Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Հունիս 25,2007 00:00

Ամիսներ անց «երգող» շատրվանները նաեւ «կպարեն», իսկ ջրային շիթերով ստեղծված էկրանին պատկերներ կպրոյեկտվեն:

Հանրապետության հրապարակի ջրավազանում ձայնալուսային բեմադրության համակարգի ձեռքբերման եւ տեղադրման համար կպահանջվի 1 մլն 400000 եվրոյին համարժեք դրամ, որը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի Երեւանի քաղաքապետարանին:

Շուրջ 30 տարի առաջ վերանորոգված «երգող» շատրվաններն արդեն շարքից դուրս էին եկել: Առաջիկայում դրանք նորովի եւ հիմնովին վերափոխված կներկայանան: Տեղ-տեղ ջրի շիթը մինչեւ 35 մետր բարձրություն կունենա: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, որի ավարտից հետո միայն կտեղադրվի գունաերաժշտական շոուն ապահովող համակարգը: Դա կիրականացնի «Aquatique show» ֆրանսիական կազմակերպությունը:

«Աննախադեպ բան է լինելու, շատ քիչ երկրներում կարող եք նման շատրվաններ տեսնել: Այդ ֆիրման եվրոպական 10-12 երկրում, այդ թվում՝ Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, արդեն իրականացրել է նման նախագծեր: Մեր տարածաշրջանում՝ Բաթումում եւ Թբիլիսիում էլ կան այդպիսի շատրվաններ, բայց մերը ավելի ճոխ է լինելու՝ կախված ջրային մակերեսի մեծությունից ու հնարավորություններից»,- հավաստիացրեց պրն Բասենցյանը: «Ժամանակին մարդիկ հաճույքով էին հավաքվում հրապարակի երգող շատրվանների շուրջը, հետեւում ջրի, լույսի գույներին ու երաժշտության խաղին: Տասնամյակներ առաջ, այն ժամանակվա չափանիշներով, դա իսկապես հետաքրքիր ու դիտարժան էր եւ Սովետական միության տարածքում՝ առաջինը: Ընդ որում, հայ մասնագետներինն էր ե՛ւ նախագիծը, ե՛ւ միտքը: Այն, ինչ արվում է այժմ, շատրվանների երկրորդ վերածնունդը կլինի: Կարծում եմ՝ մարդիկ նորից հատուկ կգան Հանրապետության հրապարակ ոչ միայն հանգստանալու, այլեւ իրենց համար ստեղծված գեղեցկությունը վայելելու: Դրանք զուտ շատրվաններ չեն լինի, կմատուցվի գեղեցիկ շոու եւ ջրային հրավառություն: Բազմաթիվ ֆունկցիաներ իրականացնող եւ էֆեկտներ ապահովող համակարգը կոմպյուտերային հսկողությամբ կաշխատի՝ նախօրոք հաստատված ծրագրով»,- շարունակեց պատմել պրն Բասենցյանը: Բացի այն, որ ձեւավոր շատրվանների 16 ծրագիր կգործի, կլինի նաեւ ջրային շիթերով էկրան, որի վրա կպրոյեկտվեն տարբեր պատկերներ, նույնիսկ շարժուն նկարներ: Քաղաքապետարանի պաշտոնյան նշեց, որ շատրվանները «կպարեն» ողջ օրը, իսկ բուն շոուն, որ ամեն անգամ տարբեր կլինի, կսկսվի միայն գիշերը՝ կոնկրետ ժամի: «Չեմ կարող այդ ամենը պատմելով ներկայացնել: Սա այն դեպքն է, երբ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել»,- ասաց նա:

Պարզեցինք, որ երբ սեպտեմբերի կեսերին ավարտված կլինեն «Գոհարիկ» տեղական ՍՊԸ-ի միջոցով իրականացվող շինարարական աշխատանքները, մեկ ամսվա ընթացքում էլ ֆրանսիական կազմակերպության մասնագետները կիրագործեն ձայնալուսային բեմադրության համակարգի մոնտաժային փորձարկման աշխատանքները:

 Հ. Գ. Տողերիս հեղինակը «Գոհարիկ» ՍՊԸ-ի հետ որեւէ առնչություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել