Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին դասարանում՝ միայն 6 տարեկանները

Հունիս 21,2007 00:00

Իսկ որոշ ծնողներ հուսով էին, թե ավելի փոքրերին «մաղարիչով» այս տարի էլ դպրոց կընդունեն

2006-2007 ուստարում ձեւավորվեցին երկու տիպի առաջին դասարաններ՝ կրտսեր եւ ավագ: 6,5-7 տարեկան 36500 երեխաներ ընդունվեցին ավագ առաջին դասարան՝ 11-ամյա կրթակարգով սովորելու համար, իսկ 5,8-ից մինչեւ 6 տարեկանները՝ կրտսեր դասարան, 12 տարի ուսանելու համար: Այս շփոթը ձեռնտու էր ե՛ւ ծնողներին, եւ դպրոցներին: Չնայած մեզ հետ զրույցում ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նախորդ տարի 5,8-ից ցածր տարիքային խմբի երեխաներին չեն ընդունել դպրոց, փաստենք, որ առաջին դասարանում «ներքին կարգով» հայտնվել էին երեխաներ, որոնք 5,5 տարեկան էին: Ծնողները ոգեւորված էին, որ 1,5 տարի շուտ դպրոցն ավարտող իրենց րդիները հնարավորություն կունենան բ

ուհ չընդունվելու դեպքում, մինչեւ բանակ զորակոչվելը, հաջորդ տարին էլ դիմել: Տնօրեններն էլ մեծաթիվ փոքրիկների հաշվին ե՛ւ շատ աշակերտներ ունեցան, եւ պետությունից ավելի մեծ ֆինանսավորում ստացան:

«Որպեսզի այս երկու տարիքային խմբի երեխաներին առանձնացնեինք, պայմանականորեն էինք նրանց բաժանել ավագների եւ կրտսերների: Սա միայն անցյալ՝ անցումային տարվան բնորոշ մեթոդ էր: Այս ուսումնական տարվանից դպրոց կհաճախեն միայն 6 տարեկանները, որովհետեւ 7 տարեկան երեխաներն այս տարի արդեն երկրորդ դասարանում են»,- ասաց տիկ. Հովհաննիսյանը:

Անցյալ տարվա որոշ կրտսեր դասարանցիների ծնողներ էլ, տեսնելով, որ իրենց երեխաները լավ չեն յուրացրել ծրագիրը, ցանկություն են հայտնել, որ նրանք մեկ տարի էլ կրկնեն այն: Նման օրինակները շատ են. տիկնիկի ու խաղի մասին մտածող որոշ փոքրիկներ դեռ պատրաստ չէին դպրոցական դառնալ: Օրինակ, Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը փաստեց, որ իր դպրոցում ծնողի ցանկությամբ նույն դասարանում է մնացել 2 աղջիկ:

Որոշ դպրոցների տնօրեններ բամբասանքի մակարդակի դժգոհություն են հայտնում. «Եթե այս տարի պիտի փոքրիկներին չընդունեինք, ուրեմն սուղ պայմաններում էլ ինչո՞ւ հատուկ կահավորված դասարաններ բացեցինք»: «Այդպիսի տնօրենը աշխատելու իրավունք չունի, որովհետեւ չի հասկանում, որ այդ դասարանն այս տարի էլ է օգտագործելու՝ վեց տարեկանների համար»,- հայտնեց Ն. Հովհաննիսյանը: Հետո էլ հավելեց. «Անցյալ տարի տնօրեններին խնդրեցինք ներողամիտ լինել եւ սեփական միջոցներով դասարանների խնդիրը լուծել, մինչեւ կլինի պետական աջակցություն: Իսկ այս տարի պետությունը բոլոր դպրոցներին տարրական դասարանների համար հատուկ գույք եւ կահույք կտրամադրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել