Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցքարտ են պահանջում

Հունիս 22,2007 00:00

\"\"Բանկերը չեն ենթարկվում Սահմանադրական դատարանի որոշմանը

Խանութներում ապառիկով որեւէ ապրանք ձեռք բերելիս անձնագրից, աշխատավայրի տեղեկանքներից բացի, գնորդներից պահանջում են անպայման ներկայացնել նաեւ սոցիալական քարտ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի թիվ 649 որոշմամբ՝ մարդիկ կարող են սոցիալական քարտ ձեռք բերել իրենց ցանկությամբ եւ այն այլեւս չպետք է պարտադրվի: Մինչդեռ խանութների տնօրենները գնորդներին բացատրում են, որ իրենք գործարք են կնքում բանկերի հետ, իսկ բոլոր բանկերը իրենցից հաճախորդի սոցքարտն էլ են պահանջում, հակառակ դեպքում մերժում են ապառիկով գործարքը: Այս առնչությամբ «Առավոտը» Կենտրոնական բանկից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են հայաստանյան բանկերը արհամարհում ՍԴ որոշումը եւ անօրինական պահանջներ դնում: ԿԲ-ից պարզաբանեցին, որ իրենք այդ հարցով իրավասու չեն պարզաբանումներ տալ, քանի որ սոցքարտերով զբաղվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Ըստ նախարարության սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանի, բանկերը խախտում չեն անում, քանի որ ապառիկով ապրանք ձեռք բերելու համար բանկում գնորդի անունով հաշիվ է բացվում, որի համար սոցքարտն անհրաժեշտ է. «Եթե քաղաքացիներից որեւէ մեկը քարտ չունի եւ չի էլ ուզում ունենալ, պետք է դիմի նախարարություն, մենք նրան տեղեկանք կտանք, որով կկարողանա գործարքներ կնքել»: Ստացվում է, որ չնայած ՍԴ-ն սոցքարտեր պահանջելը հակասահմանադրական է համարել, միեւնույն է, սոցքարտից հրաժարված քաղաքացիները մինչ օրս շարունակում են խնդիրներ ունենալ, եւ, որ ամենաուշագրավն է՝ նախարարությունն էլ դա նորմալ է համարում:

Նկատենք, որ նախարարության պաշտոնական տվյալներով՝ ներկայումս 200 հազար քաղաքացի սոցքարտ չունի: Դա նշանակում է, որ նրանք ապառիկով որեւէ ապրանք ձեռք բերելու համար պետք է քաշքշուկների մեջ ընկնեն: Բացի այդ, խանութներում հավաստիացնում էին, որ նախարարության տրամադրած տեղեկանքն էլ բանկերում հիմք չեն ընդունում եւ պահանջում են միայն եւ միայն սոցքարտ: Փաստորեն, 200 հազար մարդ ապառիկով ապրանք գնելու հնարավորություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել