Եթե Հարկայինը ճնշի բիզնեսմեններին հարկերով, վերջիններս էլ պատրաստվում են ճնշել սպառողներին՝ իրենց սահմանած գներով:
Կառավարության որոշմամբ՝ հաստատագրված վճարների ինստիտուտը պետք է վերանայվի: Այդպես է նախատեսված «ՀՀ հարկային համակարգի զարգացման 2007-2009թթ. եռամյա ծրագրով», որը կառավարությունը հաստատել է օրերս:
Այն, որ Հայաստանում հաստատագրված վճարների համակարգը զարգացման կարիք ունի, դա միանշանակ է, քանի որ վերջին տարիներին չնայած ծառայությունների եւ ապրանքների գները բարձրացել են, բայց հարկատուները շարունակում են միեւնույն ֆիքսված փոքր գումարը պետությանը վճարել: Ըստ Հարկային պետական ծառայության, մասնավորապես փոփոխման ենթակա են հանրային սննդի, բենզինի, ծխախոտի, գազի, դիզելային վառելիքի, խաղային բիզնեսի հաստատագրված վճարները, որովհետեւ դրանք խիստ շահութաբեր բիզնեսներ են, եւ կառավարությունն արդեն այս տարվա դեկտեմբերից որոշել է վերանայել այդ ոլորտի գործարարների վճարած հաստատագրված հարկերը:
Նկատենք, որ իրենք՝ գործարարները, այնքան էլ չեն սրտնեղել կառավարության այդ որոշումից, քանի որ, նրանց ներկայացմամբ՝ որքան էլ հարկերը բարձրանան, իրենք իրենց շահույթի տերն են եւ այդ ավելորդ գումարը դուրս է գալու ոչ թե իրենց, այլ սպառողի գրպանից:
Օրինակ, բենզին ներկրող «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հաստատագրված հարկերի բարձրացումը միանշանակ բերելու է գների բարձրացման. «Ճիշտ է, վերջին ժամանակներս հաստատագրված հարկի չափը չի փոխվել: Կարծեմ 2004-ին է այն վերջին անգամ վերանայվել: Այն ժամանակ 1 տոննայի հարկը սահմանվել էր 220 դոլարին համարժեք դրամ, որը կազմում էր 110 հազար դրամ, որովհետեւ դոլարի կուրսը 550-ով էին հաշվում, իսկ հիմա, եթե կուրսը 342-ով հաշվենք՝ 75 հազար դրամ է գալիս: Բայց անկախ այդ հաշվարկից, եթե հարկը բարձրացնեն՝ մենք նույնքան ստիպված ենք բենզինն ու դիզվառելիքը թանկացնել: Եթե ենթադրենք, որ մեր ապրանքն առնում ենք 10 դրամով, 5-ը տալիս ենք հարկ, 3 դրամը՝ ինքնարժեք, ծախսեր եւ 2 դրամ շահույթ ենք ունենում, հաստատագրված հարկերն ավելացնելու դեպքում մենք էլի մեր 2 դրամի տերն ենք լինելու, դրա համար պետք է վճարի սպառողը»: Պարոն Էլչյանը նկատեց, որ բենզինից հարկվող հարկերը մեր երկրում տարեցտարի պակասում են, քանի որ ավտոմեքենաների մեծ մասը՝ 60 տոկոսից ավելին, սկսել է գազով աշխատել: Դա, բնականաբար, խփում է բենզին ներկրողների գործին. «Եթե մի քիչ էլ բենզինի գինը բարձրանա՝ սպառումն է՛լ ավելի կքչանա: Առանց այդ էլ հիմա բենզինով մեքենա են վարում միայն լավ եկամուտ ունեցողները: 98-ի համեմատ մոտ 25 տոկոսով բենզինի ներկրման եւ սպառման ծավալները քչացել են»:
«Էքսիմպետրոլգրուպ» ընկերությունից նույնպես պարզաբանեցին, որ իրենք էլ բենզինի ու դիզվառելիքի գները կբարձրացնեն, եթե հաստատագրված հարկերը մեծացվեն: Ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Պետրոսյանի խոսքերով՝ «Բենզինի եւ դիզվառելիքի հաստատագրված հարկերը շատ մեծ են՝ գազի համեմատ, եւ այդ ոլորտները դարձել են անմրցունակ: Մենք անհավասար դաշտում ենք գազ ներկրողների հետ: Մեր հարկերը կառավարությունը պետք է նվազեցներ եւ գազի ներկրման հարկերն էլ ավելացներ, որպեսզի էներգետիկ բալանսը երկրում չխախտվեր»: Ինչ վերաբերում է նրան, որ բենզին ներկրողներն այդ ոլորտից գերշահույթներ են ստանում՝ ըստ Ա. Պետրոսյանի՝ «Մարդիկ բենզին գնում են սոկի բանկաներով, ի՞նչ գերշահույթների մասին է խոսքը: Այս դաշտը մեռած է, դիակ է, այստեղ չնչին շահույթներ են լինում»:
Գազի բիզնեսում հաստատագրված հարկերը նույնպես փոփոխման ենթակա են: Այդ դաշտում աշխատող մանր ու միջին գործարարները մտավախություն ունեն, որ եթե հարկերով իրենց մի քիչ էլ ճնշեն, իրենք մրցակցությանը չեն դիմանա եւ դաշտում կմնան միայն խոշոր ներկրողները: Այսպիսով, հարկերի բարձրացումը կնպաստի մենաշնորհների ձեւավորմանը, ինչը նույնպես հնարավոր է բերի գների բարձրացման:
Նախօրեին կառավարությունը որոշել էր նեղացնել նաեւ պարզեցված հարկման դաշտում գտնվող գործարարների շրջանակները: Մասնավորապես, որոշվել է թույլ չտալ, որ ներմուծողներն օգտվեն այդ հարկատեսակից:
Բնականաբար, այս փոփոխությունը նույնպես անդրադառնալու է ներմուծվող ապրանքատեսակների գների վրա: Հայաստանը ներմուծում է սուրճ, մակարոնեղեն, խմիչքներ, շաքարավազ, բուսական եւ կենդանական յուղ, մի խոսքով՝ միայն սննդամթերքի շուկայում 2008-ի հունվարի 1-ից այնպիսի կտրուկ թանկացումներ կլինեն, որ սպառողները ստիպված կլինեն քաղցած մնալ:
Պարզեցված հարկով աշխատող ներկրողների տեսակետներին՝ կապված այդ հարկման դաշտից նրանց դուրս բերելու հետ, կանդրադառնանք առաջիկայում: