Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԼԱՄՈՒՐԸ» ՀԻ՞ՆՉ Ա, ՊԻ՜

Հունիս 22,2007 00:00

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վերջերս ասուլիսում ներկայացնելով ԼՂՀ-ում իր 700 հոգանոց հարցման արդյունքները նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարել էր, թե, ըստ էության, Ղարաբաղը ընտրություն է կատարում «գլամուրի» եւ «պապայի» միջեւ:

Երեկ էլ մենք հարցում արեցինք «Ինչ անել» թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանին, թե իր կարծիքով՝ 700 ղարաբաղցիներից քանի՞սը կիմանան ինչ է նշանակում «գլամուր»: Ղարաբաղցի փորձառու վերլուծաբանի եզրակացությունն էր. «700-ից 10-17-ը՝ ոչ ավելին»:

Մեջբերելով Իգոր Մուրադյանի պնդումը, թե ԼՂՀ նախագահ են ցանկանում դարձնել «պրոֆեսիոնալ թմրամոլին»՝ լրագրողներն Ահարոն Ադիբեկյանից փորձել էին ճշտել՝ արդյոք այդ մասին նշե՞լ էին հարցման մասնակիցները: Սոցիոլոգը պատասխանել էր, թե ոչ մեկը չի նշել, եւ հավելել. «Կարող է՝ երիտասարդ ժամանակի սխալներ ունեցել է, որոնք անցյալում են: Ընդհանրապես, Ղարաբաղը փոքր երկիր է, ուր մարդիկ չեն կարողանում նույնիսկ աննկատ լեւի գնալ»: Իսկ Մուրադ Պետրոսյանն այս կապակցությամբ մեզ հիշեցրեց, որ ժամանակին էլ հենց մենք ենք իրեն հարցազրույցում հարցրել, թե ճի՞շտ է, որ հաշիշ է օգտագործում. «Ես էլ ասացի, որ երիտասարդ՝ ուսանող ժամանակս փորձել եմ: Բայց դա մոռացվում է: Եվ ձեր հարցազրույցից հետո էլ ոչ մեկն ինձ չի ասել, թե Պետրոսյան Մուրադը չպիտի ոչ մի կոմիտեում լինի»: Եվ անդրադառնալով Բակո Սահակյանին՝ ասաց. «Էն մարդուն նշանակել են Ազգային անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ: Եվ հիմա տենց հարցեր տալը՝ ոնց որ, Բուշին հիմա սկսեն մեղադրել, թե դու բան ես խմել»: Մուրադ Պետրոսյանը նաեւ այս մեղադրանքը շրջանառության մեջ նետած քաղաքագետի մասին ասաց. «Իգոր Մուրադյանի մասին սենց եմ ասել՝ վելիկիյ լժեց, վելիկիյ կամբինատոր: Ինքն ուզում ա նախագահ սարքի, որ էդ նախագահն ըլնի իրա ձեռը: Հիմա ամեն անգամ տենում ա, որ էդ գաղափարը հեռանում ա՝ դրա համար կաշվից դուրս ա գալիս: Բալշեւիկներից ավելի վատ ձեւով՝ նպատակին հասնելու համար դիմում է ամեն մի մեթոդի ու միջոցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել