Վստահ է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը
«Ես կարծում եմ, մենք պետք է զգույշ լինենք ձեւակերպումների առումով: Հայաստանում քաղբանտարկյալներ, բարեբախտաբար, տարիներ շարունակ չեն եղել եւ այսօր էլ չկան: Հետեւաբար, մնացած մասը ինձ համար այլեւս դարձել է երկրորդական»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է պատասխանելու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, որով կոչ է արվում միանալ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի ազատ արձակման համար համապատասխան մարմիններին ներկայացված «Ժառանգություն» խմբակցության երաշխավորագրին, ասաց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր նամակի մեջ Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին համարում է քաղբանտարկյալ: Հենց դրա համար է Տիգրան Թորոսյանը զգուշության կոչ անում. «Նամակը, որտեղ խոսվում է քաղբանտարկյալների մասին, արդեն պատասխանը կանխորոշում է: Ես համարում եմ, որ այն անձինք, ում մասին խոսվում է այդ նամակում, քաղբանտարկյալներ չեն: Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Գիտեք, քաղաքական բանտարկյալ ասածը որեւէ մեկի ցանկությունով չէ, որ ձեւակերպվում է: Կան հստակ ձեւակերպումներ, որոնցով որոշվում է՝ այս կամ այն մարդը քաղաքական բանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Մնացածը շահարկումներ են: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին, ապա կարծում եմ, որ գործի քննության ավարտից հետո պատասխանները կտրվեն: Այսօր որեւէ մեկը գնահատական տալու իրավունք չունի: Որովհետեւ չի կարելի օդից գնահատականներ տալ»:
Լրագրողները նրան հիշեցրել են, որ երբ Տիգրան Թորոսյանի կուսակիցներից շատերը հայտնվում էին Խորհրդային Միության բանտերում, նրանց խորհրդային պաշտոնյաները նույնպես քաղբանտարկյալ չէին համարում: Այդ դիտարկմանը Տիգրան Թորոսյանը հակադարձեց, թե մեր տարածքում խորհրդային պետություն արդեն վաղուց գոյություն չունի. «Խորհրդային Միությունում խորհրդարանի նախագահը եւ լրագրողներն իրար հետ այսպես չէին շփվում եւ ոչ էլ այդպիսի հարցեր էին տալիս Խորհրդային Միության խորհրդարանի նախագահին: Այնպես որ, կարծում եմ, կան բազմաթիվ փաստեր՝ զգալու համար, որ վաղուց Խորհրդային Միությունը չկա, եւ համեմատությունները տեղին չեն»: Ասաց նաեւ, որ նամակին ինքը կպատասխանի այսօր:
Ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահը անդրադառնալով մեր թերթի հրապարակմանը, թե ԱԺ-ին պատկանող որոշ «Գոլդ» պետհամարանիշները գտնվում են այնպիսի մեքենաների վրա, որոնք որեւէ կապ չունեն Ազգային ժողովի հետ, երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դրանք անպայման կհանվեն այն մեքենաների վրայից, որոնք կապ չունեն խորհրդարանի հետ. «Այնպես որ, հուսով եմ, կարճ ժամանակում համարները կվերադառնան խորհրդարան: Դժվարություններ չկան, ուղղակի ամեն մի գործ ունի իր ժամանակը: Չի լինի ամեն ինչ խառնել մի տեղ եւ հետո չունենալ արդյունք որեւէ անելիքի հետ կապված: Շատ արագ այդ հարցը կլուծվի»։ Օրենսդիրներից շատերի մեքենաների վրա կան այնպիսի համարներ, որոնք գրանցված չեն ոստիկանությունում: «Սրա համար որոշ ժամանակ է պետք, բայց սա էլ է կարգավորվելու: Այսինքն՝ չպիտի լինի խորհրդարանում որեւէ մեքենա, որի վրա ոստիկանությունում գրանցված է մի համար, բայց այդ համարանիշը գտնվում է այլ մեքենայի վրա, կամ այդ մեքենայի վրա գտնվում է այլ համարանիշ: Այս ամենը պետք է կարգի բերվի»,- երեկ ասաց Տիգրան Թորոսյանը: Ըստ ԱԺ նախագահի, այդ ամենը որոշ մարդկանց համար գուցե մանրուք թվա, բայց Տիգրան Թորոսյանը կարծում է, որ Ազգային ժողովում պետք է կարգուկանոն լինի:
Տիգրան Թորոսյանը երեկ նաեւ հայտարարեց, որ աշխատակազմում արվելու են բարեփոխումներ. «Սա չի նշանակում դժգոհություն որեւէ մեկի աշխատանքից եւ չի նշանակում, որ ինչ-որ մեկի նկատմամբ կլինի ոչ համարժեք վերաբերմունք: Ճիշտ հակառակը՝ հստակորեն պետք է ձեւակերպվեն յուրաքանչյուր պաշտոնի հետ կապված պարտականությունները, լիազորությունները, հնարավորություններ ստեղծվեն դրանք լիարժեք կատարելու համար, եւ պետք է լինի անվերապահ պահանջ այդ ամենը կատարելու: Նրանք, ովքեր դա կանեն, ովքեր լիարժեք կաշխատեն, փառք ու պատիվ նրանց՝ նրանք անպայման կխրախուսվեն: Ովքեր՝ ոչ, կամ ովքեր չեն ունենա պատշաճ վերաբերմունք եւ չեն գիտակցի, որ պատիվ է Ազգային ժողովի աշխատակազմում աշխատելը, ուրեմն նրանք պետք է որոնեն այլ աշխատանք: Ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում, անվերապահորեն»,- վստահեցրեց Տիգրան Թորոսյանը:
Հ. Գ. Քանի որ դեռեւս չի ձեւավորվել ԵԽԽՎ-ում հայաստանյան նոր պատվիրակությունը, այսօր Ստրասբուրգ կմեկնեն ԵԽԽՎ-ում հայաստանյան նախկին պատվիրակության անդամներ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը եւ ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը: Խորհրդարանից դուրս մնացածներից՝ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Գուրգեն Արսենյանը մեկնելու հրավեր չեն ստացել: Ստրասբուրգ չի մեկնի նաեւ Տիգրան Թորոսյանը: