Իր այս կարգախոսը Նիկոլ Փաշինյանը երեկ կրկնեց բազմաթիվ անգամ
Նախապես արված հայտարարության համաձայն՝ երեկ, ժամը 19:30-ին, Երեւանի Մարգարյանի անվան մոր եւ մանկան կենտրոնի մոտից «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր մի քանի տասնյակ համակիր գործընկերների ու մեր համաքաղաքացիների ուղեկցությամբ քայլերթով շարժվեց դեպի Ազատության հրապարակ:
Միջոցառումը «Իմպիչմենտի» հերթական հանրահավաքը չէր, այն նախաձեռնել էր Ն. Փաշինյանը եւ պայմանականորեն անվանել՝ «1+1…» ձեւաչափով «հրապարակային միջոցառում»: Ազատության հրապարակում, որտեղ միջոցառմանը միացան եւս մի քանի հարյուր մարդ, միակ բանախոսը Ն. Փաշինյանն էր, որը եւս մեկ անգամ կարեւորեց ներքաղաքական գործընթացներին յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության անհրաժեշտությունը: «Դուք այստեղ գալով, հավատացած եղեք, շատ լուրջ խնդիր եք լուծում: Կեցցե մենք, որ այսօր այս հրապարակում ենք եւ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք Հայաստանի բարեկեցիկ ապագայի, մեր երեխաների ազատության համար»,- հայտարարեց «Այլընտրանքի» ներկայացուցիչը: Նա կարեւորեց հատկապես երիտասարդների մասնակցությունն այսօրինակ միջոցառումներին՝ ասելով, որ նրանց ելույթ ունենալու, ինքնադրսեւորվելու, տեսակետ հայտնելու հնարավորություն կտրվի: «Իսկապես կարեւոր է, որ այս հարթակում նոր մարդիկ հայտնվեն»,- ասաց Ն. Փաշինյանը: «Այլընտրանքի» ներկայացուցչի ասելով, իր նախաձեռնած այդ ակցիաները շարունակական են լինելու: Անդրադառնալով հանրահավաքների՝ աստիճանաբար սակավաթիվ դառնալու հանգամանքին՝ Ն. Փաշինյանն ասաց, որ եթե որեւէ մեկը դա ընդդիմության կամ «Իմպիչմենտի» պարտությունն է համարում, ապա ինքը լիովին ստանձնում է դրա պատասխանատվությունը, թեեւ անձամբ դա պարտություն չի համարում: Նա խոսեց նաեւ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության՝ միասնական թեկնածուով հանդես գալու կարեւորության մասին՝ շեշտելով, որ այդ թեկնածուն պետք է որոշվի հրապարակայնորեն, նաեւ հասարակության մասնակցությամբ, որպեսզի դրա շուրջ վեճեր չլինեն: Ըստ նրա, անհրաժեշտ է, որ ընդդիմության թեկնածուն իրապես «հաղթող» թեկնածու լինի. թե ով կարող է նման դերին հավակնել՝ Ն. Փաշինյանը չկոնկրետացրեց եւ անուններ չնշեց:
Երեկվա հրապարակային միջոցառումը մասնակիցների ցանկությամբ ավարտվեց երթով՝ Ազատության հրապարակ-Թումանյան-Աբովյան փողոցներ եւ Հանրապետության հրապարակ: Մինչ այդ, դեռ Ազատության հրապարակում Ն. Փաշինյանն ասաց, թե երթերը մի նպատակ ունեն՝ «էդ իշխանական սպասարկուները, իշխանությունները չկարծեն, թե իրենք իրենց անելիքն արել են եւ վերջակետ են դրել: Վերջակետը դրված չէ, որովհետեւ վերջակետ դնողը մենք ենք լինելու եւ մենք ենք որոշելու, թե դա երբ ենք անելու»:
Երթի ժամանակ էլ նա հայտարարում էր, որ ընդդիմության եւ հասարակության հրապարակային պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում ժողովրդի իշխանություն չի հաստատվել: «Միացեք մեր պայքարին, որովհետեւ Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում երկրի վաղվա օրվա համար: Մենք համոզված ենք, որ Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես»:
Հանրապետության հրապարակում կարճ «կանգառ» եղավ, որտեղ կրկին ելույթ ունեցավ Ն. Փաշինյանը: