Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտականը՝ ուշացումով

Հունիս 22,2007 00:00

Այսօր վերջապես դպրոցներում փակցված կլինեն հունիսի 1-ի հայոց լեզու եւ գրականություն առարկայի ավարտական քննության արդյունքները:

Հունիսի 1-ին նոր թեստային համակարգով հայոց լեզու եւ գրականություն առարկայից ավարտական քննություն հանձնեց շուրջ 50.000 աշակերտ՝ ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ աշակերտներից 630-ը ստացել է անբավարար գնահատական (0-11 միավոր), շուրջ 1500-ը՝ առավելագույն 20 միավոր: Բացակաների թիվը 710-ն է: Գ. Մանուկյանը նաեւ վստահեցրեց. «Այսօր բոլոր ցուցակները տրամադրել ենք Երեւանի եւ մարզերի կրթության վարչություններին, որոնք էլ դրանք կփոխանցեն դպրոցներին»:

Հիշեցնենք, որ, ի տարբերություն միասնականի, որն անցկացվում էր կենտրոնացված, ավարտական քննությունն աշակերտները հանձնեցին իրենց դպրոցներում: Ժամանակին ԳԹԿ-ից հայտարարել էին, որ միասնականի պատասխանները հայտնի կլինեն քննությունից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, իսկ ավարտականինը՝ մինչեւ հունիսի 20-ը: Ծնողներն ու աշակերտները, բնականաբար, անհամբեր սպասում էին այդ ամսաթվին, սակայն հունիսի 20-ին քննության արդյունքները դեռ չէին տրամադրվել դպրոցներին: Ու չնայած ԳԹԿ մամուլի քարտուղարը հավաստիացրեց, որ իրենք լավ են աշխատել ու «տեղավորվել» ժամկետներում, հանրակրթական դպրոցի տնօրեններից շատերը անհանգստացած էին, թե ինչու է կենտրոնը ուշացնում ցուցակները: Երեկ «Առավոտը» որոշ տնօրեններից հետաքրքրվեց, արդյո՞ք քննության պատասխանների ուշացման մասին նախարարությունից, ԳԹԿ-ից կամ քաղաքապետարանի կրթության վարչությունից իրենց զգուշացրել են: Պարզվեց՝ ոչ: «Ծնողներն անընդհատ գալիս են դպրոց, զանգահարում, հետաքրքրվում, թե ինչու են պատասխաններն ուշանում: Ես էլ ամեն օր քաղաքապետարան են զանգահարում, որպեսզի գոնե մի պարզաբանում ստանամ: Բայց այս պահի դրությամբ դեռ ոչինչ չգիտեմ»,- երեկ ժամը 14-ի սահմաններում հայտնեց Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը եւս երեկ ժամը 13-ի դրությամբ առանձնապես տեղեկություն չուներ այդ մասին: «Կարծեմ, երեկ երեկոյան թեստավորման կենտրոնում պատրաստ էին ավարտական քննության պատասխանները, բայց դեռ մեզ չեն տրամադրել: Հուսով եմ՝ գոնե այսօր կունենանք ու կհասցնենք տրամադրել տնօրեններին, որ փակցնեն իրենց դպրոցներում: Իսկ եթե, այնուամենայնիվ, թեստավորման կենտրոնից ուշացնեն, վաղը կփակցվեն ցուցակները»,- հայտնեց պրն Վաթյանը:

Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ գոնե օրվա երկրորդ կեսին կստանա իր դպրոցի աշակերտների գնահատականների ցուցակը: Մեր զրույցից մի քանի րոպե անց վերջինս զանգահարեց խմբագրություն՝ տեղեկացնելով, որ քաղաքապետարանից իրեն արդեն հրավիրել են քննության պատասխանները ստանալու: Գ. Բաղյանի անվան թիվ 142 դպրոցի տնօրեն Էթերա Խառատյանն էլ խոստացավ. «Գնահատականների ցուցակը ստանալուց մեկ ժամ հետո աշակերտներին տեղյակ կպահենք: Ցավոք, առայժմ լուր չունենք: Լավ է, գոնե ծնողները համբերատար սպասում են, չեն անհանգստացնում մեզ, չնայած նախօրոք հայտարարել էինք, որ գնահատականները հունիսի 20-ին պարզ կլինեն»:

Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանը, որը արդարացնում է քննության եւ գնահատման նոր տարբերակը, այսպիսի սպասելիքներ ունի. «Միասնական քննությունից մեր աշակերտները բավականին բարձր ցուցանիշներ գրանցեցին: Սակայն ավարտականի համար մի փոքր անհանգստացած եմ, քանի որ ունեցել ենք նաեւ թույլ երեխաներ, որոնց մինչեւ հիմա մի կերպ 3 ենք նշանակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել