Մնում է դա թարգմանել
Հունիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակեց մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատասենյակներից մեկի պատուհանից վայր ընկնելու արդյունքում մահացած Լեւոն Գուլյանի դիակի՝ մայիսի 13-ին ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական-գիտագործնական կենտրոնի դիահերձարանում կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Հիշեցնենք, որ Գուլյանի մահվան հանգամանքների առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում, ըստ Գլխավոր դատախազության, կատարվել էին դեպքի վայրի զննություն, հարցաքննվել էին մի շարք վկաներ, նշանակվել էին դատաբժշկական եւ դատաբժշկական հանձնաժողովային, դատակենսաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային, դատաքիմիական-մանրաթելային համալիր փորձաքննություններ։ Ըստ այդ եզրակացության, Լ. Գուլյանը մահացել է ՀՀ ոստիկանության աշխատասենյակի պատուհանից՝ 7 մետր բարձրությունից վայր ընկնելու արդյունքում: Կանխատեսելով նման եզրակացության հնարավորությունը՝ Գուլյանի հարազատները դիմել էին եվրոպացի անկախ փորձագետներին: Նրանք՝ Գերմանիայից՝ Մարկուս Ռոդշիլդը եւ Դանիայից՝ Փիթեր Նեֆը, եւս եղել էին ՀՀ ոստիկանության այդ չարաբաստիկ տարածքում, տեղազննություն էին արել, հետազոտել էին Գուլյանի դին, ստացած վնասվածքներն ու խոստացել, որ եզրակացությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ Գուլյանի իրավահաջորդներին ու շահերի ներկայացուցիչներին:
Երկար սպասված այդ եզրակացությունը հունիսի 20-ին, ի վերջո, ընդամենը էլեկտրոնային փոստով ստացել են Գուլյանի հարազատներն ու տուժողի իրավահաջորդի փաստաբանները, նաեւ ԵԱՀԿ գրասենյակը, իսկ երեկ նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: Թե ինչ բովանդակությամբ է այդ եզրակացությունը՝ վերը նշված մարմիններից որեւէ մեկը մեզ չպարզաբանեց: Ասացին, որ փաստաթուղթը դեռ պետք է մասնագիտական թարգմանության ենթարկվի: Լ. Գուլյանի հարազատներն առայժմ «պինդ» պահում են այդ եզրակացությունը եւ անգամ չթարգմանված տարբերակով դրա կրկնօրինակը որեւէ լրագրողի տալուց հրաժարվում են: Երեկ սույն եզրակացության առնչությամբ հայտնի էր այն, ինչ մեր աղբյուրները վաղուց էին կանխատեսում՝ եզրակացության մեջ գրված է այն, ինչ մինչ օրս ներկայացնում էին հայրենի իրավապահները: Ըստ մեր աղբյուրների, եվրոպացիները դեռ Երեւանում նախնական կարծիք էին հայտնել, որը համապատասխանում էր ավելի ուշ դատախազության հրապարակած եզրակացությանը։ Ասել է թե՝ խոշտանգում չի եղել, Գուլյանը փորձել է դիմել փախուստի, վայր է ընկել ու մահացել:
Բայց տարօրինակն այս պատմության մեջ նաեւ այն է, որ եվրոպացի փորձագետների այդ եզրակացությունն իրեն ինչ-որ շատ երկար սպասեցնել տվեց: Մեկ ասվում էր, որ այն կստացվի փորձագետների մեկնումից 2 շաբաթ անց, մեկ՝ 10 օրից, մեկ՝ փոստով, մեկ՝ արագացված փոստով, ու հանկարծ հունիսի 20-ին պարզվեց, որ ուղարկել են էլեկտրոնային փոստով: Ընդ որում, պարոնայք Մարկուս Ռոդշիլդը եւ Փիթեր Նեֆը որեւէ կերպ գոնե չեն բացատրել, թե արագ փոստով ուղարկված պաշտոնական եզրակացությունը ինչու տեղ չի հասնում:
Արդյոք այս հակասությունները որոշակի միտումների մասի՞ն են վկայում: Երեկ մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Լ. Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Կարախանյանը համաձայնեց, որ այստեղ հակասություններ, իրոք, կան. «Մեզ մի դեպքում ասվեց, որ փոստով է ուղարկվել, հետո որոշ ժամանակ անց ասվեց, թե արագ փոստով պետք է ուղարկվի, բայց բնօրինակ փաստաթղթերը, որոնք պետք է ստացվեն փոստով, մեզ որեւէ կերպ չեն հասել: Ճիշտն ասած, այո, կասկածելի է, որի վերաբերյալ մենք նաեւ ներքին քննարկումներ ենք արել, որովհետեւ սովորաբար նամակագրության հետ կապված որեւէ պրոբլեմ պետք է որ չառաջանար, եթե իրականում ճիշտ ձեւով է ուղարկվել: Բայց դրանք ընդամենը կասկածներ են, եւ դրանից ավելի քայլ անելը կամ ավելի հեռուն գնացող բաներ ասելը, կարծում եմ, ողջամիտ չէ»:
Պրն Կարախանյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, ի՞նչ է գրված այդ եզրակացության մեջ, արդյոք դրանում եւ «տեղական» փորձագետների եզրակացության մեջ հակասություններ կա՞ն: Փաստաբանի կարծիքով, դրանք «հաստատ տարբերվում են», գոնե իրենց ձեւաչափով եւ ստանդարտներով, բայց քանի որ Եզրակացությունն անգլերեն է եւ խիստ մասնագիտական լեզվով է շարադրված, այն դեռ պետք է թարգմանվի. «Կարծում եմ, որ 1-2 օրից եզրակացության ո՛չ նկարագրական, բայց հիմնական մասը կունենանք: Միայն դրանից հետո հնարավոր կլինի որեւէ հստակ բան ասել»: Ա. Կարախանյանը ձեռնպահ մնաց կանխատեսելուց, թե իրենք ի՞նչ կանեն, եթե պարզվի, որ եվրոպացիների եզրակացությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին «տեղական» փորձագետներինն է եղել: Իսկ Լ. Գուլյանի հայրը՝ Աշոտ Գուլյանը, դեռ հունիսի սկզբին էր հայտարարել, որ եթե այդ եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազության հրապարակածից չտարբերվի, իրենք դրա հետ եւս երբեք չեն համաձայնի: