Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ Է՞Լ ՊԵՏՔ Է ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵՆ

Հունիս 21,2007 00:00

\"\"Պարզվում է՝ Գերմանիա մեկնելու համար դա անհրաժեշտ է

Հայաստանի քաղաքացիները շարունակում են բողոքել «Առավոտին» Գերմանիայի դեսպանատան աշխատանքից ու այդ դեսպանատան աշխատակիցների նվաստացուցիչ վերաբերմունքից: Բողոքողները հատկապես շատանում են ամռանը, երբ մարդիկ ուզում են արձակուրդն անցկացնել արտասահմանում:

Այդ դեսպանատունը մուտքի արտոնագիր (վիզա) է տրամադրում ինչպես Գերմանիա, այնպես էլ մի շարք այլ երկրներ, այդ թվում Հոլանդիա մեկնողներին, որովհետեւ Հայաստանում, ասենք, Հոլանդիայի դեսպանատուն չկա: «Ես Հոլանդիա էի ուզում մեկնել 1 ամսով՝ հանգստանալու, սակայն հանգիստս քթիցս բերեցին: Տանջանքներն ու ստորացումները սկսվեցին հենց առաջին իսկ օրվանից, երբ գնացի դեսպանատուն՝ անհրաժեշտ հարցաթերթիկը լրացնելու եւ տեղեկանալու, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ: Մի քանի ժամ արեւի տակ հերթ եմ կանգնել եւ ինձ հետ՝ եւս մի քանի տասնյակ մեկնողներ: Նրանց մի մասը եկել էր արդեն հարցազրույցի, բայց այնքան դանդաղ էին աշխատում ու մեկնել ցանկացողներին այնպիսի անկապ, գործին չառնչվող հարցեր էին տալիս, որ ամեն մի հարցազրույցը մինչեւ 1 ժամ էր տեւում»,- «Առավոտին» պատմեց Գերմանիայի դեսպանատնից տուժած 26-ամյա մի աղջիկ, որի անունը չենք հրապարակում: Նա չնայած դեսպանատուն է ներկայացրել բոլոր պահանջվող փաստաթղթերը, հրավիրող կողմի տվյալները, իր եկամուտների մասին վկայող թղթերը, այնուամենայնիվ, մերժվել է. «Այդ օրը, երբ ես դիմեցի դեսպանատուն, մերժում էին բոլորին, ոմանց անհեթեթ պատճառաբանություններ էին ասում, ոմանց ընդհանրապես հարկ չէին համարում մեկնաբանել, թե ինչու են մերժում: Օրինակ, ինձ արհամարհանքով նետեցին մի թերթիկ ու ասացին, որ մերժված եմ ու վերջ, ոչ մի բացատրություն: Ես վերջերս եմ վերադարձել Ֆրանսիայից, որը նույնպես շենգենյան երկիր է, ոչ մի խախտում չեմ թույլ տվել, եկել եմ ճիշտ ժամանակին ու արտերկրում էլ որեւէ բարեկամ չունեմ, ուստի ինձ համար անհասկանալի էր, թե ինչու հենց այնպես մերժվեցի՝ առանց հիմնավոր պատճառի»:

Հարցազրույցի ժամանակ վիզայի բաժնի աշխատակցուհին ամեն կերպ փորձել է մեկնել ցանկացող աղջկան համոզել, որ նա, ամենայն հավանականությամբ, փորձում է արտագաղթել, մեկնում է Հոլանդիա՝ ամուսնանալու ու դժվար թե հետ վերադառնա. «Այնպիսի հարցեր էր տալիս ու այնպիսի ապացույցներ պահանջում, որ ես զարմանքից ապշում էի: Օրինակ, ինձնից պահանջեցին ներկայացնել, թե ինչպես եմ շփվում հրավիրող կողմի հետ՝ եթե ինտերնետով, պետք է ներկայացնեմ այդ անձնական նամակները, եթե հեռախոսով ենք զրուցում, ապա պետք է ներկայացնեմ հեռախոսային զրույցները, իսկ թե ինչպե՞ս պետք է դա անեի՝ դժվար է պատկերացնել: Ուզեցին նաեւ դեսպանատուն ներկայացնեմ հրավիրողի ֆոտոները, որը նույնպես անհասկանալի պահանջ էր, եւ թե ինձ հրավիրողի արտաքինն ինչո՞ւ էր հետաքրքրել դեսպանատան աշխատակցին՝ այդպես էլ ինձ համար մութ մնաց»: Եվս մեկ անգամ դեսպանատուն դիմելու եւ հարցազրույց տալու համար մեկնողը պետք է նորից հերթագրվի, իսկ դա հնարավոր է՝ ամիսներ տեւի. «Ես ուզում էի արձակուրդներին հանգստանալ, իսկ կրկին դիմելու դեպքում արձակուրդներն արդեն ավարտված կլինեն»,- եզրափակեց երիտասարդ տուժողը:

Օրերս նույն դեսպանատունը մուտքի արտոնագիր չի տվել նաեւ 45-ամյա մի կնոջ: Նրա պատմելով՝ «դեսպանատան աշխատակիցն ինձ բառի բուն իմաստով ծաղրում էր եւ խելքը գլխին մի հարց չտվեց, որ պարզի, թե ինչու եմ մեկնում՝ նոր մերժեր: Օրինակ, ինձ հարցնում էր՝ բանակի հետ կապված պրոբլեմ չունե՞մ, ծառայե՞լ եմ: Գերմանիայի դեսպանատանը ես առաջին անգամ իմացա, որ պետք է բանակում ծառայած լինեի, որ չմերժվեի՝ Գերմանիա գնալու համար»:

Այս առնչությամբ ակնկալում ենք նաեւ դեսպանատան պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել