում, նրա ծառայություններից հրաժարվել չե՞ք դժվարանա:

– Կադրային փոփոխություններ անպայման լինելու են: Մեր առջեւ դրված են առաջադրանքներ, որոնք կատարելու համար թարմ, եռանդուն ուժեր են պետք: Իսկ ինչ վերաբերում է ընկերներին, նրանք պետք է հասկանան, որ առաջնայինը որակյալ ու արդյունավետ գործն է լինելու: Իսկ ընկերությունը կարող ենք շարունակել, հանդիպել ու շփվել աշխատանքից դուրս:

– Հիմա դուք նախարար եք ու, ինչպես ասում են, ազատ րոպե չեք ունենալու: Բայց նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն եք՝ նույնպես ծանրաբեռնված եւ ամենօրյա աշխատանք պահանջող պաշտոն: Հնարավո՞ր է, որ գործի շահերից ելնելով՝ երկրորդից հրաժարվեք:

– Այդ մասին հիմա չեմ ուզում խոսել: Այդ խնդիրը լուծում է օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա ինչպես կորոշի՝ այնպես էլ կլինի: Բայց կարծում եմ, որ այս ընթացքում ո՛չ նախարարության աշխատանքն է տուժել, ո՛չ օլիմպիական կոմիտեինը:

– Նախարարությունն ինչպե՞ս է աշխատելու լրատվամիջոցների հետ: Օրինակ, 2007 թվականի տարեկան միջոցառումների պլանը չտպագրվելու պատճառով մարզական լրագրողները չգիտեն, թե որտե՞ղ, ե՞րբ եւ ի՞նչ մրցում, մարզական միջոցառում է անցկացվում: Լուծված չէ արտագնա մրցումներում մեր մարզիկների ցույց տված արդյունքների մասին օպերատիվ տեղեկատվություն ստանալու հարցը:

– Դիտողությունը տեղին է: Մարզական միջոցառումների տարեկան պլանը, լինելով նաեւ ֆինանսական փաստաթուղթ, չի տպագրվել, քանի որ բյուջեից ֆինանսավորումը տրվել էր անմիջապես ֆեդերացիաներին: Եկող տարվա համար անպայման նման մի գրքույկ կտպագրենք, որն ավելի շատ ուղեցույցի դեր կկատարի: Լրատվական ծառայությունն անպայման ուժեղացնելու ենք ու պահանջելու ամենօրյա կապ պահպանել ԶԼՄ-ների հետ: Ես դա ձեզ խոստանում եմ: Իսկ ինչ վերաբերում է դրսում մեր մարզիկների մրցելույթներից ստացվելիք օպերատիվ տեղեկատվության ստացմանը, կոնկրետ դեղատոմս դժվարանում եմ տալ: Դրանով պետք է մտահոգված լինեն ֆեդերացիաները եւ հավաքականների մարզիչները: Բայց, կարծում եմ, բավականին օպերատիվ աշխատում են մրցաշարերն անցկացնող կազմկոմիտեների պաշտոնական ինտերնետային կայքերը: Լրագրողները կարող են օգտվել նաեւ ՀԱՕԿ-ի կայքից, որտեղ ինֆորմացիան մշտապես թարմացվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել