Օրերս «Առավոտում» (16.06.07) տպագրված Գեղարքունիքի մարզի Սոթքի թիվ 23/57 ընտրատեղամասի՝ 4, իրարից տարբերվող տվյալների առնչությամբ մեզ զանգահարեց նաեւ այդ տեղամասում Հայաստանի ժողովրդական կուսակցության կողմից վստահված անձ Տիգրան Գրիգորյանը:
Այդ տվյալներն ամբողջությամբ տարբերվում են մեր հրապարակած 4-ից: Ըստ նրա, այս տեղամասում քվեարկել էին 1121-ը, այս թիվն էր նշել նաեւ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Դերենիկ Ոսկանյանը: Տ. Գրիգորյանի խոսքերով՝ այստեղ Հանրապետական կուսակցության օգտին շատ լավ են աշխատել. «Զինվորներին քվեաթերթիկներն արդեն կնքված էին տալիս, այսինքն՝ նրանց տալիս էին քվեաթերթիկն ու ծրարը, սպաներից մեկը նրանց փոխարեն ՀՀԿ-ի դիմաց նշում էր անում ու նորից հետ տալիս զինվորին: Նախքան քվեատուփը գցելն էլ հրամանատարն էր ստուգում, որ հանկարծ ուրիշ կուսակցության օգտին նշում արած չլինի, ու նոր ծրարը փակում ու գցում էին քվեատուփի մեջ: Ես միջամտեցի եւ հրամանատարից ստացա պատասխան. «Բա, քո կարծիքով, ո՞ւմ օգտին պիտի բանակը քվեարկեր»: Տ. Գրիգորյանը նաեւ ներկա է եղել ձայների հաշվարկի ժամանակ: Ըստ նրա՝ այստեղ 937 ձայն եղել է ՀՀԿ-ի, 45-ը՝ Դաշնակցության, 21-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 5-ը՝ ՀԺԿ-ի օգտին: 14 քաղաքացի Ժողովրդական կուսակցությանն է ձայն տվել: «Ազգային միաբանությանն» էլ ընտրել է 12, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 5, «Իմպիչմենտին»՝ 3, «Նոր ժամանակներին»՝ 2, «Օրինաց երկրին»՝ 2, «Դաշինքին»՝ 22 ընտրող: Նշենք, որ այս թվերն էականորեն տարբերվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Առավոտի» հիշյալ հրապարակման համար ներկայացված թվերից, ըստ որոնց՝ Սոթքում առաջատարներ են եղել «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները՝ հավաքելով համապատասխանաբար՝ 212 եւ 420 քվե: Ընդդիմության ներկայացուցիչներ ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը» այս տեղամասում ստացել են «0» ձայն: Իսկ ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 515-ը: «Առավոտը» երեկ էլ ԿԸՀ-ից խնդրեց եւս մեկ անգամ ներկայացնել տվյալներ այն մասին, թե այս տեղամասում որ կուսակցության օգտին քանի հոգի է քվեարկել: Պարզվեց՝ մի քանի օրում պաշտոնական թվերն արդեն փոխվել էին: Այս անգամ ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ թիվ 23/57 ընտրատեղամասում ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 15, ՀՀԿ-ի՝ 973, ՀՅԴ-ի՝ 43, «Իմպիչմենտի»՝ 3, «Նոր ժամանակների»՝ 2, «Հանրապետության»՝ 5, «Դաշինքի»՝ 28, Ժողովրդական կուսակցությանն էլ՝ 14 ընտրող: