Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ KBH-ԱՑՄԱՆԸ

Հունիս 21,2007 00:00

Թատերաշխարհի մարդիկ կողմ են նորամուծություններին ու շուկայական հարաբերություններին, բայց ոչ մարզային թատրոնների ու օտարամոլության հաշվին:

Տեւական ժամանակ մայրաքաղաքի թատրոնների կուլիսներում կրքոտ, երբեմն նաեւ այս կամ այն անձի շահերի ընդգծումով բանավեճեր ու քննարկումներ են ընթանում՝ թատրոնների կարգավիճակի, կառուցվածքի եւ կառավարման սկզբունքների շուրջ: Ըստ «Առավոտի» հետ զրուցած թատերարվեստի ոլորտի որոշ ներկայացուցիչների, հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոնների գլխին կախված է փակման դամոկլյան սուրը. վերջիններս կարող են հայտնվել խաղից դուրս վիճակում: Իսկ բանավեճերի առանցքը, ինչպես պարզվում է, թատրոնների՝ որպես ստեղծագործական օջախների, լուծարումն է ու դրանց փոխարեն հայ թատրոնի KBH-ացումը (ցածրարվեստ, թեթեւ-ժամանցային-դրամարկղային ներկայացումների բեմադրում): Այսօր արդեն տրվում են գործիչների անուններ (Արմեն Մազմանյան, Հրանտ Թոխատյան, Դավիթ Հակոբյան եւ այլք), որոնցից է կախված հայ թատրոնի բախտը: Մեր զրուցակիցները պնդում են, որ այս արվեստագետները առաջարկում են թատրոններից հեռացնել գեղարվեստական ղեկավարներին, քանի որ, ըստ նրանց, պետք է լինեն ոչ թե ստեղծագործական կոլեկտիվներ, այլ, այսպես կոչված՝ առաջատար, հանրության կողմից ընդունված «Mea culpa» ու նման բաներ բեմադրող խմբեր, որոնք կշրջեն մարզերում, ներկայացումներ կխաղան: Մեր տեղեկություններով, լուծարման շեմին են Արտաշատի, Գավառի, Գորիսի, Կապանի եւ այլ թատրոններ:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի խոսքերով. «Շուրջ մեկ տարի խոսում էինք թատրոնների ռազմավարության մասին: Առաջարկել ենք ոչ թե փակել, այլ բացել թատրոնները: Ես եւ իմ համախոհները դեմ ենք Շահվերդյանի ու Ղազանչյանի նման գործիչներին, որոնք նստած պետության բկին՝ լափում են պետական բյուջեն: Վերջին 15 տարիներին ի՞նչ է արվել մարզային թատրոններում: Սրա պատասխանը, համոզված եմ, պաշտոնյաների կողմից էլ կլինի լռությունը: Մենք առաջարկում ենք եվրոպական փորձի վրա հիմնված մեր սեփական մոդելը: Իսկ ինչո՞ւ այն չենք իրագործում… որովհետեւ վերջերս Ծաղկաձորում թատերական գործիչների հավաքի ժամանակ մշակույթի նախարարը խոստովանեց, որ առայժմ թատերական դաշտը ռեֆորմների պատրաստ չէ»:

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն էլ «Առավոտին» վրդովված հայտնեց, որ մինչեւ այսօր հինը քանդելով՝ խելքը գլխին ոչ մի նոր բան չեն սարքում. «Պետությունից ավելորդ գումարներ կորզող մարզային թատրոնների մասին խոսակցությունները գլխումս չեն տեղավորվում՝ կամ ասողներն են նորմալ, ես՝ աննորմալ, կամ հակառակը: Նայում եմ «32 ատամ» կամ «Քոմեդի քլաբ», իբր հեռուստազվարճալի հաղորդումները, որտեղ հանդիսատեսը ծիծաղից ուշաթափվում է, ոչինչ չեմ հասկանում: Այն, որ ուզում են իբր «թատերական» ամերիկյան մոդելներ ներմուծել Հայաստան, հաստատ սխալվում են, որովհետեւ, եթե Նյու Յորք օրական ելումուտ է անում մի քանի միլիոն մարդ եւ գործում են տարբեր ճաշակներ «սպասարկող» թատրոններ, Հայաստանի դեպքում դա անիրական է: Շուկայական հարաբերություններ ասվածը չպետք է ուղղակիորեն ընդունել: Փոքր ազգի դեպքում հարկ է պահպանել թատերական ավանդույթները ու դրանց հենքի վրա նորամուծությունների գնալ»:

Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ իրեն էլ են հասել խոսակցություններ, թե իբր ինքն էլ է կողմ մարզային թատրոնների փակման գործընթացին. «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես ցանկացած բնագավառում, թատերաշխարհում էլ անհրաժեշտ են բարեփոխումները: Մեր ոլորտում էլ պետք է լինի մրցակցություն՝ անկախ թատրոնի պետական, կոմերցիոն կամ ուրիշ անուն ունենալուց: Պետությունը ինչպես չի կարող ասել, թե, օրինակ, Երեւանում քանի կոշիկի խանութ է հարկավոր, այնպես էլ չի կարող ասել, թե քանի թատրոն է պետք: Իմ կարծիքով, Երեւանը պետք է ունենա գոնե 50 թատրոն: Դրա համար ունենք երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր, որոնք պատրաստվում ենք ներկայացնել քննարկման»:

Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի խոսքը մարզային թատրոնների փակման մասին՝ կարճ էր. «Անլուրջ խոսակցություններին չեմ պատրաստվում մեկնաբանություններ տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել