Ասում է Դավիթ Հովհաննեսը, որը դեմ է «մտավորական» բառին
«Հայացք» ակումբի երեկվա հյուրը բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն էր, որը խոսեց քաղաքականության մեջ մտավորականության դերի մասին: Բանաստեղծն ասաց, որ մինչ օրս չի հասկացել, թե ինչ ասել է մտավորական կամ որն է նրա դերը քաղաքական-հասարակական կյանքում: «Հաճախ եմ ընդվզում այդ բառի դեմ, ախր մտավորականը ո՞րն է: Հիմա էլ այստեղ եմ իբրեւ բանաստեղծ, այլ ոչ թե մտավորական կամ քաղաքական գործիչ: Ի դեպ, Հայաստանում գրողը միշտ էլ քաղաքական գործչից մեկ աստիճան բարձր է, մեկ քայլով առաջ: Իսկ «մտավորականը» անորոշ ու մշուշոտ բառ է: Օրինակ, իմ պապը չնայած արհեստավոր էր, բայց մտավորական էր: Կարող են լինել նաեւ բանվոր, գյուղացի, դարբին մտավորականներ…»,- ասաց նա: Խոսելով քաղաքական գործընթացներից ու ընտրություններից, Դավիթ Հովհաննեսը նշեց. «Պատի ծակից դուրս եկած նորելուկ քաղաքական գործիչները իրենց մասին շատ մեծ կարծիք ունեն, թեեւ իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ապացուցեցին, որ մեր ընդդիմադիր դաշտը գերեզմանային վիճակում է, չնայած շատերը դա փորձում են հերքել»:
Բանաստեղծը հայտարարեց, որ ներկայիս քաղաքական դաշտի պարագայում ինքը նախընտրում է լինել քաղաքականացված բանաստեղծ: Նաեւ շեշտեց, որ քաղաքականությունը բանաստեղծության աղն է: «Հայաստանում շատ կան քաղաքականացված բանաստեղծներ, դերասաններ, արվեստաբաններ, ինչպես ես, Սոս Սարգսյանը, Հենրիկ Իգիթյանը… Բանաստեղծն էլ քաղաքական միավոր է»,- կարծում է Դավիթ Հովհաննեսը: «Ժամանակին Ղարաբաղի հարցի հետ կապված շատ մտավորականներ էին խառնվել. նրանց արածը ոչ թե քաղաքական գործչի, այլ մտավորականի գործ էր: Ոմանք, որ փորձեցին ժողովուրդ տանել իրենց հետեւից՝ իբրեւ ստեղծագործողներ, տանուլ տվեցին, որովհետեւ սխալ ճանապարհն էին ընտրել»,- հիշեց նա:
Անդրադառնալով երկրի կարեւորագույն գործընթացների վերաբերյալ մտավորականների լռությանը, բանախոսն ասաց, որ այն պայմանավորված է մարդու խառնվածքով, քաղաքացիական համարձակությամբ. «Կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել, ու շատերը չունեն ներքին ապահովվածության զգացում, ինչն էլ նրանց կաշկանդում է: Նրանք տեր չունեն, որ երկու բառից ավելի խոսեն, դրա համար էլ խխունջի պես պարփակվել են իրենց պատյանի մեջ, ոտքներն էլ սեփական վերմակի չափով են մեկնում: Մի խոսքով, այսօր հասկանալի պատճառներով պակասել են խոսողները…»: Կրկին դառնալով խորհրդարանին, Դավիթ Հովհաննեսը նշեց. «Մեր խորհրդարանը վերածվել է «լավ տղերքի», թագավոր ախպերների հավաքատեղիի: Մեծամասնությունը պատգամավոր է դառնում սեփական բիզնեսին «կռիշա» ապահովելու համար, չնչին տոկոսն է պրոֆեսիոնալ պառլամենտական: Իսկ մանդատները նրանց պետք են, որ, օրինակ, իրենց մեքենաները կանգնեցնելիս դրանք ցույց տան ու անարգել հեռանան: Իսկ գիտե՞ք ինչու է Հանրապետական կուսակցությունը այնտեղ մեծամասնություն, «Բարգավաճ Հայաստանն» էլ ավելի սակավաթիվ, որովհետեւ ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, ԲՀԿ-ն՝ դրամական: Ընդդիմությունն էլ խորհրդարանում աղքատ ազգականի նման մի բան է, ավելի լավ է՝ այդպիսի ընդդիմություն չունենանք»:
Դավիթ Հովհաննեսը ասուլիսի ավարտին խոսեց նաեւ «համուհոտը» կորցրած Երեւանի ու նորաթուխ երեւանաբնակների մասին. «Ով ասես՝ եկել-լցվել է Երեւան: Երեւանը նման է գեղեցիկ կնոջ՝ ով հասցնում, ոնց կարողանում՝ բռնաբարում է»: