Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾԻԾԵՌՆԱԿԸ» «ԲՈՒՅՆ ԿԴՆԻ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիս 22,2007 00:00

\"\"Պուչինիի հազվադեպ բեմադրվող այս օպերան տարեվերջին կներկայացվի հայ հանդիսատեսին:

Երեւանի պետկոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան ձեռնամուխ է եղել Պուչինիի «Ծիծեռնակը» օպերայի բեմադրական աշխատանքներին: Հիշեցնենք, որ օպերային ստուդիան իր գործունեության 27 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ իրականացրել է Հայդնի «Դեղագործը», Չիմառոզայի «Դիրիժորը», Մասկանիի «Գեղջկական ասպետություն» եւ այլ օպերաների բեմադրություններ:

Մինչ դիրիժոր, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանի հետ հանդիպումը, «Առավոտը» փորձեց մասնագետներից տեղեկություններ ստանալ «Ծիծեռնակ» օպերայի մասին: Մեր զրուցակիցներից ոմանք ընդհանրապես առաջին անգամ էին լսում այդ անունը, իսկ ովքեր էլ գիտեին օպերայի գոյության մասին, ափսոսանքով հայտնեցին, որ անգամ առանձին արիաներ էլ չեն լսել:

Պարոն Միրզոյանը տեղեկացրեց, որ Պուչինիի այդ օպերան ի սկզբանե օպերետ է եղել: Հետագայում անդրադառնալով դրան, իտալացի կոմպոզիտորը հասկացել է, որ այն ավելի շուտ գրված է օպերային ժանրի բոլոր օրենքներով, հետեւաբար, կարող է լիիրավ օպերա համարվել: «Այսօրվա դրությամբ աշխարհի եւ ոչ մի օպերային թատրոնում չի իրականացվել այս օպերայի բեմադրությունը: «Ծիծեռնակի» երաժշտական լեզուն անասելի մեղեդային է: Օպերայի լիբրետոն կարելի է համեմատել Վերդիի «Տրավիատայի» հետ, մեկ բացառությամբ՝ որ «Ծիծեռնակի» վերջում հերոսուհին ողբերգական վախճան չի ունենում»,- հայտնեց պրն Միրզոյանը: Հարցին՝ օպերային ստուդիան որտեղի՞ց է «պեղել» «Ծիծեռնակի» պարտիտուրը, Հ. Միրզոյանն ասաց, որ գաղափարը Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Մարկո Կլեմենտեինն է. «Պարտիտուրը Երեւան հասցվեց սփյուռքահայ դաշնակահար, կոմպոզիտոր Շահան Արծրունու եւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Լուսին Ամարայի անմիջական միջնորդությամբ ու օժանդակությամբ: Ի դեպ, երկար փնտրտուքից հետո «Ծիծեռնակը» «հայտնաբերվել» է Նյու Յորքում»: Մեր զրուցակցի խոսքերով՝ իրենց բախտը բերել է ՀՀ Իտալիայի դեսպանների առումով. «Ժամանակին պարոն Կլեմենտեի օժանդակությամբ մեզ մոտ բեմադրվել է նաեւ Պուչինիի վերջին գործը՝ «Եռապատումը», որն ընդգրկում է հեղինակի «Թիկնոցը», «Քույր Անժելիկա» եւ «Ջանի Սկիկի» օպերաները: Ինչ վերաբերում է «Ծիծեռնակին», այն Պուչինիի նախավերջին օպերան է՝ «Եռապատումից» առաջ: Հայաստանում Իտալիայի ներկայիս դեսպան Մասիմո Լավեցցո-Կասինելլին եւ իր տիկինը՝ սենյորա Պաուլան նույնպես օպերայի սիրահարներ են. նրանք էլ հովանավորում են այս նախագիծը»: Գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ ձեռք է բերվել նաեւ 1966թ. «Ծիծեռնակի» ձայնագրությունը, դիրիժոր Ֆրանչեսկո Մոլինար-Պրադելլիի ղեկավարությամբ, Իտալիայի ռադիոյի նվագախմբի, երգչախմբի, աշխարհահռչակ օպերային աստղերի՝ Մոֆֆոյի, Սերենի, Գրացիելլայի եւ այլոց մասնակցությամբ. «Այժմ այս օպերայի 14 մեծ ու փոքր մեներգերը վստահված են մեր ստուդիայի մեներգիչներին, տարբեր մրցույթի դափնեկիրներ Արծվիկ Դեմուրչյանին, Անի Սարգսյանին, Աննա Շիրոյանին, Խաչիկ Մաթեւոսյանին, Սուրեն Մանուկյանին եւ այլոց, ինչպես նաեւ կոնսերվատորիայի շնորհալի ուսանողներին: Իսկ պրեմիերան նախատեսված է այս տարվա վերջին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել