Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն «թայմ աութ» չի վերցրել

Հունիս 21,2007 00:00

«Մենք համոզված ենք, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունն այսուհետ եւս կխորանա եւ կընդլայնվի»: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Օսկանյանի` Սիմոնսի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի կապերի հետագա զարգացման համար: Նա տեղեկացրեց, որ Սիմոնսի հետ քիչ ավելի վաղ ունեցած իր հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես ՆԱՏՕ-ՀՀ երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Մասնավորապես, Օսկանյանը Սիմոնսին տեղեկացրել է կարգավորման ներկա փուլի, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Կոսովոյի կարգավորման եւ Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի տեղակայման հետ կապված զարգացումներին: Օսկանյանը հերքեց ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը «թայմ աութ» է վերցրել բանակցային գործընթացում: Ըստ նրա, պաշտոնական Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է. «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները գոյություն ունեցող առաջարկների հիման վրա»: Ավելին, ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ հունիսի 9-ին կայացած Քոչարյան-Ալիեւ վերջին հանդիպմանը ի հայտ եկան հստակ նշաններ, որոնք վկայում են, որ հենց ադրբեջանական կողմն է փորձում է հրաժարվել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից: «Իհարկե, դեռ վաղ է այդ առումով վերջնական եզրակացություն անել. դրա համար ժամանակ է պետք»,- ասաց Օսկանյանը:

Իր հերթին, Սիմոնսը նշեց, որ Հայաստանի Ռազմական հայեցակարգի մշակումը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) կարեւորագույն բաղադրիչներից է: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն ՀՀ-ին կաջակցի ինչպես ինստիտուցիոնալ մակարդակում, այնպես էլ դաշինքի անդամ երկրների հետ երկկողմանի համաձայնագրերի շրջանակներում: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սիմոնսն ասաց նաեւ, որ էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցությունը չի խանգարում Հայաստանի հետ Դաշինքի հարաբերություններին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւան-Թեհրան հարաբերությունների սերտացման առնչությամբ մտահոգություն էր հայտնել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: «Առավոտի» հարցին ի պատասխան, Սիմոնսը նշեց, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է ԼՂ-ում հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակումը, եւ այդ համատեքստում ռազմական ճանապարհով կարգավորման հնարավորությունը չի կարող արդարացված լինել: Նա ասաց նաեւ, որ անձամբ ինքն իրատեսական չի համարում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել