Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑ ՏՂԵՆ ՏՂՈՒՆ

Հունիս 22,2007 00:00

\"\"Վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր երկու հանդիպումների մասին երեկ «Փաստարկ» ակումբում մանրամասներ պատմեց բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը:

Այն, ինչ նա պատմեց՝ նման էր այն ստեղծագործություններին, որոնք խորհրդային տարիներին զետեղվում էին դպրոցական դասագրքերում՝ «Ինչպես ես տեսա Լենինին» վերնագրի ներքո:

Նախ՝ առաջին հանդիպման մասին, որի շնորհիվ Շենգավիթում պատգամավորության թեկնածու առաջադրված ու Գրիգոր Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ) պարտված Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրեց հացադուլը, թեեւ մինչ այդ ասում էր, որ ավելի լավ է «տղավարի» մեռնի ԿԸՀ պատերի տակ, քան «օձի կամ կռիսի պես» ապրի. «Որ եկավ պրն Սարգսյանն իմ հետ հանդիպեր՝ ես վեր կեցա, կանգնեցի տեղիցս (եւ այստեղ ասուլիսի ընթացքում էլ Իսոն, ինչպես նախընտրում է, որ իրեն դիմեն, վեր կացավ.- Ա. Ի.): Հետո որ ինքը սենց ձեռքը մեկնած մոտեցավ, ինձ բարեւեց… ինձ հեչ դուր չի գալիս, որ տղեն տղուն տեսնում ա, ու սենց ոտը բարձրացնելով՝ պռոշտի ա անում»: Այստեղ նա ոտքը մի քիչ ծալեց դեպի հետ: Դրանից հետո ներկայացրեց բարեւելու այն ձեւը, որն իրեն դուր է գալիս. «Որ եկավ ինձ ձեռքով բարեւեց՝ ես շատ ուրախացա, դրա համար ասացի՝ տղեն տղուն պետք ա սիրտը սրտին էլ ընծա բերի, պռոշտի պիտի չանի: Ու ըտե գրկվեցինք մենք»:

Երկրորդ հանդիպման մասին, որը կայացել է հունիսի 16-ին՝ Իսրայել Հակոբկոխյանը պատմեց. «Համարյա կաբինետի մեջտեղում հանդիպեցինք: Ասացի՝ շնորհակալություն, որ ընդունել եք, բան: Ինքն էլ, քմծիծաղով՝ պիտի լրագրողնե՞ր ըլնեն, որ էլի տղավարի ինձ բարեւես: Ու տենց էլի գրկվինք: Ու ըտե սենց… մի տեսակ համ շփոթմունք առաջացավ մեջս, համ էլ ոգեւորություն»: Պատգամավորներից մեկը նրա հացադուլի կապակցությամբ ասել էր, թե «Հասանշահ ճանաչում եմ, Սուլեյմանօղլի ճանաչում եմ, բայց Իսրայել Հակոբկոխյանի մասին չեմ լսել»: Եվ նա իրեն վատ էր զգացել. «Արա, կարո՞ղ ա մեր վարչապետն էլ ինձ չի ճանաչում, ուղղակի էկել ա՝ բարեւում ա: Դրա համար հետս վերցրել էի ռուսական «Գոնգ» ամսագրի 1993-ի մի համարը: Այն պահել եմ, որ վաղը խոսալու տեղ ունենամ, թե ով եմ եղել ես»: Այդ ամսագրում նա առաջինն է 100 բռնցքամարտիկների շարքում, որոնք 1926-1992 թթ. ընթացքում միջազգային մրցաշարերում ցուցաբերել են ամենաբարձր արդյունքները: Բայց երբ նա այդ ամսագիրը տվել է Սերժ Սարգսյանին՝ «Զարմացած սենց արեց՝ իյա՜, Իսո ջան, էս ես պիտի կարդա՞մ, որ իմանամ՝ դու ով ես, ինչ ես արել հայկական սպորտի համար: Այ ստեղ արդեն շփոթմունքը էլ ավելի ինձ բռնեց: Ու էլ խոսալու, հարց տալու բան էլ չմնաց: Ուղղակի միայն կարողացա, սենց նստեցի ու ուշադիր նայեցի իրան, էլի… Սենց կիսամանթռաժ վիճակում սկսի նայել: Ասաց, ասա՝ Իսրայել ջան, լսում եմ, ի՞նչ կա-բան: Ասի՝ էլ ասելու համարյա բան չմնաց: Չնայած շատ բաներ ունեի ասելու: Էդ հետո դուրս եկա՝ ասի, արա, էս բանն էի ուզում ասել, էն բանն էի ուզում ասել, արա, ոչ մի բան չկարացա ասեմ, է»: Իր այդ վիճակի պատճառն այսպես բացատրեց. «Իմ դեմ էսօր նստած ա մեր երկրի վարչապետը, ու ինքը սենց լա՜վ տեղը բերում ա՝ ես ով եմ: Ես էլ ի՞նչ կարամ էդ մարդուց պահանջեմ»: Այդպես մի քանի րոպե նստելուց հետո հարցրել է. «Ասի, ես ուղղակի ուզում էի իմանայի՝ դո՞ւք էլ ինձ չէիք ճանաչում, որ, ասենք, իմ դեմ ձեր անունից, ձեր անունը հոլովվելով՝ իմ դեմը շատ տեղերում փակում էին: Էնենց ճիշտ պատասխան տվեց, որ ես մոռացա էլ՝ ինչ խնդիրներ ունեի իրան ասելու: Ասեց՝ Իսրայել ջան, էսօր կարող ա շատ մարդիկ իմ անունից, շատ տեղերում, շատ բաներ անեն. երբ որ մի լավ բան ա արվում՝ իրանք իրանց անունն են մեջտեղ բերում, որ մի վատ բան են անում՝ իմ անունն են հոլովում, իմ մեղքը ո՞րն ա, ես էդքանին ո՞նց բերանները փակեմ»: Սերժ Սարգսյանը, ըստ Հակոբկոխյանի, վերջում հավելել է. «Իսրայել ջան, մի բան մենակ իմացի. էդ ով որ իմ անունը շահարկում էլ ա, ով որ իմ անունից վատ բաներ էլ ա անում՝ էդ սաղ ժամանակի խնդիր ա: Ու դուք մի կարծեք, որ ես ստեղ նստած եմ՝ չեմ իմանում, թե ով իմ անունը ոնց շահարկեց: Ու հաստատ համոզված եղիր, որ յուրաքանչյուր մարդ՝ ամեն մի իր հա՛մ ասածի, հա՛մ արածի համար՝ եթե էսօր էլ չէ, վաղը կամ մյուս օրը, կամ հետագայում՝ անպայման պատասխան տալու ա»:

Թերեւս նաեւ Հակոբկոխյանի ընտրած պայքարի ձեւն է պատճառ դարձել, որ շատ բան չի ասել վարչապետին, քանի որ հասկացել է. «Չէ, հացադուլը էտի սխալ միջոց ա պայքարի: Ուրիշ՝ ավելի լավ ձեւեր ա պետք գտնել, որովհետեւ ուղեղս կամաց-կամաց չորանում ա, խոսում եմ ու մոռանում՝ ինչից էի ուզում խոսամ, ինչ պիտի ասեի, բաներ ա ասում՝ մոռանում եմ, ինչ ա ասում»:

«Առավոտը» հետաքրքրվեց՝ թեեւ Իսրայել Հակոբկոխյանը շատ գեղեցիկ ու ոգեւորված էր պարում «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկին, այժմ, երբ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից հետո պարզել է, որ նա այ այսպիսի «տղա» է՝ իր դիրքորոշումները փոխվե՞լ են, եւ այժմ դարձյա՞լ հայտնվել է իշխանության ճամբարում: Հակոբկոխյանն ի պատասխան ասաց. «Ես ազատ մարդ եմ, որտեղ իմ տրամադրությունը տեղն ա… Այ, էսօր էլ, տենում եմ, ժպիտով-բանով նայում եք: Հենց հիմա, որ լավ երաժշտություն ըլնի՝ հիմա էլ կհելնեմ ու կպարեմ»: Նաեւ ասաց. «Ճամբարներ ինձ մի մտցրեք: Որովհետեւ՝ ապրում եմ ազատ, կվախճանվեմ՝ փառքով, սարսափ չզգալով շնական զորքից… Ես իմ կայֆով ապրող տղա եմ»:

Թերեւս ամենակարեւոր հայտարարությունը՝ «Չի բացառվում, որ կարող ա պատահի վաղն էլ՝ մնամ-մնամ, խելքս բռթի, ու մեկ էլ որոշեմ՝ մի ուրիշ տեղ առաջադրվել… Ինձ հանձնարարում էին մի ժամանակ՝ պետք ա մտնել ռինգում հաղթել, ես մտնում էի ու հաղթում էի: Հիմա էլի կըլնեն մարդիկ, որ ինձ կհանձնարարեն՝ քեզ պետք ա նախագահականին առաջադրվել, ես մի հատ կմտածեմ ու կարող ա՝ էտ էլ առաջադրվեմ»: Հիշեցրին, որ նրա մրցակիցը կլինի Սերժ Սարգսյանը, սակայն Հակոբկոխյանը չվհատվեց՝ նշելով, թե ռինգ մտնելուց առաջ երբեք չի մտածել՝ արդյոք իր դիմաց օլիմպիական չեմպիո՞ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել