Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՈՒՏԵՆՔ»

Հունիս 25,2007 00:00

\"\"Երեկ հանձնաժողովների անդրանիկ նիստից հետո այդպիսի առաջարկով հանդես եկան ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանն ու տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ իրենց հանձնաժողովների անդամների հետ:

Խորհրդարանում երեկ աշխատանքային եռուզեռ էր, մշտական հանձնաժողովները հրավիրել էին իրենց անդրանիկ նիստերը, եւ նորընտիրները ծանոթանում էին հանձնաժողովների մակարդակով: Բոլոր հանձնաժողովներում էլ (բացի եվրաինտեգրման հանձնաժողովից, որի նիստը տեղի կունենա երկուշաբթի) երեկ տեղի ունեցան հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ, որը իրականում զուտ ձեւական բնույթ էր կրում, քանի որ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում անգամ տեղակալների հարցն էր լուծված:

Հասկանալի է, որ ամենից հետաքրքիրը մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամների պատկերն էր, որին երեկ մենք անդրադարձել ենք: Այս հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, թե ինչու է ընտրել հատկապես այս հանձնաժողովը. «Նախ, որ հանձնաժողովի անվան երկրորդ կեսը իմ սրտին շատ մոտ է՝ հանրային խնդիրների հանձնաժողով, ինչով որ ես զբաղվում եմ երկար տարիներ, եւ երկրորդ, դա մեր կուսակցությանը վստահած հանձնաժողով է եւ մենք խնդիր ունենք այդ հանձնաժողովում պատշաճ մակարդակով հանդես գալ»: Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են մարդու իրավունքները պաշտպանելու հանձնաժողովում ընդգրկված մականունավորները, երբ հայոց նորագույն պատմությունից հայտնի է, որ հենց իրենք եւ իրենց թիկնապահներն էին մինչեւ վերջերս խոչընդոտում մարդկանց ազատ տեղաշարժը եւ լրագրողական աշխատանքը: Արամ Սաֆարյանը մեզ հետ չհամաձայնեց. «Էդպես չի, մենք կաշխատենք, կտեսնեն ով՝ ով է: «Բարգավաճ Հայաստանը» ասել է՝ մենք քաղաքական ասպարեզ ենք գալիս անցյալի տակ գիծ քաշելու եւ նորից կյանքը սկսելու, մենք հանձնաժողովում աշխատելու ենք բոլորս միասին, ձեռք ձեռքի տված»: Հարցրեցինք՝ արդյո՞ք ուզում է ասել, որ այսուհետեւ այդ անձանց եւ նրանց թիկնապահների կողմից բռնություններ չեն լինելու լրագրողների եւ հասարակության հանդեպ: Հարցին պատասխանեց հարցով. «Դուք կարծում եք, որ մեկ հանձնաժողովով այդպիսի հարցեր կարելի՞ է լուծել»:

Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում իր հերթին ասաց, որ իր գլխավորած հանձնաժողովի ոլորտները «գերզգայուն» են, եւ իրենք գիտակցում են, որ ծանրաբեռնված աշխատանք է սպասվում, եւ ինքը լավատեսորեն է տրամադրված: Նաեւ հպարտացավ, որ իր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հատկապես այս հանձնաժողովն է ընտրել. «Ես շնորհակալ եմ պարոն Ծառուկյանի ներկայությունից եւ կարծում եմ, որ այդ ներկայությունը պետք է մեր աշխատանքը եւ այդ թվում նաեւ իմ աշխատանքը բնականոն հունի մեջ դնելու համար»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ընտրել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, այլ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը, եւ իր այս ընտրությունը այսպես բացատրեց. «Ես գտնում եմ, որ մարդու իրավունքների ոլորտն ԱԺ-ում ավելի շուտ մաս է կազմում եվրաինտեգրման հարցերի»: Իսկ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի յուրահատուկ կազմի մասին տիկին Ալավերդյանն իր կարծիքն ունի. «Այդ կազմը բնութագրում է վերաբերմունքը մարդու իրավունքների ոլորտին, կարծես թե մտածել են, որ դա հենց այն ոլորտն է, որտեղ անելիք չկա: Ես գիտեմ այդ հանձնաժողովում մարդիկ, ովքեր այդ հանձնաժողովի նշանակությունը զգալով են ընտրել այն եւ դա մարտահրավեր է այն, մարդկանց համար, ովքեր ոչինչ չանելու համար են ընդգրկվել այդ հանձնաժողովում»: Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Դանիելյանը (ՀՀԿ) ասաց, որ իր համար շատ ուրախալի էր, որ հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր մաղթանքը հայտնել:

Երեկ կրքերը համեմատաբար շիկացած էին մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում: Եվ այդպես էր թերեւս այն պատճառով, որ այս հանձնաժողովում կանայք շատ-շատ են: Այս հանձնաժողովի նախագահը Հրանուշ Հակոբյանն է, իսկ տեղակալի տեղը կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում տրվել է ԲՀԿ-ին, որն էլ իր հերթին ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Սակայն «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն առաջարկեց այլ թեկնածու, իսկ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը ուղղակի հայտարարեց, որ տեղակալը գոնե պետք է ընտրվի եւ ոչ թե «նշանակվի»: ԲՀԿ-ի թեկնածուին պաշտպանեցին ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, եւ Նաիրա Զոհրաբյանը 9 կողմ եւ երկու ձեռնպահ ձայներով ընտրվեց: Հեղինե Բիշարյանը ավելի ուշ ասաց, որ «անձի հետ կապված որեւէ խնդիր չկա, ուղղակի քաղաքական մեծամասնությունը ինքը առաջարկեց՝ ինքն էլ հաստատեց, իմիտացիա էր եւ ոչինչ ավելին, իրենք իրենց թեկնածուին անցկացրին, եւ ես, որպես ընդդիմություն, ձեռնպահ մնացի»: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց. «Երբ 2003-ին ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ էր եւ հանձնաժողովների նախագահների տեղակալները ընտրվում էին նույն այսօրվա սկզբունքով՝ քաղաքական համաձայնությունների արդյունքում, տիկին Բիշարյանը այդ ժամանակ եւս լավ կաներ հիշեր, որ դա նշանակովի չէ»:

Նիստից հետո Հրանուշ Հակոբյանին հարցեր ուղղեցինք, մասնավորապես՝ այդքան կին ինչպե՞ս է ղեկավարելու, չհաշված տղամարդկանց. «Ես ուրախ եմ, ամենագեղեցիկ հանձնաժողովն է, որովհետեւ խորհրդարանի կին պատգամավորների կեսը այստեղ է, իսկ դա նշանակում է, որ բավականին հետաքրքիր եւ աշխատող հանձնաժողով է լինելու, որովհետեւ կանայք ավելի աշխատող են: Այստեղ երկու խմբակցությունների ղեկավարներ են ընդգրկված (ՀՀԿ եւ ՀՅԴ), դա խոսում է մեր հանձնաժողովի հետաքրքիր լինելու մասին, 12 անդամներից 10-ը մանկավարժներ են, 2-ը՝ դոկտորներ, 3-ը՝ գիտությունների թեկնածուներ: Առաջին նիստից ես գոհ եմ, բավականին ժողովրդավարական պայմաններում անցավ: Եղավ այլընտրանքային առաջարկություն, ասում են՝ դա ընտրություն չէ, բայց 95-ին նույնպես քաղաքական մեծամասնությունը ինձ էր հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջարկել, ընտրվեց մեկ ուրիշը, եւ կարծում եմ՝ այստեղ խնդիր չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել