Հարցազրույց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ
– Աշխարհի շատ երկրներում հնչող գրողների ձայնը լսելի է նաեւ մեզանում, մինչդեռ մեր գրողների ներկայությունը մի տեսակ աննկատ է դարձել: Ինչո՞վ է պայմանավորված այս հարաբերական անդորրը:
– Չես կարող բացառել հայ գրողի դերը մեր պետականացման կայացման գործում: Հայացքդ շրջիր եւ տես, թե ինչ համառությամբ էին մեր ավագ գրողներն ազատության ջահն առաջ տանում: 88-ից առաջ էլ մեր հոգու քարտեզին նրանց շնչով կենդանանում էր մեր կարոտների ամփոփ երկիրը, որի բովանդակ տարածքով մեկ սավառնում է հայի տիրական ոգին: Մեր աչքի առաջ էր գրիչը զենքով փոխած լուսահոգի սպարապետը՝ իր հաղթական կերպարով: Այսօր էլ՝ եւ՛ կառավարության կազմում, եւ՛ Ազգային ժողովում հայ գրողն իր պատվավոր ներկայությունն ունի:
– Ձեզ չառարկելով՝ ուզում եմ ասել, որ գրողին փնտրում եմ ոչ թե իշխանական ոլորտում, այլ իր գեղարվեստական ստեղծագործության մեջ:
– Եթե գրողին իր գեղարվեստական հմայքով ես ուզում տեսնել, ապա այստեղ էլ որոնումներդ անարդյունք չեն անցնի: Իմ տաղանդավոր շատ ընկերներ այսօր իսկապես հերոսական գործ են անում եւ իրենց կատարած աշխատանքի պտուղներն ակներեւ են: Այլ բան է, որ Գրողների միությունն իր ներկա նախագահով չի նպաստում գրական առողջ մթնոլորտի կայացմանը:
– Դուք ժամանակին կոշտ վերաբերմունք ունեիք ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հանդեպ: Ինչո՞վ էր դա պայմանավորված եւ, արդյոք, չե՞ն փոխվել ձեր մոտեցումները:
– Հավանաբար նկատի ունեք այն էպիգրամները, որոնք հրապարակեցի, երբ լրագրող Անանյան Լեւոնն իր չգրող ընկերոջը՝ Հարությունյան Արտեմին պետական մրցանակի ներկայացնելով՝ հաջողեց այն փախցնել: Ցանկացած գրողի համար ցավալի է նման մրցանակի արժեզրկումը: Խոստովանեմ, որ նախկինում չարությամբ էի լցված Լեւոնի հանդեպ, բայց հետո հասկացա, որ պուճուր մարդուց մեծ բաներ չես կարող պահանջել: Եթե ժամանակին ՀԳՄ շարքերն ընդունող հանձնաժողովը բարեխիղճ գտնվեր, ապա Անանյան Լեւոնը նույնիսկ չէր կարող մեր միության շարքային անդամ դառնալ:
– Եթե այդպես է, ավելորդ չէ՞ նման միության գոյությունը:
– Արմատական փոփոխություններ, իհարկե, պետք են, որպեսզի գրական կառույցն իր ճշմարիտ կոչմանը ծառայի: Այդ դեպքում միության գոյությունը բացառելու հարց չի առաջանա: Գրական ընթացքին քիչ թե շատ հետեւողները նկատած կլինեն, որ այսօր էլ տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնք իրական աջակցություն պիտի ստանան: Ցավոք, Լեւոնը Լենին պապիկի համահարթեցման մեթոդով է առաջնորդվում՝ կթվորն ու գիտնականը նույն հարթությունն են: Թեպետ իր ամեն մի շարունակվող օրը ներկա պաշտոնում ծաղր է՝ ուղղված հայ գրականությանը, միեւնույն է, չեմ կարծում, թե նա ուժ կգտնի իր մեջ ինքնակամ հեռանալու:
– Գուցե Լեւոն Անանյանն ինքն էլ ինչ-որ բան կանխազգալով, փորձում էր ԳՄ նախագահի աթոռը փոխարինել պառլամենտական աթոռով:
– Ախորժակին ծանոթ չես՝ համատեղելո՛ւ էր: Պառլամենտական աթոռի պատմությունը մի քիչ զավեշտական է. տարիներ առաջ իրեն հումորով ազգիս նախագահ կոչեցի՝ էս մարդը լուրջ ընդունեց ու ոտքը մեկնեց քաղաքական դաշտ: Դու էլ ՄԱԿ-ի քարտուղար կոչիր եւ տես, որ ամերիկաներում կհայտնվի: Օրումեջ լրագրողներիդ ձայնագրիչներն իր շուրթերի առաջ են, էդ ի՞նչ կարեւոր բան ուներ հայտնելու, որ ԱԺ խոսափողից պիտի հնչեցներ: Բայց դու լավ բան չարեցիր. ես իր հետ իմ համերաշխությունն ունեի՝ պայմանով, որ իմ ներկայությամբ գրականությունից ընդհանրապես չխոսի: Կուզեի Սուսաննա Հարությունյանի պատմվածքից, Մհեր Բեյլերյանի թարմ շնչից, Արքեմնիկի շրջահայաց պրպտումներից խոսեինք: Կուզեի մեզնից հեռացած ու մեզ հետ եկող Սիփան Շիրազի ու Արտակ Համբարձումյանի, Սամվել Զուլոյանի ու Արտաշես Յայլոյանի ոգեղեն պայծառ ու գունեղ սրահներում շրջեինք…
– Թեեւ Գրողների տան շուրջ թեժացող մթնոլորտն իր պարզաբանումներն է ուզում, բայց, այնուամենայնիվ, դուք ի՞նչ հարցերի շուրջ կուզեիք խոսել:
– Այդ թեժացող մթնոլորտն առանց մեր պարզաբանումների էլ իր հանգուցալուծումը կունենա: Եթե խոսքերս տեքստիցդ չես օտարի, ապա կուզեի կյանքի մասին, քեզ պես սիրուն աղջկա, իմ ու քո զորացող հայրենիքի մասին խոսեինք: Կուզեի հոգի խլացնող շոուներին պատվար՝ «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին» հնչեցնեինք, արցախյան լեռան բարձունքն իր անմահությամբ հսկող հերոս Մեխակ Մեխակյանի սխրանքով փառավորեինք:
– Իսկ ի՞նչ կմաղթեիք ձեր Գրողների միությանը:
– Ամենասովորական մի բան՝ Գրողների միության նախագահը լիներ գրող: