Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵՔ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Հունիս 21,2007 00:00

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն օրերս հերթական անգամ հայտարարել էր, թե «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին չի համարում ընդդիմադիր:

Արձագանքելով այս գնահատականին՝ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն «Առավոտին» ասաց. «Ցավով պետք է փաստել, որ քաղաքական դաշտում գնալով ավելի է շատանում տարիներ շարունակ ընդդիմության քողի ներքո թաքնված ծառայամիտ քաղաքական գործիչների թիվը, որոնք, որպես կանոն, օժտված են ճամբարափոխության ֆանտաստիկ կարողություններով: Եվ որպես այդ գործի ճարպիկ վարպետներ՝ հանուն իշխանություններին տեղի եւ անտեղի հաճոյանալու, քաղաքական դաշտն ապականելու, հասարակությանը ապակողմնորոշելու՝ պատրաստ են ամեն ինչի: Բնականաբար, այս տեսակին բնորոշ կենսակերպ ունեցողների դիմակները պատռվելու եւ ինքնաբացահայտվելու համար շատ ժամանակ պետք չէ: Նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, բոլորիս հայտնի պատճառներով իր «ընդդիմադիրի» դիմակը պատռեց նաեւ Շավարշ Քոչարյանը: Ավելի՛ն, վերջինս փոխանակ զբաղվեր իր կուսակցության քարոզարշավով ու տեր կանգներ իր որդեգրած «ընդդիմադիր սկզբունքներին»՝ հերթական անգամ անցնելով կշեռքի ծանր կողմը՝ ջանք ու եռանդ չխնայեց հանիրավի քննադատելու ՕԵԿ-ին ու նրա նախագահ Արթուր Բաղդասարյանին, ինչը շարունակում է անել մինչ այսօր: Վստահ եմ, որ նա այս ամենը կատարում է իշխանություններին հաճոյանալու ու հերթական անգամ էժանագին միավորներ վաստակելու համար: Շավարշ Քոչարյանը վաղուց է ցույց տվել իր իսկական դեմքը, եւ ժողովուրդը շատ լավ է ճանաչում, թե ով է նա իրականում: Ուղղակի զարմանում ես՝ չունենալով անգամ հանրային փոքրիկ աջակցություն, պարբերաբար պարտվելով ընտրություններում՝ մարդիկ դեռ քաղաքական դաշտում ամպագոռգոռ վերլուծություններ են անում ի շահ իշխանությունների: Չար լեզուներն ասում են՝ դեսպանի պաշտոն է ուզում. դե, տվե՛ք, էլի… գոնե քաղաքական դաշտն ապականողների թիվը մեկով կպակասի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել