Հիվանդները մնում են առանց բուժօգնության, քանի որ առողջապահության նախարարությունը գումարների տրամադրումն ուշացրել է:
Արդեն 10-12 օր է՝ ինչ «Արմենիա» (հանրապետական), «Էրեբունի» եւ Նոր Նորքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում պետպատվերի շրջանակներում բուժում չի իրականացվում: Անգամ շտապ վիրահատության կարիք ունեցող հիվանդները, պետպատվերի բոլոր փաստաթղթերը ձեռքներին, հիվանդանոցների կողմից մերժվում են եւ չեն կարողանում որեւէ բուժում ստանալ: Հիվանդանոցների տնօրենները հիվանդներին պետպատվերով չսպասարկելը պատճառաբանում են նրանով, որ առողջապահության նախարարությունը դրա համար իրենց այս ամիս գումար չի հատկացրել: Երեկ «Առավոտի» հետ զրույցում պետպատվերով «Արմենիա» բժշկական կենտրոն դիմած հիվանդներից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ, բողոքում էր. «Եթե չի գործում անվճար բուժումը, թող պետպատվերի թուղթն էլ չտան: Գալիս-հասնում ենք այստեղ ու ոչ մեկը մեզ չի ընդունում: Թող ինչ-որ կերպ գոնե նախազգուշացնեն, բարեկամներին ենք դիմում, նեղություն ենք տալիս՝ մեզ տեղափոխեն հիվանդանոց, նորից հետ ենք դառնում: Ստիպված դիմում ենք այլ հիվանդանոցներ ու վճարովի բուժում ստանում»:
Երեկ մենք «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրեն Սերգեյ Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե այս 10-12 օրերի ընթացքում քանի հիվանդ է դիմել պետպատվերով բուժվելու եւ մերժվել է: Ըստ Ս. Պողոսյանի՝ «Մենք ոչ մեկին էլ չենք մերժում, պարզապես, եթե տվյալ դեպքը շտապ չէ՝ հետաձգում ենք 1-1,5 ամիս, երբ հիվանդանոցի ծանրաբեռնվածությունը մի քիչ կնվազի: Մենք անպայման ընդունում ենք շրջաններից եկածներին, քանի որ նրանք եկել-հասել են մայրաքաղաք, ինչպե՞ս ետ ուղարկենք: Ընդունում ենք նաեւ շտապ դեպքերը, երբ, օրինակ, բերում են կոտրվածքներով հիվանդների, ասենք՝ չե՞նք կարող ընդունել: Չենք մերժում նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին, չնայած մենք պետպատվերի պլանը գերակատարել ենք եւ շատ բուժումներ անում ենք հիվանդանոցի բյուջեի հաշվին»: Պրն Պողոսյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք մոտ մեկ շաբաթ առաջ գումար տրամադրելու պահանջով գրավոր դիմել են առողջապահության նախարարությանն ու Երեւանի քաղաքապետարանի առողջապահության բաժնին: Սակայն որեւէ պատասխան չեն ստացել:
Ի հեճուկս հիվանդների դժգոհություններին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը «Առավոտի» հետ զրույցում հերքեց, որ իրենց պետպատվերը վերջացել է. «Մեր հիվանդանոցում պետպատվերը գործում է եւ անխտիր բոլոր հիվանդներին ընդունում ենք»: «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն Ռոբերտ Ավագյանը նույնպես հավաստիացրեց, որ իրենք պետպատվերի հետ կապված որեւէ խնդիր չունեն՝ «ընդունում ենք բոլոր դիմողներին»:
Մեզ հետ զրույցում առողջապահության նախարարության ֆինանսական գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանը զարմացավ, ասելով, որ մեզանից առաջին անգամ է լսում պետպատվերի վերջանալու մասին: Սակայն նա հստակ ժամկետներ չնշեց, թե երբ կհատկացվեն պետպատվերի համար նախատեսված գումարները: