Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈԼԵՋՆԵՐԸ ՉԵՆ ԳՐԱՎՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ

Հունիս 25,2007 00:00

\"\"Վերջիններս վստահ չեն, թե ստացած տեսական գիտելիքներով կգրավեն գործատուին

Ըստ «Կրթությունը Հայաստանում» 2005-2006 թթ. տարեգրքի՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) թիվը Հայաստանում, 1991թ. համեմատ (68 ՄՄՈՒՀ), աճել է 20%-ով՝ 81 ՄՄՈՒՀ, իսկ սովորողների թիվը նվազել 27,3%-ով: ԿԳ նախարարության միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանը մի քանի պատճառներով է բացատրում այս փաստը. «Առաջինը՝ ոչ պետական բուհերի քանակի ավելացումն է. շրջանավարտները նախընտրում են սովորել այս կրթական հաստատություններում, քան քոլեջներում: Վերջիններս չեն գրավում դիմորդներին, քանի որ շրջանավարտների մեծամասնությունը աշխատանք չի գտնում: Երկրորդը՝ դեմոգրաֆիական խնդիրն է. եթե նախկինում մինչեւ 70 հազար շրջանավարտ ունեինք, այսօր՝ 50-60 հազար»: Ի հակադրություն Ս. Պիպոյանի դիտարկմանը՝ որոշ քոլեջների ղեկավարներ հավաստիացրին, որ ուսանողների պակաս չունեն, պարզապես իրենց պրոբլեմներն են շատ: «Լուրջ է դասախոսների վերապատրաստման հարցը։ Օրինակ՝ մեր քոլեջի մասնագետների մեծամասնությունը Հունաստան է մեկնում վերապատրաստման, սակայն ավելի արդյունավետ կլիներ, եթե տեղում դա արվեր։ Ցածր են նաեւ դասախոսների աշխատավարձերը»,- մտահոգված է Երեւանի զբոսաշրջության սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ- հունական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը:

Ս. Պիպոյանը դժվարացավ հիշել որեւէ դեպք, երբ վերջին 15 տարիներին մեր երկրում նեղ մասնագիտական առումով վերապատրաստված լինեն ՄՄՈՒՀ-ի մասնագետներ, ապա շեշտեց. «Ըստ քոլեջների կանոնադրության՝ հաստատությունների դասախոսների վերապատրաստման խնդիրը տնօրենն է կարգավորում: Իսկ մենք վերապատրաստման դասընթացներ կազմակերպում ենք միայն արտասահմանյան գրանտների հաշվին, օրինակ՝ ՏԱՍԻՍ ծրագրով՝ գերմանական GTZ կազմակերպության հետ համատեղ: Բայց սրանք միայն լեզուների թարմացմանը, մանկավարժական եւ համակարգչային գիտելիքներին են ուղղված»:

Միջին մասնագիտական հաստատություններին տրված պետական աջակցությունը հիմնականում սահմանափակվում է պետպատվերով տեղեր տրամադրելով: Օրինակ՝ Երեւանի զբոսաշրջության սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջին տարեկան մոտ 20 տեղ է հատկացվում: «Աշխատում ենք հունական ծրագրերով, ուսանողներն էլ այնտեղ են անցնում իրենց պրակտիկան: Մեր պատրաստած մասնագետները շուկայում մրցունակ են այսօր»,- համոզված է 2006-ից հայ-հունական կոչվող այս քոլեջի տնօրեն Ա. Վարդանյանը: Մրցունակության կապակցությամբ Ս. Պիպոյանը հիշեց Հայաստանում հայտնի խոշոր ընկերություններից մեկի հայտարարությունը. «Պահանջվում է փականագործ՝ բարձրագույն կրթությամբ»: «Սա միակ օրինակը չէ: Բոլորը բարձրագույն կրթությամբ մասնագետներ են պահանջում, որովհետեւ վստահ չեն, թե քոլեջներում որակյալ մասնագետներ են պատրաստում: Տեսական ուսուցումը պետք է կազմակերպել քոլեջներում, իսկ գործնականը՝ ձեռնարկություններում»,- ավելացրեց բաժնի պետը:

Ոչ պետական ՄՄՈՒՀ-ի թիվն այսօր Հայաստանում 30-ն է: Չնայած այս հաստատությունները անմիջականորեն կապ չունեն պետության հետ, սակայն շատ առիթներ են ունենում առնչվելու այս կամ այն պետական մարմնին։ «Թող պետությունը մեր գործունեությանը չխոչընդոտի՝ օգնություն չենք ուզում: Բազմաթիվ սպասված եւ չսպասված տեղերից անընդհատ այցելում են քոլեջ՝ հարկերի մուծումը ստուգելու կամ ուսման որակը գնահատելու, ինչը խանգարում է մեր աշխատանքին։ Բայց մենք պարտաճանաչ կերպով մեր կրթական ծրագրերը ներկայացնում ենք նախարարության կրթական ծրագրերի բարեփոխումների բաժին եւ որեւէ խնդիր չունենք պետական մարմինների հետ»,- հավաստիացրեց Օրբելու անվան բժշկական ոչ պետական ուսումնարանի տնօրեն Էլեոնորա Ռեւազյանը: «Վերջիններս ուզում են իրավունքներով հավասարվել պետականին, բայց չեն ուզում ընկնել մրցակցային դաշտ»,- մեկնաբանեց Ս. Պիպոյանը: Իսկ Է. Ռեւազյանն իր հերթին հավելեց. «Մեր մասնագետների մեծամասնությունը դասավանդում է նաեւ պետական բարձրագույն հաստատություններում: Նույնիսկ բուհերի ուսանողները հաճախ մեր սաների դասախոսություններով են իրենց քննությունները ստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել