Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենակպչունը մեր մտքերն են

Հունիս 25,2007 00:00

\"\"Մասնագետները պարզել են, որ աշխարհում ամենաշատը հայերն ու հրեաներն են տառապում կպչուն-սեւեռուն մտային խանգարումների համախտանիշով:

Հայաստանում եւ Իսրայելում բնակչության շրջանում մտքի կպչուն-սեւեռուն խանգարումները (ԿՍԽ) աշխարհում ամենացայտունն են եւ նորմայից բարձրը:

Ճանաչված հոգեբան Խաչատուր Գասպարյանը «Առավոտին» հայտնեց, որ այդ հիվանդությունը հանդիպում է յուրաքանչյուր 200 երեխայից 1-ի մոտ: «ԿՍԽ-ով տառապող երեխան կարող է, օրինակ, վախենալ, թե իր կամ ընտանիքի անդամների հետ հնարավոր է դժբախտություն պատահի, տուն ներխուժեն գողեր, վնասեն իրենց եւ այլն: Նման ախտանիշներով երեխաները, ծնողների քնելուց հետո, հնարավոր է, անվերջ ստուգեն՝ արդյո՞ք փակ են տան բոլոր դռներն ու պատուհանները, գազի փականները: Դրանով նրանք իբր «թեթեւացնում» են իրենց վախը: Իսկ ավելի մեծ տարիքում դեռահասը կարող է վախենալ, թե կհիվանդանա, ասենք, ՁԻԱՀ-ով կամ կթունավորվի սննդից, մարդկանց հետ շփումից վարակներ ձեռք կբերի: Նրանք կարող են սեւեռվել կոնկրետ մտքի վրա, օրինակ, ձեռքերը անընդհատ լվանալ՝ իբր զանազան մանրէներից խուսափելու համար: Կարող են նաեւ խուսափել մարդկանցից կամ, ասենք, «մոտալուտ վտանգի» զգացողությունը սպանելու համար մտքում հաշվել»,- տեղեկացրեց Խ. Գասպարյանը: Հարցին, թե ԿՍԽ-ն փոխանցվո՞ւմ է գեներով, մասնագետը դրական պատասխանեց, հավելելով, որ դա ուղեղի խանգարում է. «Բայց դա չի նշանակում, որ ԿՍԽ-ի ախտանիշը պարտադիր երեխային կփոխանցվի հիվանդ ծնողից»:

Հետաքրքրվեցինք՝ երեխան, դեռահասը կամ ԿՍԽ-ով տառապող հասուն մարդը հավանաբար անհարմար կզգա դիմել մասնագետի, արդյո՞ք Հայաստանում կա այս հիվանդությամբ տառապողների մասին հստակ վիճակագրություն: «Կոնկրետ թիվ չկա, բայց փաստ է այն, որ մեզանում գնալով ձեւավորվում է նման հիվանդների կողմից մասնագետին դիմելու մշակույթ: Ինչ խոսք, այս հիվանդությամբ տառապողներից շատերը կարծում են, թե նման խանգարումները խելագարության նշաններ են եւ քաշվում են բժիշկներից: ԿՍԽ-ով տառապողները կարող են ճիշտ բուժում ստանալ միայն մասնագետի, հոգեբանի մոտ: Հիվանդի շրջապատը, ընտանիքի անդամները պետք է գիտակցեն, որ մասնագետին դիմելը անհրաժեշտություն է, միայն ԿՍԽ-ից ձերբազատվելու դեպքում տվյալ անձը հասարակության լիիրավ անդամ կլինի եւ մարդկանց հետ կկարողանա նորմալ հարաբերվել»,- հայտնեց պարոն Գասպարյանը: Հարցապնդմանը, թե ինչո՞ւ հատկապես հայերի մոտ է այդ հիվանդությունը տարածված, Խ. Գասպարյանն ասաց. «Մանկական հոգեբանների եւ հոգեբույժների հայկական ընկերությունը՝ Իսրայելի իր գործընկերների հետ համապատասխան ուսումնասիրություններ է իրականացնում: Շատ բաներ դեռ չենք պարզել, բայց, օրինակ, մի բան հայտնի է՝ դաստիարակության հայկական մոդելը չափից ավելի ավտորիտար է, սխալ է ծնողների վերաբերմունքը հատկապես տղա երեխաների նկատմամբ»:

Զրույցի ավարտին Խ. Գասպարյանին խնդրեցինք հնարավորինս կարճ խորհուրդ տալ ծնողներին: «Երեխային արված նկատողությունը պետք է ձեւակերպել հստակ եւ երբեք մեկից ավելի անգամ չկրկնել: Միեւնույն է, եթե երեխան ցանկանում է իր ուզածն անել, ոչ մի դիտողություն կամ ակնարկ նրան հետ չի պահի: Ի դեպ, սա հատուկ է բոլոր ընտանիքներին՝ անկախ խավից»,- ասաց հոգեբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել