Այս կուսակցության ներսում չեն հանդարտվում կրքերը
ՍԻՄ ներկայացուցիչների խորհրդի պատվիրակությունը՝ Չարենցավանի համայնքային կազմակերպության նախագահ Արտակ Գրիգորյանի ղեկավարությամբ, եւ «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը երեկ այցելեցին կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ ասուլիս տալու «Ազդակ» ակումբում: Գրոհի կարիք չեղավ՝ նրանց առջեւ չէին փակել ո՛չ ՍԻՄ-ի, ո՛չ էլ «Ազդակ» ակումբի դռները: Ուղղակի ողջ ասուլիսի ընթացքում ներկա էր ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, որը հետո ներկայացրեց պարզաբանումներ ասվածի շուրջ:
Ասենք, Հովհաննես Գալաջյանը իր դեմ 2006 թվականի սեպտեմբերի 6-ին իրականացված հարձակման կապակցությամբ ասաց, թե այժմ «որոշ հանգամանքներ, որոնք ոչ կարեւոր էին թվում՝ այլ ձեւով են թվում», եւ մասնավորեցրեց. «Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը եղել էր սպառնալիքներով զանգ՝ նույն թեմայով: Ոստիկանությունը պարզել էր, որ այդ զանգը տաքսոֆոնից է արվել, տաքսոֆոնային քարտով: Հետո արդեն, բավական ժամանակ անց, ոստիկանությունը պարզել էր, որ այդ նույն քարտով եղել է 2 զանգ այստեղ, այս տարածք»: Հրանտ Խաչատրյանն այս կապակցությամբ ասաց. «Չհասկացա, թե ինչ զանգերի մասին է խոսքը: Մոտավորապես նույն կերպ, ինչպես որ չհասկացա այն ժամանակ, երբ Հովհաննեսը եկավ ու ասաց, թե տեսել է սափրագլխին օպերայի մոտակայքում, եւ ես փորձեցի ճշտել՝ բա ինչո՞ւ չզանգեց մեզ կամ ոստիկանություն»:
Արտակ Գրիգորյանը բազմիցս պնդեց, թե իրենք ոչ մեկին չեն սատարում, ուղղակի ցանկանում են, որ կուսակցության ներքին խնդիրները լուծվեն բնականոն ճանապարհով: Հայտարարեց, թե ակնկալում են նոր համաժողովի հրավիրում, որի ընթացքում կվճռվեն բոլոր վիճահարույց հարցերը, եւ բնավ պարտադիր չէ, որ նախագահ ընտրվի Հայկ Բաբուխանյանը կամ Հրանտ Խաչատրյանը: Վերջինս այս կապակցությամբ նկատեց, որ եթե փետրվարի 20-ին ՍԻՄ գրասենյակ մտնելուց հետո այնտեղ հայտնաբերած լինեին կուսակցության անդամների անձնական գործերը՝ ավելի շուտ կանցկացնեին համագումար: Սակայն հայտնեց, թե շուտով արդեն կլինեն նախահամագումարյան ժողովներ:
Առավել էական է, որ Հրանտ Խաչատրյանն ասուլիսում հրապարակեց ՍԻՄ-ի ներկուսակցական «հեղաշրջման» պատճառների վերաբերյալ իրենց իրականացրած ներքին հետաքննության տվյալները: Եվ ՕԵԿ նախագահին մեղադրելով կուսակցության ներսում հեղաշրջում հրահրելու, իսկ «Ազգային միաբանությանն» էլ՝ «Իրավունքի» ռեսուրսներն օգտագործելու նպատակով «շահագրգիռ կողմ» հանդիսանալու մեջ՝ Հրանտ Խաչատրյանը նաեւ նշեց. «Արթուր Բաղդասարյանը բոլորից շրջահայացը գտնվելով՝ հրաժարվեց հրապարակային աջակցությունից եւ հետագայում սահմանազատվեց հեղաշրջումից: Դրա փոխարեն՝ ԱՄ-ն ու «Դաշինքն» արել են մի շարք հայտարարություններ»:
ՕԵԿ մամուլի ծառայությունը մի բառով գնահատեց ՍԻՄ նախագահի երեկվա բացահայտումները. «Անհեթեթություն»: