Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ Ե՛Վ ԴՐՍՈՒՄ, Ե՛Վ ՆԵՐՍՈՒՄ»

Հունիս 21,2007 00:00

Ասում է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանը:

– Պրն Մարտիրոսյան, դուք անցյալ տարվա հունիսի 30-ից արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետն եք: Ինչո՞վ կբացատրեք այն, որ դուք լրատվամիջոցների հետ չհանդիպեցիք ձեր պաշտոնավարման 100-րդ օրը:

– Նշանակմանս հաջորդ իսկ օրվանից լրատվամիջոցներով հայտնել եմ պատրաստակամությունս՝ պատասխանել ցանկացած հարցի՝ ցանկացած ժամանակ:

– Ինչպե՞ս եք գնահատում քրեակատարողական համակարգում տիրող իրավիճակը:

– Հանրապետությունում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ: ՔԿՀ-ները վերահսկելի են, ամբողջությամբ գտնվում են մեր տեսադաշտում:

– Ինչպես առանձին ՔԿՀ-ների պետերը, այնպես էլ ձեր նախորդը չէր թաքցնում, որ ՔԿՀ-ները կառավարում են «հեղինակությունները»: Այդպե՞ս է:

– Մենք գիտենք, թե ովքեր են պահվում ազատազրկման վայրերում: Նրանց մեջ կան 1-10 անգամ դատվածներ էլ: Բնական է, որ դատապարտյալների համար կան չգրված օրենքներ: Սակայն մեզ համար գործում է մի օրենք. բոլորը պետք է ենթարկվեն մեր կարգուկանոնին: Հայտարարում եմ՝ չկան ակնարկված «հեղինակությունները», որոնք կկատարեն արարքներ եւ կմնան անպատիժ: Կան «հեղինակություններ» եւ դրսում, եւ ներսում, սակայն նրանց հարցում երբեք կաշկանդված չեմ եղել:

– Ի՞նչ փոփոխություններ են սպասվում քրեակատարողական հիմնարկներում:

– Այս տարվա վերջին կվերակառուցվի եւ շահագործման կհանձնվի Հրազդանի նախկին գաղութ-բնակավայրը: Կալանատունը նախատեսվում է 230-250 անձի համար: Իսկ 1200 դատապարտյալի համար Արմավիրի Չոբանքարա տարածքում կառուցվելու է քրեակատարողական նոր հիմնարկ, ուր, տեղեկացնեմ, տեղավորվելու են նաեւ «Նուբարաշենում» ներկայումս գտնվող ցմահ ազատազրկման դատապարտվածները:

– Պրն Մարտիրոսյան, նախորդ տարիներին ձեր համակարգից կադրերի մեծ արտահոսք նկատվեց: Ինչպիսի՞ն է պատկերը վերջին 1 տարվա ընթացքում:

– Աշխատանքի ընդունվելու համար 60 դիմում ունենք: Վերջին 1 տարում քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 420 աշխատակից: Թափուր հաստիքների վտանգ չկա, միայն «Վանաձոր» ՔԿՀ-ում կա համալրման խնդիր: Այս տարի կապիտալ վերանորոգում տեղի ունեցավ «Վանաձոր», «Էրեբունի» ՔԿՀ-ներում, կավարտվի բաղնիքի, սանհանգույցի ջրագծերի նորոգումը: Շինարարական աշխատանքներ կսկսվեն «Կոշում» եւ «Աբովյանում», որտեղ վիճակն անմխիթար է:

– Դուք անսպասելի շրջայցեր կատարու՞մ եք: Եվ, եթե այո՝ վերջին շրջայցի ժամանակ որտեղ՝ ինչ եք նկատել:

– Գոնե մեկ անգամ յուրաքանչյուր ամսվա ընթացքում վարչության պետի տեղակալը այցելություն կատարում է: Գրանցման մատյանում նշում է նկատված թերությունները: Անձամբ ինքս վերջին անգամ անսպասելի այցելել եմ «Սեւան» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ: Իմ այցին հետեւեց «Սեւանում» հիմնարկի պետի փոփոխությունը: Աշխատակիցներից մի քանիսն էլ տույժեր ստացան: Պարզվեց, որ դեղերի ոչ ճիշտ բաշխում է տեղի ունեցել, այսինքն՝ «չհիվանդներն» էլ էին օգտվել դեղերից: Իսկ «Նուբարաշենի» խցերից մեկում արգելված իրեր գտնվեցին:

– Պրն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում ծառայողական քննությունների ընթացքի եւ արդյունքների հրապարակայնացմանը: Այս տարի ինչքա՞ն եւ ինչի՞ համար են իրականացվել ծառայողական քննություններ:

– Մենք բաց ենք ծառայողական քննությունների հարցում: Այս տարվա 3 ամիսների ընթացքում 4 ծառայողական քննություն է անցկացվել: Մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ աշխատակցի՝ 120 օր անհարգելի աշխատանքից բացակայելու համար, ազատել ենք աշխատանքից: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մայիսի 22-ին ինքնասպան է եղել Արա Միհրանյանը: Փաստի առթիվ ընթանում է քննություն: Մեկ քննություն էլ «Աբովյան» ՔԿՀ-ում էր սկսվել. տեղի «Վստահության հեռախոսով» դատապարտյալից ստացվել էր ահազանգ՝ ՔԿՀ աշխատակիցների գիշերային ժամի մի «աղմկոտ» շրջայցի հետ կապված: «Սեւանում» էլ անվտանգության կրտսեր աշխատակիցները քաղաքացիների ներկայությամբ վիճել էին միմյանց հետ: Նշեմ, որ ազատ կապի մեջ ենք դատապարտյալների հետ, ցանկացած ահազանգ, հեռախոսազանգ ստանում է համարժեք արձագանք:

– Հայտնի է, որ դատապարտյալների աշխատանքի, զբաղվածության խնդիրը թիվ 1 հիմնահարցն է: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

– Կառավարության կողմից ստեղծված «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի միջոցով այս տարվա վերջին 300 դատապարտյալ ապահովված կլինի աշխատանքով: «Աբովյանում», ուր պահվում են կանայք, գործում է կարի արտադրություն, ՔԿՀ-ների սպիտակեղենն ու արտահագուստը կկարվի այնտեղ: Ախուրյանում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակման արդյունքում, մեկուսարանները կապահովվեն բանջարեղենով, կարտոֆիլով, Կոշում կգործարկվի կիսաթանկարժեք քարերի արտադրամաս, իսկ Սեւանում կզբաղվեն փայտամշակմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել